Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալը կոչ է արել պատրաստվել Չինաստանի հետ պատերազմին

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Մայք Մինիհանը ստորադասներին ծառայողական գրառում է ուղարկել, որում ասվում է, որ ԱՄՆ-ը երկու տարի հետո պատերազմ կսկսի Չինաստանի հետ: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդել է NBC-ն՝ վկայակոչելով փաստաթուղթը:

«Հուսով եմ, որ կսխալվեմ, բայց իմ ինտուիցիան ասում է, որ մենք կկռվենք 2025 թվականին»,-Մինիհանի գրառումից մի հատված է մեջբերում հեռուստաալիքը։

Գեներալի խոսքով՝ Չինաստանը կփորձի օգտագործել 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունները՝ Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Գրությունը ուղղված է ռազմաօդային ուժերի մարտական ստորաբաժանումների բոլոր հրամանատարներին։ Դրանում Մինիհանը նաև հրամայում է իր ենթականերին մինչև փետրվարի վերջ զեկուցել ՉԺՀ-ի հետ ռազմական գործողություններին նախապատրաստվելու լայնածավալ միջոցառումների մասին։ Գեներալը նաև հորդորել է հրամանատարներին վարժանքների ժամանակ ավելի պատրաստ լինել ռիսկի դիմելու։

Ավիացիոն հրամանատարության ներկայացուցիչը հաստատել է հաղորդագրության իսկությունը։ «Նրա հրամանը հիմնված է անցյալ տարվա բեկումնային ջանքերի վրա՝ նախապատրաստվելու ապագա հակամարտությանը, եթե զսպումը ձախողվի»,-ասել է նա:

Թայվանի շուրջ իրավիճակը զգալիորեն սրվեց անցյալ տարվա օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա նախագահ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցից հետո: Չինաստանը, որը կղզին համարում է իր տարածքը, դատապարտեց Փելոսիի այցը՝ այդ քայլով տեսնելով Վաշինգտոնի աջակցությունը թայվանական անջատողականությանը, և անցկացրեց լայնածավալ զորավարժություններ։