Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

12-ամյա շնորհաշատ երաժիշտ, գումարած լավ երաժշտություն ու Կոմիտաս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

12-ամյա շնորհաշատ երաժիշտ Ալեքս Գեւորգյանը երաժշտության հետ «եղբայրացել» է շատ վաղ տարիքից: Նա 3 տարեկանից դաշնամուր է նվագել, հետաքրքրված է եղել դասական երաժշտությամբ, ռոքով ու ջազով: Իսկ Կոմիտասը եւ մասնավորապես Պատարագը նրա վրա աննկարագրելի ազդեցություն են թողել:

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Ալեքս Գեւորգյանի առաջին՝ «Լուս Ա» ալբոմի շնորհանդեսն ու համերգը: Անդրանիկ ալբոմում ներառված են Կոմիտասի ստեղծագործությունների մշակումները, որոնք իրականացրել է Ալեքս Գեւորգյանը: Պատանի երաժիշտը, ում, մասնագետների գնահատմամբ, մեծ ապագա է սպասվում, ասաց, որ անընդհատ մեղեդիներ էր գրում ու թողնում, հետո եկավ  մի պահ, երբ իր խոսքով՝ գործերը լիարժեք դարձրեց Կոմիտասի հետ:

Ալեքսի հետ ելույթ  ունեցան Արտյոմ Մանուկյանը, «Տիեզերք» բենդը, Մանե Մինասյանը, Արսեն Ժամագործյանը, Արմեն Շահվերդյանը, Հեկտոր Կարդոսոն ու Սերգեյ Բալաշկովը: Համերգին պետք է հանդես գային նաեւ Արտո Թունչբոյաջյանն ու Միքայել Ոսկանյանը, սակայն առողջական եւ այլ պատճառներով ներկա չէին: Ալեքսը այլ երաժիշտների հետ եւ նրանց ձայնագրությունների զուգորդմամբ ներկայացրեց նախատեսված երաժշտական համարները՝ ինչ-որ կերպ փոխհատուցելով «բացը»:

Տաղանդաշատ պատանի երաժիշտն անընդհատ ներկայացնում էր իր հետ հանդես եկող երաժիշտներին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ունկնդրին ու ասաց, որ առանց դահլիճում նստածների՝ համերգը չէր կայանա:

Հավելենք, որ համերգին պատրաստվելուն ու  «Լուս Ա» ալբոմի ստեղծմանն աջակցել է Արմեն Շահվերդյանը, ում մոտ Ալեքսը կիթառ է սովորել: Արմեն Շահվերդյանը նաեւ ալբոմի երաժշտական պրոդյուսերն է, որտեղ ընդգրկված երգերը գործիքավորել է Ալեքս Գեւորգյանը:

Երեկոն ջերմ էր, դահլիճում անսահման դրական էներգիա կար, ու այդ ամենը երաժշտությանը սիրահարված ու մեծ բեմերի ապագա նվաճող Ալեքս Գեւորգյանի եւ նրա հետ հանդես եկած երաժիշտների շնորհիվ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ Թինա Գեւորգյանի

Լուսանկարները՝ հեղինակի եւ Ալեքս Գեւորգյանի էջից