Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ադրբեջանն անկեղծորեն չի կիսում մեր խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում:

Նրա ելույթը ներկայացված է ԱԺ կայքում։ 

«Հարգելի՛ գործընկերներ,

Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետևանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս կազմակերպության մեկ այլ ոլորտի վրա: 2021 թ. մայիսի 12-ից Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք սողացող ներխուժման գործընթաց:

Այդ պահից ի վեր Ադրբեջանի կողմից եղել է երեք խոշոր ռազմական հարձակում (վերջինը` այս տարվա սեպտեմբերի կեսերին), որոնց արդյունքում նրանց զորքերը գրավել են Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 180 քառ. կմ տարածք: Փաստ, որը տարօրինակ կերպով խոստովանել է անձամբ Ադրբեջանի նախագահը, ով բառացիորեն ասել է հետեւյալը. «Այժմ հայ ժողովուրդը գիտի, թե ինչ է նշանակում օկուպացիա եւ կորուստ»: Միջազգային հանրությունը նույնպես մեծապես հաստատակամ եւ միասնական է եղել իր գնահատականում՝ վերահաստատելով, որ ադրբեջանական զորքերը իսկապես ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք եւ պետք է տեղափոխվեն իրենց՝ մինչեւ մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը: Այսպիսով, որո՞նք են Ադրբեջանի հիմնավորումները նման բացահայտ գործողությունների համար:

1. Այս գործողությունները Հայաստանի մտացածին ռազմական սադրանքների արդյունք էին:

2. Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատված սահման չկա (գործնականում ենթադրում է, որ երկրների միջեւ գոյություն չունի սահման), ուրեմն որեւէ մեկին ներխուժման մեջ մեղադրելու հիմք չկա:

Բացի այն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, և ժողովրդավարական երկրները հակված չեն հարձակվելու իրենց հարեւանների վրա, ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այս անհիմն մեղադրանքների զուտ գործնական կողմի վրա: 2010 թ. մինչեւ 2021 թ. ներառյալ՝ Ադրբեջանի միջին ռազմական բյուջեն վեց անգամ գերազանցել է Հայաստանինը: Այսպիսով, այն, ինչին հավատալ ձեզնից ակնկալում են Ադրբեջանի մեր գործընկերները, այն է, որ իրենցից առնվազն 6 անգամ փոքր բանակը շարունակաբար ներգրավված է ռազմական սադրանքների մեջ: Սա վիրավորական է տրամաբանության և բանականության համար:

Սահմանազատված սահմանի բացակայության փաստարկն էլ ավելի անհեթեթ է և, ընդհանուր առմամբ, շատ վտանգավոր տեսանկյուն: Որովհետև, եթե երկու երկրների միջև սահման չկա, տարածքային ամբողջականության սկզբունքը, որը եղել է ադրբեջանական դիվանագիտության հիմնաքարը ԼՂ հակամարտության համատեքստում, լիովին անիմաստ է դառնում, քանի որ, եթե չկա սահման, ապա չկա ճանաչված տարածք: Եթե տարածք չկա, ապա ինչի՞ ամբողջականության մասին էիք խոսում վերջին 30 տարիների ընթացքում:

Հարգելի՛ գործընկերներ, ես կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար, բայց, ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը: Ուստի մենք կհամոզվենք, որ ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերները պատշաճ կերպով տեղեկացված լինեն Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ ակնկալելով համարժեք արձագանք Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ագրեսիվ գործողություններին:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ելույթը եզրափակել է Էդուարդ Աղաջանյանը: