Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը. Դավիթ Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել Մադրիդում՝ Սոցիալիստական ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի ընթացքում

ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին: Պատվիրակության կազմում է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը: Նստաշրջանին Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել «Խաղաղության ապահովում և ժողովրդավարության ուժեղացում» օրակարգային հարցի շրջանակներում: Ստորև ներկայացնում ենք ելույթը.

Հարգարժան նախագահող, Սոցինտեռնի համագումարի հարգելի՛ մասնակիցներ,

Ես իմ ողջույնի խոսքն եմ ուղղում ձեզ՝ որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և ազատության, արդարության և մարդկային համերաշխության համար պայքարի առաջին գծում կանգնած գաղափարի զինվոր:

Տարիներ առաջ Սոցինտեռնի հարգարժան գլխավոր քարտուղար ընկեր Այալան, իսկ կազմակերպությանն անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչները՝ անցած տասնամյակների ընթացքում, այցելել են իմ հայրենիք Արցախ, իրենց աչքով են տեսել 30 տարիների ընթացքում արյունով և քրտինքով ձևավորված պետությունը, որի կազմավորման գաղափարական հիմքը եղել են ազատության ու արդարության գաղափարները, սկզբունքներ, որոնք ընկերվարական գաղափարախոսության հիմնասյուներն են: Արցախը միշտ եղել է հայկական:

Պատմության տարբեր դարաշրջաններում թեև փոխվել են ճնշող, հարստահարող համակարգերն ու պետությունները, սակայն Արցախը երբեք չի կորցրել իր հայկակականությունը, Արցախում միշտ էլ եղել է հայկական կառավարման համակարգ:

18-րդ դարի սկզբներին սկսված ազգային-ազատագրական պայքարը արցախահայության համար ստեղծեց բարենպաստ պայմաններ ու հիմքեր այն շարունակելու 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում, ձևավորել անկախ պետականության համար բավարար նախադրյալներ, ինքնուրույն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու քաղաքական կամք: 1917-1921 թվականներին Արցախում արդեն գործում էին պետական միավորներ, և մեր ժողովրդի կամքն էր միավորվելու մայր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը:

Քաղաքական խարդավանքները, բռնապետների միջոցով նենգաբար գծված քարտեզները պատճառ են դարձել, որ ստալինյան-բոլշևիկյան բռնապետության տարիներին մեր հայրենիքի կարևոր հատվածներից Նախիջևանը և Արցախը կցվեն Խորհրդային Ադրբեջանին: 1923թ. Խորհրդային միության կոմունիստական կուսակցության անհիմն որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին:

Իհարկե, 70 տարիներին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը ոչինչ չի խնայել ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում իրականացնելու պանթուրքիստական նկրտումներից ելնող ցեղասպանական քաղաքականություն՝ բնիկ ժողովրդին զրկելով իր հայրենիքում ազատ ապրելու արդարացի իրավունքից:

Պետք է խոստովանել, որ Նախիջևանի պարագայում Ադրբեջանին հաջողվել է իրականացնել սպիտակ ցեղասպանություն: Ինչպես գիտեք, այնտեղ այսօր հայեր չեն բնակվում, դեռ ավելին, անխնա ոչնչացվում են հազարամյակների ընթացքում մշակութային համաշխարհային արժեք ունեցող կոթողներ, հուշարձաններ, խաչքարեր՝ նպատակ ունենալով իսպառ ջնջելու հայկական հետքը Նախիջևանից: Ի դեպ, Ադրբեջանն այսօր էլ շարունակում է նույն գործելաոճով առաջնորդվել բռնագրավված Արցախի Հանրապետության տարածքներում:

1920-ական թվականներից Արցախը Սովետական Ադրբեջանի մաս կազմելուց հետո չդադարեց ազատության համար իր պայքարը: Ազգային-ազատագրական պայքարը տարբեր դրսևորումներով 70 տարի որպես կրակի մոխիրների տակ մնացած կայծեր պահպանվեց յուրաքանչյուր արցախցու հոգում և փոխանցվեց հաջորդ սերունդներին:

Խորհրդային միության փլուզման շեմին, երբ ձևավորվում էր ազատության ու անկախության պայքարի համար համապատասխան մթնոլորտ, Խորհրդային միության համակարգում բռնապետության կողմից գծված սահմանների ջնջման առաջին քայլը կատարեց արցախահայությունը:

1988թ. սկսած Խորհրդային միության սահմանադրության և գործող օրենքների պահանջով 1991 թ. սեպտեմբերի 2-ին նախ և առաջ Արցախը հայտարարվեց որպես առանձին հանրապետություն՝ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս, ապա Հայաստանի և Արցախի գերագույն խորհուրդների միջոցով հաստատվեց երկու հանրապետությունների միավորումը:

Դրանից հետո տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության համար հանրաքվեն, որին առիթ ունեին մասնակցելու նաև Արցախի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիները:

Հանրաքվեի արդյունքում (ավելի քան 95 %) Արցախի ժողովուրդն ինքնորոշվեց՝ ի լուր աշխարհի հայտարարելով անկախ պետականության կերտման վճռական կամքը: Արցախի ժողովրդի այս օրինական պահանջը չընդունվեց Ադրբեջանի կողմից, իսկ հակազդեցությունը եղավ դաժան. Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայերի նկատմամբ կրկնվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության պատկերները: Այդ ժամանակ ես ուսանող էի մայրաքաղաք Ստեփանակերտի պետական համալսարանում: Երբեք չեմ կարող մոռանալ տուն-տեղ կորցրած, հարազատին իր աչքի առաջ դաժանորեն մորթած կնոջ և երեխաների պատկերները, ովքեր, մազապուրծ փախուստի դիմելով, հավաքվել էին Ստեփանակերտի հրապարակում և ապաստան էին որոնում: Մեզ այլ ելք չէր մնում, քան ցեղասպանությունից փրկվելու համար կազմակերպելու ինքնապաշտպանություն:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ իմ հարազատ կուսակցությունը, առաջինն էր, որ կանգնեց Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կողքին:

Ոտքի էր հայ ժողովուրդը, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ձեռնարկված ագրեսիան չկոտրեց մեր ոգին, մենք կարողացանք հիմնել ու կառուցել օրենքի գերակայության պետություն:

Այո՛, մեր նորանկախ միջազգայնորեն չճանաչված պետությունն ուներ թերություններ, սակայն զարգացման ընթացքն անկասելի էր, քանի որ որդեգրել էինք ժողովրդավարական սկզբունքներով ու համաժողովրդական հանրաքվեով անկախության ճանապարհը՝ ընդունելով Սահմանադրություն, համապետական ընտրություններով ձևավորելով օրենսդիր և գործադիր իշխանություններ, տարեցտարի բյուրեղացնելով դատաիրավական համակարգ՝ ժողովրդի վստահությամբ զարգացնելով տեղական ինքնակառավարման ինստիտուտը:

Դժբախտաբար, մեր թշնամիները ևս անգործ նստած չէին. ամեն գնով իրենց չպատկանող երկիրը զավթելու նկրտումները չէին մարել: 2020թ. սեպտեմբերին օգտվելով միջազգային ասպարեզում առաջացած պատեհ առիթից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ծայրահեղ իսլամական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային նորմերն ու հատկապես զենքի ուժի և ուժի սպառնալիքի միջոցով հարցերը կարգավորելու անթույլատրելիության սկզբունքը, դրժելով իր խոստումներն ու պարտավորությունները միջազգային հանրության առջև, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ուղղակի ագրեսիայի միջոցով սկսեց պատերազմ: Բռնազավթեց տարածաշրջանում ազատության ու արդարության համար պայքարի խորհրդանիշ դարձած Արցախի Հանրապետության տարածքի ավեի քան 75%-ը: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվել են արգելված զինատեսակներ, ֆոսֆորային ռումբեր, դաժանաբար գնդակահարվել և մորթվել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ, խեղվել են հայ զինվորների մարմինները: Այս բոլորը փաստագրված է և զանազան միջոցներով ներկայացված միջազգային հարթակներում դերակատություն ունեցող կազմակերպություններին ու անհատներին: Ցավոք, լուրջ արձագանք չկա:

Այսօր Արցախի բնակչության ավելի քան 20 տոկոսը դարձել են փախստականներ, զրկվել են իրենց հայրենի պապենական օջախներից, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում Հայաստանի և Արցախի հանրապետություններում: Ադրբեջանն իր նախագահի և նախարարների միջոցով հայտարարում է հայկական պատմամշակութային արժեքների խեղաթյուրմանը միտված քաղաքականության մասին: Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումները Թուրքիայի հետ համահունչ անհագուրդ են:

Ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, այս անգամ Հայաստանի Հանրապետության սահմաններում Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճը: Դարձյալ զինծառայողների սպանություններ, գնդակահարություն, դիակապտումներ, խոշտանգումներ, անդամահատումներ: Վերջին հաշվով դարձյալ լռություն:

Այստեղ մի անգամ ևս ուզում եմ ամրապնդել, որ մեր ժողովրդի պայքարը՝ հանուն ազատության, հանուն արդարության և հանուն մեր երկրում ինքնիշխան ապրելու, հարատև է լինելու և վճռականորեն շարունակվելու է: Մենք դրա համար շատ արյուն ու քրտինք ենք թափել:

Մեզ համար անընդունելի և անհասկանալի է մեր գաղափարակից կուսակցությունների ու շարժումների երբեմնի լռությունը մեր տարածաշրջանում տիրող անարդարությունների վերաբերյալ: ՀՅԴ-ն, հավատարիմ լինելով ընկերվարական գաղափարախոսությանն ու էությանը, իր կեցվածքով ևս համամարդկային արժեքների կրողն է եղել, և է: Եվ նույն ակնկալիքն ունենք ընկերվարությանը հավատարիմ բոլոր գաղափարակից անհատներից ու կուսակցություններից:

Ես՝ որպես ազատության համար պայքարող ժողովրդի ներկայացուցիչ, այս համագումարում հետևյալ կոչ-մարտահրավերը հնչեցնում եմ որպես SOS ազդանշան. միջազգային անտարբերությունը նոր ոճրագործությունների պատճառ է դառնալու, որի ականատեսը եղանք 1915թ., և որի ուրվականը այժմ տիրական է դառնում մեր տարածաշրջանում:

Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում փոխվել է. առաջացել են նոր վտանգներ: Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման համար դերակատարները փոխել են իրենց առաքելությանը միտված պարտավորությունները: Եթե Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահները անցյալում իրենց հայտարարություններով հաստատում էին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով կամ ժողովրդական կամարտահայտությամբ, ապա այսօր նրանք կա՛մ լռում են, կա՛մ խոսում են անվտանգության և ինչ-որ անհասկանալի իրավունքների մասին՝ փորձելով թաղել կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը:

Ուզում եմ այս բարձր ու պատասխանատու հարթակից հնչեցնել, որ Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը:

Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել իր ճիգերով Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական հանգուցալուծում տալ և ապահովել մնայուն խաղաղություն, սակայն անցած 25 տարիներին գործադրված ջանքերը կանխարգելել են ուղղակի ռազմական բախումները:

— Ուզում եմ կատարել մի քանի հաստատումներ.

— ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմեական են, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացասում:

— Արցախը ինքնորոշվել է միջազգային բոլոր նորմերին ու պահանջներին հետևելով, հռչակելով անկախ պետություն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետության մաս չի կազմել:

— Այսքանով հանդերձ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, որի արդյունքում փորձում է ամբողջապես հայաթափել Արցախի Հանրապետությունը:

— Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սպառնալիքները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, էլ ավելի են տեսանելի դարձնում նոր էսկալացիան, որը կարող է վերածվել լուրջ տարածաշրջանային բախման:

— Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն:

— Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարվում է քաղաքական մեկուսացման քաղաքականություն՝ ամեն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիվանագիտական և քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետություն և իրավիճակին հաղորդակից լինելու:

— Գրեթե ամենօրյա կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձևավորում՝ նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:

— Արցախցիները չեն կարողանում լիարժեքորեն օգտվել միջազգային օրենքներով նախանշված հնարավորություններից, մասնավորապես Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ և տեսանելի ապագայում չկա նաև որևէ հեռանկար:

— Միջազգային հումանիտար կառույցները բավարար աշխատանք չեն տանում և չեն կարող մուտք գործել Արցախ՝ իրենց առաքելությունը լիարժեքորեն կատարելու:

Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար:

Շնորհակալություն:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ