Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

3 տարի առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը վերջ տվեց կյանքին. ինչու նա գնաց այդ քայլին

3 տարի առաջ այս օրը Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի դին: Նախկին ոստիկանապետի մահվան դեպքով հարուցվեց քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեն սպասում էր նրա առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին: Իսկ ինչ էին արձանագրել տան տեսախցիկները, մասնավորապես, ըստ մեզ հասած տեղեկությունների, այն, որ տանը հիմնականում երկու անձ է ապրել: Հայկ Հարությունյանը պարբերաբար զենքով դուրս է եկել բակ, շրջել:

Ինչ վիճակում հայտնաբերեցին գեներալ-գնդապետին

63-ամյա Հարությունյանի գլխի վրա հայտնաբերվել էր հրազենային վնասվածք։ Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ գեներալ-գնդապետը դեպքին նախորդող ժամանակահատվածում օգտագործել է զգալի քանակությամբ ալկոհոլ: Հարցաքննվել են վկաներ, այդ թվում և Հայկ Հարությունյանի հետ նույն առանձնատանը գտնված անձը։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, դիակի կողքին եղել է ատրճանակ և պարկուճ։ Քննչական կոմիտեն նաև հաղորդել էր, որ առգրավվել են նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել էր զննության: Ըստ իրավապահների, դեպքին նախորդող օրվա ընթացքում որևէ անձ, բացի առանձնատանը գտնվող երկու հոգուց, բնակարան մուտք չէր գործել: Ոստիկանության գեներալ-գնդապետի մահվանից հետո մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե դեպքից առաջ Հարությունյանը խոսել է Մարտի 1-ի գործի քննությունից, բողոքել է, թե իրեն պարտադրում են, որ սուտ ցուցմունք տա գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և արյունալի իրադարձությունների զոհերից մեկի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ։ Քննչական կոմիտեն հերքեց այս հրապարակումները՝ հայտարարելով, որ դեպքի վայրում Հարությունյանի հետ գտնված անձը հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Դեպքից ամիսներ անց

ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից վեց ամիս անց Քննչական կոմիտեն որոշել է քրեական գործով նոր փորձաքննություններ նշանակել։ Եվ, մեր տեղեկություններով, նշանակվել էին դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ: Իսկ ի՞նչն է այս փորձաքննությունների նշանակման պատճառը եղել: Ըստ ամենայնի, Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով տարբեր անձանց է հրավիրել հարցաքննությունների, որոնք պատմել են, որ նա ընկճված է եղել, նեղսրտել է իր շուրջ կատարվող իրադարձություններից: Այս եւ այլ վկաների ցուցմունքները ձեռքի տակ ունենալով՝ նախաքննական մարմինը ողջ նյութերը ամբողջացրել էր եւ, ինչպես կարգն էր ներկայացրել էր փորձագետներին: Քննիչը հարց է ուղղել փորձագետին՝ արդյոք այս խնդիրները կարող էին Հայկ Հարությունյանին դրդել գնալ ինքնասպանության: Եվ չի բացառվում, որ փորձագետները, ուսումնասիրելով քննիչների կողմից ներկայացված ցուցմունքները, բացասական պատասխան էին տվել: Եվ այժմ, նշանակելով այդ փորձաքննությունները, նախաքննական մարմինը փորձում է դուրս գալ փակուղուց։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե` ունեցած տեղեկությունները ճշտելու համար, որտեղից ի պատասխան՝ ՔԿ լրատվական բաժնից հայտնել էին . «Քրեական գործով նախաքննության բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու նպատակով նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն, եզրակացությունը դեռեւս չի ստացվել, նախաքննությունը շարունակվում է»: Սակայն այդպես էլ ոչինչ չբացահայտվեց եւ քրեկան վարույթը կասեցվեց:

Հարցաքննված հայտնի պաշտոնյաները

Վերջինիս գործով հարցաքննվել էին նախկին պաշտոնատար անձինք, մասնավորապես` ՀՀ նախկին ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը եւ այլ անձինք:

Ինչ արձանագրեց տեսախցիկը

«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 19-ին հրապարակել էր այն մասին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նախաքննական մարմինը սպասում է նրա առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին։ «Նախաքննական մարմինը սպասում է վերջին գործողությանը, որպեսզի իրենց տրամադրվեն ՀՀ նախկին ոստիկանապետի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացությունները։ Մասնավորապես, թե արդյոք տեսախցիկները պատշաճ են աշխատել, ով է ներս մտել, դուրս եկել, ինչ շարժ է տեղի ունեցել Հայկ Հարությունյանի տանը, որից հետո նախաքննության ավարտի մասին կհայտարարվի»:
Իսկ ինչ են արձանագրել տան տեսախցիկները: Մասնավորապես մեզ հասած տեղեկությունների համաձայն, տանը հիմնականում երկու անձ է ապրել: Հայկ Հարությունյանը պարբերաբար զենքով դուրս է գալիս բակ, շրջում եւ կրկին գնում տուն: Ուշագրավն այն է, որ Հարությունյանը հիմնականում բակ է դուրս գալիս զենքով:

Իսկ ահա դեպքի օրը եւ դրանից առաջ առանձնատուն այլ անձիք մուտք չեն գործել, իսկ դեպքի օրը նրա հետ աննձանատանը մնացող կինը շտապում է փողոց եւ օգնություն է խնդրում, վերջինս կանգնեցնում է Վազ 21 06 մակնիշի ավտոմեքենա եւ մեքենայում գտնվող անձիք շտապօգնություն են կանչում: Այլ որեւէ տարօրինակ բան տեսախցիկը չի արձանագրել: Ի դեպ, նախաքննական մարմինը նաեւ հարցաքննել է Վազ 21 06 մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներին: Ի վերջո ինչ ունենք 3 տարի անց, բազմաթիվ հարցաքննված անձիք, մի շարք փորձաքննություններ, որոնք, ըստ էության, մինչ օրս չտվեցին հիմնական հարցի պատասխանը, թե ի վերջո ինչու կամ ով հասցրեց Հայկ Հարությունյանին ինքնասպանության: Քրեական գործը կասեցված է:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան