Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ պետք է Ուկրաինային փոխանցի զենքի որոշակի տեսակներ, քանի դեռ ուշ չէ. ամերիկացի փորձագետների նամակը Բայդենի վարչակազմին

ATACMS հրթիռ / Reuters

Արտաքին քաղաքականության հարցերով մոտ երկու տասնյակ ամերիկացի փորձագետներ, այդ թվում՝ նախկին բարձրաստիճան դիվանագետներ և պաշտոնաթող զինվորականներ, կոչ են արել Ջո Բայդենի վարչակազմին տրամադրել Ուկրաինային անհրաժեշտ ամեն ինչ՝ Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթելու համար, այդ թվում՝ 300 կմ հեռահարությամբ հրթիռներ HIMARS համակարգերի համար:

«Միացյալ Նահանգները պետք է զինի Ուկրաինային, քանի դեռ ուշ չէ» վերնագրով բաց նամակը հրապարակվել է վաշինգտոնյան The Hill հեղինակավոր պարբերականում, գրում է BBC-ն։

Այն ստորագրած փորձագետները կարծում են, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները բավականաչափ զենք են տրամադրում Ուկրաինային «փակուղի ստեղծելու համար», սակայն դա բավարար չէ «ռուսական տարածքային ձեռքբերումները վերադարձնելու համար»։ Նամակի հեղինակների խոսքով, այս կերպ Սպիտակ տունը, թերեւս, «հաղթանակի ճիրաններից հանում է պարտությունը»։

Ինչպես հիշեցնում են նամակը ստորագրողները, Սպիտակ տունը վախենում է Կիևին զենքի որոշակի տեսակներ փոխանցելուց, քանի որ չի ցանկանում ուղղակի ռազմական հակամարտություն հրահրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև։ Նման «չափազանց զգուշավորությունը» հանգեցնում է նրան, որ «մենք ըստ էության նախաձեռնությունը տալիս ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և թուլացնում ճնշումը Մոսկվայի վրա՝ դադարեցնելու ագրեսիան և ավելի լուրջ վերաբերվելու բանակցություններին»,- գրում են հեղինակները։

«Անհրաժեշտ սպառազինությամբ և տնտեսական աջակցությամբ Ուկրաինան ունակ է հաղթել Ռուսաստանին»,- կարծում են նամակի հեղինակները։ Դրանք ներառում են HIMARS բազմակի հրթիռային կայաններ, որոնք, ըստ կոչը ստորագրողների, պետք է ուղարկվեն մեծ քանակությամբ, ինչը «առավելագույնի կհասցնի դրանց ազդեցությունը մարտադաշտում»։

«Ուկրաինան հեռահար զենքի կարիք ունի՝ կանգնեցնելու Ռուսաստանի առաջխաղացումը և կանխելու նրա ռեսուրսների, վառելիքի և զինամթերքի համալրումը»,- ասվում է նամակում։ «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ը պետք է 300 կմ հեռահարությամբ HIMARS համակարգի համար ATACMS հրթիռներ ուղարկին, ինչն անհրաժեշտ է Ուկրաինայի ողջ տարածքում, այդ թվում՝ օկուպացված Ղրիմում, ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու համար։

Ուկրաինան երկար ժամանակ ԱՄՆ-ից խնդրում է ATACMS հրթիռների մատակարարումներ, սակայն Բայդենի վարչակազմը հրաժարվում է դրանք տրամադրել Կիևին՝ վախենալով Ռուսաստանի տարածքին հնարավոր հարվածներից և դրա հետ կապված հակամարտության սրումից։

Նամակը, որը հրապարակվել է The Hill-ում, ստորագրել են Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին հրամանատարներ Ֆիլիպ Բրիդլավը և Ուեսլի Քլարկը, Պետդեպարտամենտում բարձր պաշտոններ զբղեցրած Կուրտ Վոլքերը, Պաուլա Դոբրիանսկին և Սթիվեն Սեստանովիչը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ և Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն, Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպաններ Ջոն Հերբստը և Մարի Յովանովիչը։

Ի պատասխան հրապարակման՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ Ուկրաինային տրամադրում է հաղթանակի համար անհրաժեշտ ամեն ինչ՝ ինքնապաշտպանության սկզբունքի հիման վրա։

«Միևնույն ժամանակ, մենք նաև հստակ հայտարարեցինք, որ ռուսական ագրեսիայի վերածումը ավելի մեծ հակամարտության և այս պատերազմի տարածումը Ուկրաինայի սահմաններից դուրս, կամ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պոտենցիալ հակամարտությունը Ռուսաստանի հետ հակասում է Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի շահերին, դա ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է Փրայսը։