Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«10։30-ին Հայկի վերջին զանգն էր՝ տղերքը շրջափակման մեջ էին ընկել»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Եղբայրը՝ Հայկ Հակոբյանի մասին

Լուսավոր ու բարի Հայկ Հակոբյանը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով անմահացած հերոսներից մեկն է։ Հայկն Արմավիրի մարզի Մերձավան գյուղից էր, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 19-ամյա հերոսը երզում էր ֆուտբոլիստ դառնալու մասին. «Հայկը շատ էր սիրում արվեստը, հատկապես նկարչությունը։ Փոքր ժամանակից համ նկարչության, համ խեցեգործության է գնացել, դհոլի էլ է գնացել, մինչեւ հիմա իր դհոլը մեր տանը դրված է։ Արվեստը ձգում էր եղբորս, սակայն նա երազում էր ֆուտբոլիստ դառնալու մասին։ Չորս տարեկանից զբաղվում էր ֆուտբոլով, խաղում էր Էջմիածնի ֆուտբոլի ակումբում։ Բազմաթիվ հաջողություններ է գրանցել ֆուտբոլում, առաջնությունների մասնակցել՝ պատվոգրեր եւ մի շարք այլ մրցանակներ ստացել»,- պատմում է Հայկի եղբայրը՝ Կառլենը։
Դպրոցն ավարտելուց հետո Հայկն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, սակայն չէր հասցրել դասերին մասնակցել, հենց նույն տարում բանակ էր զորակոչվել։ Հայկը նախ ծառայել է Արմավիրում՝ ուսումնական զորամասում, այնուհետեւ ծառայությունը շարունակել է Կապանում: «Հայկն ավագ հրաձիգ էր, ծառայության մասին միշտ դրական էր խոսում։ Երբ նա բանակ էր զորակոչվում, ես հոսպիտալում էի, վիրավորվել էի ապրիլյանի ժամանակ՝ կոնտուզիա ստացել ու բուժումս ընթացքի մեջ էր։ Ես ուրախ էի, որ Հայկը գնում է ծառայության»,- պատմում է հերոսի եղբայրը։

Հայկը առաջնորդ էր, համառ ու լի պայքարելու ցանկությամբ, մինչ ծառայության մեկնելը եղբորը խոստացել էր, որ վրեժխնդիր է լինելու. «Իրենք դիրքեր էին բարձրացել ինժեներական աշխատանքներ կատարելու նպատակով ու հենց այդ գիշեր էլ սկսվել է պատերազմը, ամբողջ գիշեր հնարավոր չեղավ իր հետ կապի դուրս գալ, առավոտյան 7-ին զանգեց, հետո՝ 10։30-ին, դա եղավ Հայկի վերջին զանգը՝ տղերքը շրջափակման մեջ էին ընկել…»։

Զինակից ընկերները պատմում են, որ Հայկի զենքի հետ խնդիր է եղել, մինչ այդ նահանջող տղերք են եղել, որոնք զենքերը չեն կարողացել իրենց հետ տանել, ինքը վերցրել է ուրիշի ПК-ն ու կրկին շարունակել իր կռիվը։

Հիվանդանոցներից մինչեւ Կարմիր խաչի գրասենյակ, դիահերձարաններ, հարազատներն ամեն տեղ փնտրել են տղային: «Մի տեսանյութ տարածվեց, որտեղ ադրբեջանցիներն իրենց դրոշն են կանգնեցնում հենց այն նույն դիրքում, որտեղ Հայկն էր, կադրերում գերիներից մեկի ձայնը նմանեցրել էինք Հայկի ձայնին, ենթադրեցինք, որ գերի է, բայց միեւնույն ժամանակ ամեն հնարավոր տեղ փնտրել ենք նրան»,- ասաց Հայկի եղբայրը։

Մի քանի օր փնտրելուց հետո Հայկին գտնում են Եղեգնաձորի դիահերձարանում: «Սեպտեմբերի 19-ին հայրս ու քեռիս են ճանաչել Հայկի դին։ Իր վրա մոտ կրակոց կար՝ ավտոմատից արված, բայց փորձաքննության ժամանակ ասացին, որ այդ կրակոցները մահվանից հետո են եղել։ Մահացու վիրավորումը ստացել էր կոկորդի հատվածում, դրանից հետո եւս 12-13 կրակոց է եղել…»,- նշեց Հայկի եղբայրը։

Հասմիկ ԱՆՏՈՆՅԱՆ