Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արթուր Ղազինյան. Օվերտոնի պատուհանները պետք է փակել

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.

«Օվերտոնի պատուհանները պետք է փակել ու դա պետք է անեն նախ և առաջ այս իշխանության ընդդիմախոսները.

Շատերդ լսել եք օվերտոնի պատուհանի մասին, որը օգտագործվում է հանրության շրջանում տաբուները կոտրելու և հակապետական թեզերը տարածելու համար:

Պարզ օրինակ. մի հիմար (ծախու արարած) կին հայտարարում է, որ «Արցախը հայկական չէր ու այն պետք էր վերադարձնել ադրբեջանին»: Հանրության առողջ մտածող հատվածը սկսում է սուր քննադատել այս կնոջը՝ դրանով իսկ տարածելով այդ դավաճանական թեզը և այն դարձնելով համընդհանուր քննարկման առարկա:

Արդյունքում ստանում ենք լայնորեն տարածված մի թեզ, որն այլ իրավիճակում ուղղակի չէր կարող գոյություն ունենալ, ինչը հմտորեն օգտագործվում է իշխանության կողմից հանրությունը պառակտելու և իր կատարած դավաճանական գործողությունները լեգիտիմցնելու համար:

Մեկ այլ օրինակ. մի հոգեկան հիվանդ կին տեսախցիկի առաջ ասում է, որ «ավելի լավ է թուրքերը գան մեզ մեր ու մանուկով կոտորեն, բայց նախկինները չվերադառնան»: Սա կատարյալ էշություն է, որը նույնիսկ չի կարելի լսել, ուր մնաց թե քննարկել: Բայց դյուրագրգիռ հանրությունը լծվում է այդ կնոջը քննադատելու և ակամայից այդ հիմարությունը տարածելու գործին: Արդյունքում հանրության մի զանգվածի մոտ ձևավորվում է կարծիք, որ «նախկինները ավելի վատն են, քան թուրքերը»:

Օվերտոնի պատուհանի միջոցով թշնամին վարկաբեկում է մեզ մեր աչքերում, առաջացնում խորը հիասթափություն մեր ժողովրդի նկատմամբ, ինչ որ տեղ նաև ատելություն մեդիա-ահաբեկչության տակ ընկած և ինքնուրույն մտածելու կարողություն չունեցող մարդկանց հանդեպ: Սա շատ վտանգավոր է, քանի նախ չունի օբյեկտիվ հիմքեր, և երկրորդը զրկում է պայքարելու և ինչ որ բան փոխելու մոտիվացիայից:

Ամփոփելով վերը նշվածը, իմ բոլոր ընկերներին, համախոհներին, ազնիվ ու հայրենասեր Հայ մարդկանց խնդրում, հորդորում ու պահանջում եմ դադարեցնել հիմարությունները տարածելը, քննադատելը, հայհոյելը, ժողովրդի մի հատվածին վիրավորելն ու անպատվելը:

Դրանով դուք ոչ մի բան չեք փոխում, նույնիսկ ավելին. ամրապնդում եք այս իշխանության դիրքերը, օգնում եք սրանց պառակտել մեզ, թշնամացնել իրար հետ և իրագործել իրենց ծրագրերը:


Դե իսկ հիմարներ ու դավաճաններ բոլոր ազգերում էլ կան . . .

Հ.Գ. Արդյունավետ ու անվտանգ շաբաթ եմ մաղթում բոլորիս»։