Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հարցը չի կարող փակված լինել, Նիկոլ Փաշինյանը չլինի, ով ուզում է լինի

Lragir.am-ի զրուցակցին է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

Տիկին Կարապետյանց, Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ է՝ շրջանառության մեջ են դրել թեզը, թե միջազգային հանրությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։ Այս փուլում, երբ փակ է Արցախը Հայաստանին կապող միջանցքը, միջազգային հանրության արձագանքն ու հայտարարություններն ի՞նչ են ցույց տալիս։

Իրականում ես տեսնում եմ անհամապատասխանություն։ Եթե իսկապես միջազգային հանրությունը համարում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, ապա ես տրամաբանական կապը չեմ տեսնում՝ ինչո՞ւ են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը համարում կյանքի ճանապարհ։ Թող դեպի Ադրբեջան տանող ճանապարհը համարեին կյանքի ճանապարհ, եթե իսկապես համարում են, որ Արցախի հարցը վերջնականապես լուծվել է։ Ես չեմ պնդում, որ ամբողջ աշխարհը համարում է, որ Արցախը Հայաստանի մաս է, կամ ինքնուրույն միավոր է, բայց ես պնդում եմ, որ համապատասխանություն չկա մեր իշխանությունների և միջազգային հարթակներում տարբեր խաղացողների արված հայտարարություններում։ Եթե Արցախում կյանքը, հայության լինել-չլինելը կապում են Հայաստանի ճանապարհի հետ, նշանակում է՝ հասկանում են, որ Արցախը որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ինձ համար այդ տրամաբանական գիծը պարզ է։

Հայաստանի իշխանությունները նաև խոսում են այն մասին, որ Արցախի հարցը արցախահայերի իրավունքների մասին է ընդամենը։ Մյուս կողմից, օրինակ, ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից կան հայտարարություններ, որ Արցախի հարցը լուծված չէ, և հղում է արվում միջազգային մեխանիզմներով հիմնախնդրի լուծման անհրաժեշտությանը։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

Շատ կարևոր է, որպեսզի մեր իշխանությունները հստակեցնեն, թե կոնկրետ ո՞վ է մտնում իրենց ասած միջազգային հանրության մեջ, ովքեր Արցախի հարցը փակված են համարում։ Շատերի համար տեսանելի է ընդամենը մեկ-երկու երկիր, որոնք Արցախի հարցը վերջնական փակված են համարում։ Դա Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ուրիշ ոչ մի երկիր այս հարցի վերջնական լուծման մասին չի խոսել։ Մենք իսկապես այսօր ունենք բացառիկ հնարավորություն, այսպիսի հնարավորություն երբեք չենք ունեցել 30 տարիների ընթացքում։ Հայերի նկատմամբ խտրական վերաբերմունքը, տոտալ ատելությունը, բռնությունը, վայրագությունները, խոշտանգումներն այսքան ակնհայտ խստացված ու հանրայնացված չեն եղել։ Այսինքն՝ այսպիսի շանս, որը մեզ տալիս է Ալիևը՝ Արցախի հարցը հայանպաստ ճանապարհով տանելու համար, երբեք չենք ունեցել։ Եվ հիմա այս պայմաններում խոսել այն մասին, թե Արցախի հարցը փակված է․․․ Այս հարցը չի կարող փակված լինել, 120 հազար և ավելի հայի ճակատագիրը չի կարող փակվել մեկ հոգում կամքով։ Նիկոլ Փաշինյանը չլինի, ով ուզում է լինի, չի կարող գրչի մեկ հարվածով հրաժարվել Արցախից։ Այլ հարց է, որ նաև Արցախի իշխանություններից ունենք շատ տարօրինակ հայտարարություններ, որոնք հենց արցախցիների շահերից չեն բխում։ Արցախի իշխանությունները շատ վատ վարքագիծ են դրսևորում, բայց մյուս կողմից ես հասկանում եմ, որ փաստացի օկուպացված են, ճնշումների ներքո են, մահվան ու կյանքի շեմին են, դրա համար շատ պահանջներ չունեմ նրանց նկատմամբ։

Ինչո՞ւ է պատերազմից հետո ՀՀ իշխանությունը շրջանառության մեջ դրել այս թեզը, որ միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցով իջեցնել նշաձողը։

Դժվարանում եմ ասել, որովհետև գործող իշխանությունների գործողության կամ անգործության տրամաբանությունը դադարել եմ հասկանալ, որովհետև շատ դեպքերում չկա տրամաբանություն։ Բայց խոսքը միայն իշխանությունների մասին չէ, նաև իշխանությանը մոտ շրջապատի մասին է, որը հետևողականորեն փորձում է այդ միտքը շրջանառել։ Դա շատ վտանգավոր է, որովհետև հասարակության շրջանում անկումնային տրամադրություններ է ստեղծում, մարդիկ հուսահատություն են ապրում։ Այս 30 տարվա պայքարից հետո մարդիկ հոգեպես կոտրվում են, այդպես չի կարելի։ Այս պայմաններում, որը մեզ համար այսօր ստեղծել է անմեղսունակ Ալիևը, պետք է շրջանառել թեզը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ես չեմ պատկերացնում, ո՞նց կարելի է այս պայմաններում հրաժարվել Արցախից կամ այլ նարատիվներ առաջ տանել։