Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ապատեղեկատվությամբ վախ ներշնչելն ու ներազգային բախումներ հրահրելը թշնամու՛ նպատակն է

Հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Հայրապետյանը գրել է․

Որպես ՀՀ Պաշտպանության նախարարության «Թշնամու թիկունքում տարվող հատուկ քարոզչության բաժանմունքի» երբեմնի պետ, այսինքն՝ թշնամու թիկունքում տարվող աշխատանքների մեթոդիկային որոշ չափով տիրապետող՝ ձեր թույլտվությամբ մի քանի նկատառում հայտնեմ:

Ինչպես ժամանակակից պատերազմում բուն հարձակումը սկսվում է հրետանային և այլ նախապատրաստմամբ, այնպես էլ իրական պատերազմից առաջ նախ մշակում են թշնամու ոչ միայն զինվորականության, այլև առաջին հերթին բնակչության հոգեվիճակը: Եթե այդ մշակումը չի հաջողվում, հարձակումը հաճախ հետաձգվում է կամ չեղարկվում: Այժմ Ադրբեջանի համար այդ թշնամին մե՛նք ենք՝ Հայաստանի քաղաքացիներս: Իրենց քարոզչամեքենան պետք է ձգտի իրականացնել լարում-տագնապ-խուճապ-վախ-կազմաքանդում հոգեբանական շղթան, ինչն իրենց տեսանկյունից միանգամայն ընկալելի է: Սակայն, ցավալի է, որ փոխանակ դա խափանենք՝ չտրվենք հոգեբանական այդ շղթայի գերությանը, երբեմն ինքներս ենք իրականացնում այն, ինչ թշնամին չի կարողանում անել մեր հրաշք ժողովրդի հետ: Հոգեբանական այդպիսի կազմաքանդված վիճակում բթանում և կենդանական վախի է վերածվում ընդհանուր վտանգի զգացողությունը: Իսկ վտանգի զգացողությունը կարող է և՛ համախմբման տանել, և՛ հակառակ ուղղությամբ՝ խուճապային անկազմակերպվածության, ինչն իր հերթին բերում է ներազգային փոխատելություն և բախումներ: Փոխատելությանը հասել են մեր տկարամիտ իշխանությունների և ընդդիմություն խաղացողների միջոցով: Մնում է բախումներ հրահրելը, որին անմիջապես կհետևի լայնամասշտաբ ագրեսիան մեր երկրի դեմ:

Այս գործելակերպը հայտնի է հազարամյակներից ի վեր: Գիտե՞ք՝ 1920թ. սեպտեմբերի 23-ին սկսված հայ-թուրքական պատերազմից առաջ թուրքերն իրենց եղբայր ռուսների միջոցով անկայունություն փորձեցին մտցնել Հայաստանում և ռուսական վարձկան հայ կոմունիստների միջոցով հրահրեցին «մայիսյան ապստամբություն» կոչված դավաճանությունը: 1920թ. մայիսի 1-ից մինչև սեպտեմբերի 23 հայ կոմունիստները զբաղված էին «հանուն հայ ժողովրդի» թռուցիկներ տարածելով, այսինքն՝ խուճապային և, վերջնահաշվարկում, պարտվողականության հոգեվիճակի բերելու գործով: Դա՛ է պատճառը, որ Կարսում ունենալով ավելի լավ զինված ու ավելի բազմաքանակ զորք, բերդաքաղաքը հանձնվեց, գերի ընկան երեք հազար խուճապահար զինվորներ, երեք գեներալ, փախուստի ճամփին մեռան հազարավոր խուճապահար կարսեցիներ: Եվ դա այն դեպքում, երբ դիմացից եկող թուրքը և՛ թվաքանակով, և՛ զինատեսակներով (մենք նույնիսկ սավառնակներ ունեինք) թույլ էր, բայց հանգիստ վերցրեց Կարսի ամբողջ մարզը, Սուրմալուի գավառը, Ալեքսանդրապոլը: Կարսի անկման մասին գրած ոչ խորհրդահայ բոլոր գիտնականները մեր պարտության առաջին պատճառ համարում են հենց հայերի ձեռքով իրականացված վերոնշյալ քարոզչությունն ու ներքին բախումներ կազմակերպելը, որը ոչ այլ ինչ էր, քան դավաճանություն:

Հիմա կրկին նույն թշնամու՝ ռուս-թուրքական դաշինքի գործակալների ձեռամբ նույն մեթոդն է կիրառվում մեր դեմ: Դրա համար ռուս-թուրքերին պետք են ընդամենը մի քանի խեղկատակ դավաճաններ և անզգույշ զանգված: Անշուշտ, պետք չէ ոտքը ոտքին գցած սուրճ խմող ու կեղծող արայիկհարությունյան կամ իրականությունը ժողովրդից թաքցնող «արծրուն» դառնալ, բայց և մահացու վտանգ ու մեղք է թշնամու օգտին կեղծելը՝ ապատեղեկատվություն տարածելը:

Թռուցիկներին այսօր փոխարինել են սոցցանցերն ու այլ մեդիապաշարներ, սակայն բուն էությունը չի՛ փոխվել: Չտրվենք «հանուն հայրենիքի» ռուս-թուրքական իրենց տերերի հրամանները կատարող հարճորդիների հոգեբանական գրոհներին: Մեր աշխարհագրական դիրքն ու միջազգային դասավորությունը մեզ հրահանգում են այս օրերին առավել զգոն լինել, բայցև չի նշանակում Սարգիս Կասյանի, Ասքանազ Մռավյանի, Ավիս Նուրիջանյանի… պես «պոռնկանալ բազում ջրերի վրա նստած հրեշի հետ»՝ առավել ևս հակառուս ձևանալով:

Պատերազմով թե առանց պատերազմ՝ Հայաստանի վաղվա օրը Լույսի հեղեղ է լինելու: