Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անհապաղ պետք է փոխել բանակցողին, այդ դեպքում մենք կունենանք շանս. Վահե Հակոբյան

«Ակնհայտ է, որ այս պատերզմը դեռ շարունակվում է, հետևաբար՝ պարտություններն էլ են շարունակվում ու քանի երկրի ղեկին կան այս իշխանությունները, այս ամենը շարունակվելու է, մենք շարունակելու ենք պարտվել»,-Եռաբլուրում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը և հավելեց. «Ինչին հիմա մեզ դրդում են, թե հանրությունն իր լուռ համաձայնությունը տա, որ Նիկոլ Փաշինյանը գնա այդ վերջնական կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրման, այս ամենը խոսում է դրա մասին»:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններին՝ Վահե Հակոբյանն ասաց, որ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց դիրքորոշումները կհայտնեն, իսկ իր կարծիքով Տեր-Պետրոսյանը չափազանց վատատես է:

«Անհապաղ պետք է փոխել բանակցողին՝ երկրի ղեկավարին, այդ դեպքում մենք կունենանք՝ թեկուզ փոքր շանս չարյաց փոգրագույնով իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ իշխանափոխությունից հետո պետք է բանակցողների խումբ ձևավորվի, քանի որ այն մեկ մարդու ուժերից վեր է:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ԱԺ պատգամավորը հայտնեց, որ պետք է ճկուն քաղաքականություն վարվի, քանի որ երկիրը, պատկերավոր ասած, ականապատված դաշտով է քայլում և պետք է չափազանց զգույշ լինել քայլերի, բառերի և ընդհանրապես քաղաքականության մեջ:

«Արտաքին վեկտորը կտրուկ այս ու այն կողմ տանելը ոչ մի լավ բանի չի բերի»,- ասաց Հակոբյանը:

Պատասխանելով ՀՀ-ին ԱՄՆ-ի զենք վաճառելու օրինագծի մասին տարածված տեղեկատվության վերաբերյալ հարցին՝ պատգամավորը հայտնեց, որ եթե մենք ունենք զենքի խնդիր, ապա պետք է այդ առումով բոլոր աջակցողների՝ մեզ մեկնած ձեռքը սեղմել:

«Մնում է, որ այդ ձեռք մեկնողի նպատակները լինեն անկեղծ և բարի»,-հայտարարեց Վահե Հակոբյանը՝ նկատելով, որ այդ առումով դեռ ոչինչ տեսանելի չէ և տպավորություն կա, որ գերպետությունները իրենց շահերից ելնելով Հայաստանը կռվախնձորի նման մասնատում են:

Նա բնական համարեց այդ պետությունների նման վարքը և հավելեց.  «Այստեղ հիմնահարցն այն է, որ մենք մեր պետական և ազգային շահը չենք կարողանում առաջ տանել կամ բերել օրակարգ»