Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադես ու Թիֆլիսը (պատմվածք)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ադես սիրում էր երբեմն, ինչպես ինքն էր ասում, «լուն դավա սարքել»: Երբ տրամադրություն չէր ունենում, խնդրում էի, որ ինչ-որ բան պատմեր։ Մի քիչ տրտնջում էր, բայց սկսում էր բացել կծիկի ծայրը…

Նոր էր վերադարձել Թիֆլիսից. տխուր էր. անկողնում պառկած էր։ Գնացել էր Թիֆլիս՝ մեծ թոռան տուն, այնտեղ երկրորդ հարկից ընկել էր ցած՝ տան բակը, ճակատը խփել էր ցեմենտին։ Հիվանդանոցում երկու կար էին դրել։ Հայրս հորեղբորս մեքենայով նրան գյուղ բերեց։ Վիճակը վատ չէր, բայց ինքն իրեն հավատացրել էր,որ ծանր հիվանդ է և էլ դժվար թե անկողնուց վեր կենա։

-Ադե՛ ջան , ոնց որ թե մի քիչ լավ ես. էդ ո՞նց եղավ, որ էդ բարձունքից ընկար։

-Ախչի՛, դու չե՞ս տեսնի, օր ես խոսալու հավաս չունիմ։ Էլի՞ կբար յախիցս։ Գլուխս կֆռռա, չե՞ս տեսնի, օր աչքերիս առաջը կմթնի, էդքան արուն եմ կորցրե։ Քա ըստոնք էս ինչ անաստվաձ են, չեն հասկնա, օր ճագատս բացվել է։ Մինագ թե տեսնեիք. արունը կչռռար, էդ վրացի բժշկները մէ կերբըմ արունը կայնըցրին, մադներիս հաշվով կար են տվե։ Հեչ խաբար էլ չեմ էղե, չիդեմ ինչ սրսկին,խելքս գլխիցս առան։ Բողոք չունիմ Լենայիցս. ընձի վարդի պես կպայեր,ամենաթանկ բանը դեմս կդներ, մարդ ու կնիգ կնստեին կողքս, խորաթա կենեին։ Կըսեմ էդ Թիֆլիսը շատ կսիրեմ, ըբը էն Պեպոյի կինոն, էն անուշ նվագը։ Ամեն անգամ կնստիմ Սիմոնիս կողքն ու կաշեմ էրեխանց հետ։

-Ադե՛ ջան, մի քիչ պատմի՛ր այդ օրերի մասին։ Քեզ որևէ տեսարժան վայր տարա՞ն։

-Ախչի՛, չիդեմ քու ըսաձ տեսարժանն ի՞նչ է,բայց կրնամ ըսեմ, օր գնացինք մէ քանիմ լավ տեղ։ Լենաս ու իրա մարդը ընձի ցիրկ տարան։ Քա էդ ինչ սիրուն էր. կլոր, կարմիր տեղըմ էր։ Էդ վենձ արջը ինչըղ կպարեր իրա քոթոթների հեդ, ըբը օր էն քանդրբազը բարակ թելիմ վրով ելավ վիրև ու հասավ հարի առիքը (առաստաղը)։ Նստաձս տեղը լեղաճաք էղա, ըսի հմի կընգնի։ Մեգ էլ տեսմիմ՝ քանիմ հոգի էլ ավելցան. կթռնին ու կթռնին։ Մէ ծաղրածում կար՝ գլխարգը թարս դրաձ. ինչ մեյմունություն ըսես կեներ։ Վրեն լավ խնդացի։ Մեր ու մանուգ լցվել էին ըդեղ. վայթեմ ամենավենձը ես էի։ Կըսեմ. «Լենա՛ ջան,էսիգ էրեխոնց տեղն է,դուք ընչի՞ ընձի բերիք»։ Կըսե. «Ադե՛ ջան , դու էլ վենձ էրեխա ես, աշե ըդոնց ու ուրխըցի»։ Քա ըդուրով չպրձավ. մէ օրըմ էլ տարան էդ գազանների տեղը։ Սետկեկի մեջ փագած՝ իրանց հմար կաբրին։ Ես իմ կարճ խելքով կմդաձեմ, օր գազանը սար ու ձորը բդի վայելե։ Ըդիգ է իրա տեղը։ Մդիցս չի ելնի էն երգար վզերը. քա ըդման է՞լ աննորմալ կենդանի. վիզը ջանդգից երգար է։Ա՛յ մարալները իրանց ձագերի հետ. ըդոնց օր աշի,իմ էրեխեքս ընկան միտքս։ Մե առյուձըմ կար, ըմբես էր նստե, ինչըղ օր աշխըրի տերն էղներ։ Գլուխը բարձր՝սետկեկի եդևից կաշեր ժողովրդին. աշես ի՞նչ կմդաձեր։ Ի՞նչ ըսեմ, բալա՛ ջան, լավ էր,բայց վայթեմ քիչըմ շատ ուրխըցա, ըդուր հմար էլ զարգվա գեդին..․ Լսում էի ադեիս, նրա յուրօրինակ փիլիսոփայությունը, սիրուն մեկնաբանությունները, մեղանչումն ու արդարացումը և չէի փորձում ընդհատել։ Հազիվ էի զսպում ծիծաղս։ Ադես նայում էր ինձ աչքի տակով։

– Հա՛, բայց ո՞նց ընկար։ Կտուրը ու՜ր, դու ուր։

-Ա՛յ բալա ջան,էդ օրն էլ ամեն օրվա պես սովորագան ելանք քնանք։ Գիշեր էր,ըդման մութուլուս,ըսի ելնիմ, պուդըմ ջուր թափեմ։ Դուս էգա ու չիդեմ ինչըղ էղավ, հասկցա, օր ոդըս պլստաց ու գլխի վրա գնացի։ Էդ շրխկոցից Լենաս ու մարդը վազին. ինչ տեսնին. ադեի գլխին զուլում է էգե. գեդնին ընգած,արունը գյոլ է էղե ցեմենդին։ Մարդը հասավ, ընձի գրգեց, խելքս հըլը տեղն էր։ Լենաս մառլով գլուխս կսղմե, օր արունը կայնըցընե։ Դու մի ըսա՝ էդ վախտ մարդը վռազ բժիշկ է կանչե։ Մեգ էլ տեսնիմ՝ քանիմ հատ բժիշկ իրանց չամադանով նես մդան։ Գլուխս կաբին ու ընձի տարան իրանց մոդիկ հիվանդանոցը։ Կըսեն «мамаша, не волнуй». իմ սիրդը, ըստոնց խոսալը: Չեմ հասկնա՝ ինչ կըսեն. գիդեմ, թե գուզեն հեդս խորաթա էնեն։ Նոր Լենաս բացադրեց, թե ընձի կհանգստացնեն,կըսեն՝ մի՛ վախեցի։ Քա ի՞նչըղ չվախենամ. իմ տուն ու տեղից հեռու բըդի մեռնի՞մ։ Ըդման սրսկին,էլ բան չեմ հիշե։ Օր աչքերս բացի,Լենաս գլխիս վիրևը նստաձ էր. լացել էր։Կըսե՝ «Ադե՛ ջան ,քեզի հիմի տուն կտանինք, բժիշկները տուն գուկան»։ Մարդը լավ ավտոմ ուներ, ընձի գրգեց, դրավ ավտոն,տարան տուն։ Կհերսոդիմ, կըսեմ՝ ընչի՞ էգա էս Թիֆլիսը։ Իմ հարսն ըսավ. «Ադե՛ , մի՛ գնա,կովի ծնելու վախտն է,առանց քեզի դժվար կեղնի»։ Հեչ բանի տեղ չդրի իրա խոսքը,հըլը մտքիս մեջ էլ կմդաձեի, թե իրանց նոքարն են ընձի դարձրե։ Ա՛յ անխելք Եղսո,տեսա՞ր՝ ինչ էգավ գլխիդ։ Ըդոնց տունը գուլամ,կըսեմ,թե Սիմոնիս կանչեք, թող գա ընձի տանի,իրա ձեռով բուժե։ Քանիմ օր համբերեցի, մինչև կարերը հանին,Սիմոնս էլ էգավ, ընձի տուն բերավ։ էդ հալահալին կըսե. «Ադե՛ ջան, ես քեզի չէի ուզում բերեի,դու զոռով էգար,ըսիր թոռներիս կարոտցել եմ»։ Սիմոնս ճիշտ կըսե. գիդես թե սադանեն քաշեց , տարավ։ Լավ է, օր ոտ ու ձեռս չջարտի,կըսեն թևս քիչըմ ճաք է տվե։ Տիա Սիմոնս կաբել է, էրգու կողմից բարագ փեդ է դրե թևիս ու բնտով ձիգ փաթթել է։ -Ադե՛ ջան ,ընդամենը երկու կար են տվել, թևդ էլ հարվածից է. ոսկորը ցավ է առել։ Մի՛ մտածիր, շուտով կանցնի, ու էլի գոմի կենդանիներին կղեկավարես։

-Ախչի՛,դու ընչի՞ ընձի չես հավադա։ Ադեն էլ առաջվանը չի էղնի։Չես տեսնի՞, ընգա տեղաշոր,ինչքան օր ես եմ ձեզի պայե,հմի էլ դուք բըդի ընձի պայեք։ Բժիշկն ըսավ, օր ամեն առավոտ բըդի մեղր ու կարագ ուդես,օր ուժդ վերականգնվի։ Շադ արուն եմ կորցրել. էդ ինչքա՞ն արուն ունեի, օր կեսն էլ կորցրի։ Կտեսնի՞ս՝ ինչղ աբռսըզ եմ. ըդման վիրևից ընգա,ո՞վ գիդե՝ քանի՞ մետր էր, ու չմեռա։ Էս Աստվաձը մեգ- մեգ չիդե՝ ինչ կենե։ Օր բըդի ընձի սաղ թողնեիր,ընչի՞ վիրևից քցիր։ էլի կփորձե,տեսնի՝ ինչքան կրնամ դիմանամ։ Գուրգենիս ցավին օր դիմացա, հըլը վայթե շատ դիմանամ. ըդուրից էլ կվախենամ։

-Ադե՛ ջան,դու որ մամայիս լսեիր ու չգնայիր ,այդպես չէր լինի։

-Ա՛յ բալա,իսկ ես ընչի՞ բըդի քու մորը լսեի։Ճիշտն օր գուզես իմանաս,իրա ինադուն էլ գնացի։ Սաղ տարին ձեր դեմը կծառայեմ. հերիք չէ՞։ Ըսի էրթամ. ըդոնք էլ են իմը։ Համ էլ տարին մեգ աղջկաս` Արզունիս գերեզմանին գուզեմ չոքիմ ու լամ։ Ըդման ջայել -ջայել գնաց, էրեխեքը մնացին։ Էն պզդիգ աղջիկը սավսեմ քյորփա էր։ Իմ ջիգյարով Արզունս։ Պադերազմի վախտ օր իմացել էր՝ Սանասարս ըդման ծանդր վիրավոր Ռաստովի գոսպիտալն է, գնաց ախպորը Ռաստովից բերեց Թիֆլիսի գոսպիտալը, օր իրա քովը էղնի։ Հեդո էլ քանի ամիս պայեց , նոր ղրգեց Բագրավան։ Ամեն քուր ըդման բան չի էնե։ Արզունս ուրիշ էր։ Էրեխեքն էլ են մոր պես ջիգյարով: Լենայիս տունը ինչըղ օր թանգարան էղներ։ Հա, թանգարան ըսի՝ միտքս ընգավ։ Մէ լավ գիրք գրողըմ է էղե, օր ըսել է. «Աբրի՛ք, էրեխե՛ք ջան, բայց մեզի պես չաբրիք»։ Ա՛յ, ըդուր աբրած տունը տարավ Լենաս։ Էնբես սիրուն մարդըմ էր՝ բեղ ու մորուքով։ Կայնա, աշի ու կմդաձեմ, թե էս Թիֆլիսի ժողովուրդը ինչըղ կսիրե գիրք գրողին։ Հարևանը հարևանին միշտ էլ կսիրե,թիքեմ հացը հետը կկիսե։ Պապը կըսեր, օր շուդունց հայն ու վրացին իրար կողք կաբրին։ Սիմոնս էլ կսիրե Թիֆլիսը, Նոր տարվա մոդիկ վախտը կերտա ու ամեն ինչ կբերե՝ է՛լ մանդարին,է՛լ կառալյոկ,է՛լ չարազ։ Ընձի էլ ամեն տարի արխըլուղի ատրեզ կբերե նվեր։ Ախչի՛, Նեկտա՛ր, կըսես, թե ընչի՞ գնացիր։ Էդ տոնածառդ իրա պսպղուն խաղալիքներով հերըդ ու՞րդեղից է բերե։ Սաղ Թիֆլիսից քաշ կուդա կբերե։ Ըբը էն իմ սիրաձ կուկլեդ,օր աչքերը կբանա-կփագե, ինչըղ օր իսկագան էրեխա։ Կըսե՝ ընչի՞ գնացիր։ Ուզեցի , գնացի. դու ընձի կանտռոլ ե՞ս։ Ընձի կանտռոլ մինակ իմ հերն է էղե ,մեգ էլ Գիրքորը։ -Ադե՛ ջան,մի՛ նեղվիր,ես ուզում էի ասել՝ավելի լավ չէ՞ր կով կթեիր ,քան այս փորձանքը բերեիր գլխիդ։

-Ախչի՜,ես գիդեի՞, օր բըդի ընկնիմ։ Ըմբես էլ ուրախ-ուրախ կըսես. գընա՜, հեռեցի՛,թող ես իմ ցավով տապկվիմ։ Ադես խեղճ- խեղճ նայում էր դեմքիս։ Ինձ մի ծիծաղ էր բռնել. ոչինչ անել չէի կարող։ Որքան զայրանում էր, ես այնքան բարձր էի ծիծաղում։

-Սիմո՜ն,Սիմո՜ն ,արի՜ էս քու պզդիկ աղջկան տար. վրես կխնդա։ Կմդաձե, օր ադեն էլ ձվաձեղ չի կրնա էնե, ընգել է տեղաշոր։ Ինձ ոչինչ չէր մնում անել։

-Ադե՛ ջան, ամեն ինչ լավ կլինի, մի՛ մտահոգվիր,- ասացի ու դուրս վազեցի… Գնացի, բարձրացա վերևի սարը, դեղին անթառամներ քաղեցի,կավե ծաղկամանով դրեցի նրա մահճակալի կողքին.. Ադես միշտ ասում էր. «Աստծու տված են ծաղիկները»:

Նա ժպտաց, շնորհակալությամբ նայեց աչքերիս, փնտրեց հողաթափերը և մի կերպ իջավ իր մահճակալից։ Այո՛, բնությունը նրան ապրելու մեծ ուժ ու հավատ էր տալիս:

Նեկտար ՍԻՄՈՆԻ