Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արմեն Վարդանյանը՝ Զախարովայի հայտարարության մասին․ «Հայկական կողմի համբերության բաժակը վաղուց արդեն լցվել է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է՝ Հայաստանում  ՀԱՊԿ-ի մասին քննադատությունները, որոնք հնչեցնում են առանձին քաղաքական գործիչներ, չեն նպաստում փոխընդունելի լուծումների որոնմանը, նման ապակառուցողական հայտարարությունները քիչ իմաստ ունեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, երբ ՀԱՊԿ-ը գործում քայլեր չձեռնարկեց,  Հայաստանում  բողոքի ցույցեր էին ընթանում, առանձին քաղաքական գործիչներ էլ կոչ էին անում ՀԱՊԿ-ի հետ մեր անդամակցումը դադարեցնել։

Զախարովայի  մասին Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանն ասում է՝ հայտարարության մեջ կա ե՛ւ վրդովմունք, ե՛ւ ակնարկ եւ  նման հայտարարություններն  առաջին անգամ չէ, որ ռուսական կողմից հնչում է թե՛պաշտոնական, եւ թե՛ փորձագիտական մակարդակով։

«Պետք է ասել, որ հայկական կողմի համբերության բաժակը վաղուց արդեն լցվել է եւ մենք այլեւս չպետք է բոլոր խնդիրները չտեսնելու տանք, կամ նման փորձ անենք։ Արդեն ժամանակն է հասցեական խոսենք այն բոլոր խնդիրների մասին, որոնք կան մեր դաշնակցի կամ դաշնակիցների հետ կապված»,-նշում է Վարդանյան։

Արդյոք Զախարովայի հայտարարությունից  հետո ռուսական կողմից  կրկին ոչ հայանպաստ գործողություն կիրականացվի, այս հարցին ի պատասխան Վարդանյանն ասում է՝ չեմ կարծում, որ նման գործողություն կհետեի, բայց չեմ էլ կարծում, որ հայկական կողմի հայտարարություններն ինչ-որ լուրջ, էական   հաջողությունների են բերելու։

Մարիա Զախարովան նաեւ ասել է՝ Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակում Երեւանի հետ համագործակցությունը գնահատում է արդյունավետ, իսկ կազմակերպությունում երկրի նախագահությունը համընկել է հատուկ սպառնալիքների ժամանակաշրջանի հետ։ Սրան արձագանքելով, Արմեն Վարդանյանն ասում է՝  ռուսական կողմը փորձում է փրկել ՀԱՊԿ-ի դեմքը, եւ իհարկե, ՀԱՊԿ ասելով բոլորը հասկանում են Ռուսաստան․«Ռուսաստանն  է այդ կառույցի շարժիչ ուժը եւ առաջին ջութակի դերում հանդես եկողը։ Դրա համար  ռուսական կողմն ամեն կերպ փորձում է փրկել ՀԱՊԿ-ի դեմքը։ Բայց ստեղծվել է մի իրավիճակ, որ այլեւս անհնար է փրկել ՀԱՊԿ-ի դեմքը։ Նույնիսկ կոնկրետ գործնական քայլեր չեն արվում ՀԱՊԿ-ի դեմքը փրկելու համար։

Եթե նախկինում հայ -ադրբեջանական պատերազմի ժամանակ ասում էին, թե Արցախը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք չէ, եւ որեւէ պարտավորություն չունեն, ապա այժմ, արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանը պարբերաբար ռազմական ագրեսիա է իրականացնում ՀՀ միջազգայնորեն   ճանաչված տարածքների նկատմամբ, շատ տեղերում սահմանը հատել, առաջ են եկել։ Նույնիսկ այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը  հայտարարել է՝ զորքերի հետքաշումը սկզբնական դիրքերին՝ սահմանային խնդրի կարգավորման միակ տարբերակն է։ Իրենք էլ են ընդունում, որ ադրբեջանցիները խախտել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանը եւ առաջ են եկել, ագրեսիա են իրականացրել Հայաստանի նկատմամբ»։

Քաղաքագետը կարծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հայկական կողմի հայտարարություններն էլ արդյունք չեն, եւ դժվար թե դրանք ազդեն, որպեսզի ռուսական կողմն իսկապես գործարկի ՀԱՊԿ-ը, եւ ոչ թե մշտադիտարկում անի, արդյունքներ  ներկայացնի եւ վերջ․«Ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ը լուրջ գործ կանի Հայաստանը պաշտպանելու համար։ Այդ կառույցի անդամ երկրները Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանը, եւ հետո, ՀԱՊԿ-ը ստեղծվել է Ռուսաստանի  աշխարհաքաղաքական շահերը սպասարկելու համար, այլ ոչ թե անդամ մյուս երկրների, եւ եթե Ռուսաստանին պետք է՝ նա ՀԱՊԿ-ն կներգրավի տարբեր գործողություններում,  ինչպես Ղազախստանի դեպքում էր, եւ եթե պետք լինի՝ հիմա էլ ՀԱՊԿ-ը գործառնական  առումով իր պարտականությունները կկատարի։ Բայց մենք տեսնում ենք, որ  ռուս-ադրբեջանական  հարաբերություններում վաղուց սիրավեպ է սկսվել, մեղրամիս է, եւ ՌԴ-ն  չի ցանկանում սանձել Ադրբեջանին, է՛լ չեմ էլ ասում՝ Ադրբեջանի դեմ կռվել։ Ընդամենը սանձել, չի կարողանում կամ չի ցանկանում։  Հետևաբար` ՀԱՊԿ-ի մասով որեւէ պատրանք չունեմ։ Սա մի անդեմ, ամորֆ կազմակերպություն է»։

Իսկ այդ դեպքում  Հայաստանն ի՞նչ անի ՀԱՊԿ-ում․ սա մի հարց է, որ վերջին շրջանում ամենաշատն է հնչում։ Քաղաքագետն ասում է, որ սա բարդ հարց է,  ինքը պատասխան չունի․«ՀԱՊԿ-ից դուրս գալն էլ է ռիսկեր պարունակում,  մնալն՝ էլ։ Դուրս գալու դեպքում, վստահ եմ, ՌԴ-ն պատժիչ գործողություններ կիրականացնի, կարող է պայմանավորվել Ադրբեջանի հետ եւ Արցախում մի նոր Փառուխ-2 օպերացիա իրականացնի կամ այլ բաներ։ Մյուս կողմից էլ ռիսկային է ՀԱՊԿ-ում մնալը, քանի որ շատ արեւմտյան  երկրներ չեն ցանկանում Հայաստանին զենք վաճառել կամ մատակարարել, քանի որ ՀԱՊԿ-ը  արեւմուտքի համար թշնամական կազմակերպություն է։ Ուստի, իրոք, պատային վիճակ է, ցավալի, որ գտնվում ենք ճահճում ու դուրս գալու նախանշանները չեն երեւում»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ