Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

10 փաստ Մարդու իմունային անբավարարության վիրուսի՝ ՄԻԱՎ-ի մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այդ կապակցությամբ մենք առանձնացրել ենք 10 փաստ, որոնք մի փոքր ավելին կպատմեն այդ հիվանդության վերաբերյալ։

1․ Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ)  հայտնաբերվել է 1983 թ․-ին իրարից անկախ երկու լաբորատորիաներում՝ Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտում՝ Լյուկ Մոնտանիեի և ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտում՝ Ռոբերտ Գալլոյի կողմից։

2․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշը կարմիր ժապավենն է, որը ՄԻԱՎ-ին նվիրված արշավների անբաժան ուղեկիցն է ամբողջ աշխարհում՝ որպես աջակցության, ապրումակցման ու առանց ՁԻԱՀ-ի ապագայի հույսի սիմվոլ։

3․ Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) վարակում է իմունային համակարգի բջիջները․ վարակը հանգեցնում է իմունային համակարգի պրոգրեսիվ հյուծման՝ խաթարելով օրգանիզմի՝ որոշ վարակներին ու հիվանդություններին դիմակայելու ունակությունը։

4․ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է, որը դրսևորվում է ավելի քան 20  օպորտունիստական հիվանդություններից, ինչպես նաև ուռուցքներից ցանկացածի առաջացմամբ։

5․ 2021 թ․-ի տվյալներով աշխարհում հաշվվում է 38,4 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1,7 միլիոնը երեխաներ են։ ՄԻԱՎ վարակակիրների ճնշող մեծամասնությունն ապրում է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։ 2021 թ․-ին ՄԻԱՎ վարակի 1,5 միլիոն նոր դեպք է գրանցվել։ Մինչ օրս ՄԻԱՎ վարակը մոտ 40,1 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել, որից 650 000-ը՝ 2021 թ․-ին։

6․ ՄԻԱՎ վարակը փոխանցվում է՝

  • ՄԻԱՎ-ով վարակված մորից պտղին՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ընթացքում,
  • անպաշտպան սեռական հարաբերությունների ժամանակ,
  • վարակված դոնորական արյան փոխներարկման ժամանակ կամ վարակված հյուսվածքի փոխպատվաստման ժամանակ,
  • վարակված ներարկիչների ընդհանուր օգտագործման ժամանակ, թմրամիջոցներ օգտագործելիս կամ դաջվածքներ անելիս,
  • վիրահատական վարակված սարքավորումներ կամ սուր գործիքներ օգտագործելիս։

7․ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում՝

  • Հազի, փռշտոցի միջոցով,
  • սննդամթերքի միջոցով,
  • ընդհանուր սպասքից և կենցաղային առարկաներից օգտվելու դեպքում,
  • ընդհանուր սանհանգույցից, լոգարանից օգտվելու դեպքում,
  • հագուստի և սպիտակեղենի միջոցով։

8․ Հակառետրովիրուսային թերապիան կանխարգելում է ՄԻԱՎ-ի վերարտադրումն օրգանիզմում․ ՄԻԱՎ-ի վերարտադրման կասեցման շնորհիվ օրգանիզմի իմունային բջիջներն ի վիճակի են ապրել ավելի երկար ժամանակ՝ պաշտպանելով օրգանիզմը վարակներից։ Արդյունավետ հակառետրովիրուսային թերապիան հանգեցնում է վիրուսային ծանրաբեռնվածության նվազեցման՝ նշանակալիորեն նվազեցնելով նաև դրանց փոխանցման հավանականությունը զուգընկերոջը։

Եթե ՄԻԱՎ վարակակիր զուգընկերն արդյունավետ հակառետրովիրուսային թերապիա է ստանում, ՄԻԱՎ բացասական զուգընկերոջը սեռական ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունը նվազում է 96 տոկոսով։

9․ ՄԻԱՎ վարակը տուբերկուլոզի ակտիվ ձևի զարգացման կարևորագույն գործոն է․ 2020 թ․-ի տվյալներով աշխարհում տուբերկուլոզ ունեցող 9,9 միլիոն մարդուց 8%-ը ՄԻԱՎ վարակակիր են եղել։ Այդ թվականին էլ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլոզից մահվան 214 000  դեպք է գրանցվել։

10․ Հայտնի մարդիկ, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից․ ՁԻԱՀ-ը խլել է մի շարք հայտնի մարդկանց կյանքեր, նրանց թվում են՝ աշխարհահռչակ երաժիշտ Ֆրեդի Մերկուրին, ամերիկացի դաշնակահար Վլադզի Վալենտինո Լիբերաչեն, բալետի պարող Ռուդոլֆ Նուրեեվը, թենիսիստ Արթուր Էշը, 80-ականների սուպերմոդել Ջիա Կարանջին, փիլիսոփա, Ֆրանսիայում հոգեվերլուծության առաջին ամբիոնի հիմնադիր Միշել Ֆուկոն։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Տվյալները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության