Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Անի թաղամաս՝ ամբողջապես ասֆալտապատ փողոցներով․ փոխվարչապետի խոստումը՝ գյումրեցիներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու նպատակով այսօր ՀՀ կառավարության անդամներից Գյումրի էր եկել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Լրագրողները նրանից հետաքրրքվեցին, թե վերջապես ե՞րբ Գյումրին կազատվի տնակներից, անօթևաններ չեն լինի, երկրաշարժի շունչն ու հետքերն այս քաղաքում այլևս չեն զգացվի։ Համբարձում Մաթևոսյանը, որը ևս ծնվել ու մեծացել է այս քաղաքում, ասաց․ «Ցավում եմ, որ 34 տարի անց Գյումրիում դեռ կան երկրաշարժից հետքեր, և, իհարկե, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ օր առաջ հետքերը Գյումրիում և առհասարակ Սպիտակում ու աղետի գոտում հնարավորինս շուտ վերացվեն»։

Նա անօթևանության խնդիրը մի քանի ուղղությունների բաժանեց՝ անդրադառնալով Շիրակի ողջ մարզի անօթևաններին։

«Անօթևանների խնդիրը պիտի բաժանել մի քանի տարբեր ուղղությունների․ նախևառաջ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած շահառուների հարցը մեծ մասը կարող եք համարել լուծված, բացի մի խումբ քաղաքացիներից՝ Ջրաձոր համայնքի 28 բնակիչներից։ Նրանք իրենց դիմումի համաձայն խնդրեցին, որ իրենց բնակարանի ապահովման խնդիրը լուծվի Կապս ջրամբարի կառուցման և համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում, որը մենք կսկսենք 2023 թվականին։

Ավարտին կարող ենք փաստել, որ ամբողջությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հարցը լուծված կլինի։

Իհարկե, կան դատական գործընթացներ և ավարտին, եթե պարզ դառնա կառավարությանը, որ կան դեռ շահառուներ, իհարկե, մենք պատասխանատվություն ենք կրում, իրենց խնդիրը նույնպես կլուծվի», -ասաց փոխվարչապետը։

Նա նաև նշեց, որ առաջիկա հինգ տարիներին Գյումրին կազատվի տնակներից։

«Հոկտեմբեր ամսին քաղաքաշինական կոմիտեն շրջանառեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք հինգ տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք նաև ոչ հիմնական շինությունների, տնակների հարցը։

Ցավոք սրտի, քաղաքում դեռ կան շատ տնակներ և տնակներում բնակվող ոչ բոլոր քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ։ Եվ այսպես, մենք գալիք տարվանից կսկսենք ծրագիրը և առաջիկա տարիների ընթացքում կլուծենք տնակների ու ոչ հիմնական շինությունների հարցը, իհարկե՝ առաջնահերթություն կտանք հիմնականում այն տնակներին, որոնք տեղադրված են պետական և համայնքային նշանակության հողամասերի վրա»։

Վթարային շենքերի մասին էլ փոխվարչապետը նշեց, որ 2024 թվականից կսկսվեն հիմնական աշխատանքներ, իսկ 2026 թվականին ողջ հանրապետության մասշտաբով վթարային շենքերի 70 տոկոսի հարցը պետք է լուծված լինի։

Համբարձում Մաթևոսյանն իր այսօրվա ճեպազրույցում հուսադրող մի նորույթ հաղորդեց Գյումրու ամենամեծ բնակելի թաղամասի՝ Անիի բնակիչներին։ Ծայրամասային այս թաղամասում բազմաբնակարան շենքեր են, այն կառուցվել է երկրաշարժից հետո, այստեղ է գտնվում Շիրակի պետական համալսարանը, բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ։ Թաղամասը, թեև բնակվելու համար հարմարավետ է, սակայն աննկարագրելի վատ վիճակում են փողոցները, դրանք ցեխոտ են, անանցանելի, կարծես ռմբակոծված։ Բնակիչներից շատերը ուզում են վաճառել իրենց տները հենց այն պատճառով, որ չեն կարողանում ոտք դնել գետնին։

Փոխվարչապետը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե կա՞ն նոր ծրագրեր Գյումրու զարգացման համար, թե այս քաղաքը պիտի մնա միայն զբոսաշրջության հույսին, ասաց․

«Իհարկե, կան, մեր հիմնական խնդիրը համարում ենք ենթակառուցվածքները։

Ինչպես տեղյակ եք, մենք Գյումրիում ունենք մի շարք ծրագրեր, ես կարող եմ թվել տասնյակ փողոցներ, որոնք վերակառուցվել են վերջին տարիների ընթացքում, մանկապարտեզներ, դպրոցներ։ Շարունակվելու է նաև գալիք տարում՝ 2023 թվականին։ 2023 թվականին մենք 28 փողոց վերանորոգելու ենք, ինչպես տեղյակ եք Անի թաղամասում, այս պահին էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, փորձում ենք տալ հիմնարար լուծումներ, այսինքն՝ ստորգետնյա ենթակառուցվածքներ, ասֆալտապատ ճանապարհ, մայթեզրեր և գալիք տարվա ավարտին կարծում եմ՝ Անի թաղամասն ամբողջությամբ կլինի ասֆալտապատված փողոցներով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ