Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

44-օրյա պատերազմից հետո 203 անձի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է, դրանցից 20-ը քաղաքացիական անձինք են. Աննա Մելիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Պաշտոնական տվյալների համաձայն, 203 անձի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է, դրանցից 20-ը քաղաքացիական անձինք են»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված՝ «Պատերազմի երկրորդ տարելից. միջազգային իրավունքի ի՞նչ գործիքակազմ է ներդրվել, ի՞նչ չի արվել եւ ի՞նչ է հնարավոր անել» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Մելիքյանը:

Այս եւ այլ տվյալներ ամփոփված են կազմակերպության եռալեզու զեկույցում, որը միջազգային ատյաններին է ներկայացվել, ընդհուպ մինչեւ ՄԱԿ: Նպատակը՝ պարզել այդ մարդկանց գտնվելու վայրը, ողջ լինել-չլինելու հանգամանքները եւ ջանալ նրանց վերադարձնել:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ հավելեց, որ զեկույցում անդրադարձ կա նաեւ ռասիզմին եւ էթնիկ ու մշակութային զտումներին, լրագրողներին թիրախավորելու եւ տարատեսակ այլ դեպքերին:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

«Այս պահի դրությամբ մենք չունենք ադրբեջանցի բարձրաստիճան ռազմական կամ քաղաքական գործիչ, որը կանգնել է դատարանի առջեւ: Բոլորս գիտենք, որ առանց նրանց հրամանատարության կամ առնվազն թողտվության, այսպիսի մասշտաբային պատերազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չէին կարող ծրագրվել եւ իրականացվել: Սա չի նշանակում, որ այդպիսիք ապագայում չեն լինի»,- իր խոսքում նման արձանագրում արեց Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Նա մանրամասնեց, որ անձին արդարադատության ներկայացնելը բավականին բարդ ընթացակարգ է, դրան նախորդող քրեական վարույթներ պետք է իրականացվեն. «Այստեղ հնարավորությունները շատ են, առաջինն այստեղ հասցեատեր կարող է լինել Հայաստանը, որի իրավապահ մարմինները՝ բացահայտելով կատարողներին, նույնականացնելով, միջազգային համագործակցության շրջանակներում կարող են հետապնդել եւ Հայաստանում անգամ դատապարտել ադրբեջանցի զինծառայողների: Իհարկե, հարաբերությունների բնույթը հասկանալով՝ այստեղ քաղաքականացման ռիսկեր կան, եւ իհարկե, հարց է առաջանում՝ ինչպե՞ս կկարողանան ՀՀ իշխանությունները Հայաստան բերել ադրբեջանցի զինծառայողի: Կարծում եմ՝ գրագետ աշխատանքի պարագայում դա հնարավոր է միջազգային գործընկեր երկրների միջոցով, եւ ինչու ոչ, նաեւ ուժի ցուցադրմամբ: Մենք առնվազն գիտենք միջադեպեր, երբ մի պետության անվտանգության ծառայությունները կարողացել են հատուկ օպերացիաներ իրականացնել այլ երկրի սուվերեն տարածքում, ձերբակալել, միգուցե առեւանգել եւ իրենց երկրում դատարանի առջեւ կանգնեցնել մեղավորներին»:

Երկրորդ իրական հնարավորությունն, ըստ Սիրանույշ Սահակյանի, այլ պետություններում համընդհանուր քրեական իրավազորության սկզբունքի հիման վրա հետապնդումներ իրականացնելն է: Իր փոխանցմամբ, միջազգային պրակտիկան այս առումով հուսադրող է. «Օրինակ, Սիրիայի միջադեպերով հանցագործներ դատապարտվեցին եւ ներկայումս պատիժ են կրում Գերմանիայում: Կան միտումներ, որ Արեւմտյան Եվրոպայի երկրները կարողանում են հետաքննել եւ երբ հանցագործության հետ առնչություն ունեցող անձինք հայտնվում են իրենց իրավազորության ներքո, անմիջապես քրեական հետապնդումներ են իրականացնում եւ ներկայացնում քրեական արդարադատությանը: Ուստի երկրորդ իրական հնարավորությունն այն է, որ այս անձինք կարող են հետապնդվել ու դատապարտվել մի շարք եվրոպական առաջադեմ երկրներում կամ աշխարհի այլ անկյուններում, որտեղ օրենսդրությունը հստակ սահմանափակումներ չի ունենա»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ