Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Արտաուսումնական հաստատությունները միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա». Արաքսիա Սվաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ազգային ժողովի նախաձեռնությամբ փետրվարի 3-4-ը կազմակերպվել է «Ոչ ֆորմալ ուսուցման արտադպրոցական դաստիարակության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, լուծման ուղղությունները» թեմայով աշխատանքային քննարկում, որտեղ բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (ԱԴԴ մանկավարժական աշխատողների ատեստավորման և մի շարք լիազորող նորմեր) ներկայացման շուրջ ծավալված քննարկմանը զեկույց է ներկայացրել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, որը հակիրճ խոսել է նախատեսվող բարեփոխումների նպատակներից:

«Արտադպրոցական կրթության կարգավորմանը վերաբերող դրույթներում առկա էին որոշակի անհստակություններ, որոնք թույլ չէին տալիս միասնական մոտեցում ցուցաբերել ոլորտում իրականացվող փոփոխություններին: Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից մշակվել է կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկներ, որոնք հնարավորություն կտան ունենալ լիազորված մարմիններ, որոնց միջոցով կկարգավորվի արտադպրոցական  ուսումնական հաստատությունների մանկավարժների մասնագիտական զարգացման գործընթացը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալն անդրադարձել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, մարզիչների, խմբավարների և մանկավարժական ամբողջ կազմի կամավոր ատեստավորման անհրաժեշտությանը, որը վարձատրության բարելավման հնարավորություն կտա. «Հարկ է նշել, որ արտադպրոցական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր կառույցների ենթակայության տակ, ուստի, պայմանավորված աշխատավարձերի անհամաչափությամբ, մի շարք խնդիրներ կան: Արդյունավետ համակարգելու համար դրանք միասնական դաշտ բերելու անհրաժեշտություն կա»:

Արաքսիա Սվաջյանը քննարկման մասնակիցներին նաև ներկայացրել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուստարվա մարդկային ռեսուրսների վերաբերյալ որոշակի տվյալներ ու դրանց հիման վրա արված վերլուծության արդյունքները:

Երաժշտական, գեղարվեստի և մանկապատանեկան-ստեղծագործական շուրջ 240 դպրոց ու կենտրոն է գործել նախորդ ուստարում, որոնցից 50-ը՝ Երևանում: Գործող 174 մանկապատանեկան մարզադպրոցներից 13-ը ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ է եղել, 39-ը՝ Երևանի քաղաքապետարանի: Արվեստի ոլորտի դպրոցներում ու կենտրոններում 5.099 մանկավարժ է դասավանդել, մարզադպրոցներում՝ 2.104:

Նախարարի տեղակալը նշել է, որ հանրային քննարկման ներկայացված կամավոր ատեստավորման կարգի նախագծով՝ 70-ից ավելի միավոր հավաքած մասնագետները որոշակի լրավճար կստանան. 90-100 տոկոսի դեպքում՝ 138.300 դրամ լրավճար ստանալու հնարավորություն կընձեռվի, 80-89 տոկոսի դեպքում՝ 111.500 դրամ, 70-79 տոկոսի դեպքում՝ 80.600 դրամ:

Արաքսիա Սվաջյանը հավելել է, որ  բարեփոխումներով նախատեսվում է նաև գործընթացում ներգրավել ոլորտում չաշխատող մանկավարժներին, ինչը հնարավորություն կտա լուծել նաև կադրերի համալրման խնդիրը:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ