Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշոտ Ոսկանյան․ «Սփյուռքի հետ աշխատելու միակ ձեւը կոնկրետ խնդիրների շուրջ աշխատելն է»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Համաշխարհային հայկական գագաթնաժողովը եւս մի վկայություն դարձավ, որ փոխվում է սփյուռքի հետ գործակցության ձեւաչափը՝ նախընտրությունը տալով ոչ թե կազմակերպություններին, այլ անհատներին։ Որո՞նք են նման մարտավարության պլյուսները եւ մինուսները, մանավանդ եթե հաշվի առնենք, որ սփյուռքի միայն 15%-ն է առնչվում հայկական կազմակերպությունների հետ։ Այս հարցին ի պատասխան՝ «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի անդամ (1995-1997 թվականներին Սլովակիայում և Ավստրիայում եղել է ՀՀ դեսպան ԵԱՀԿ–ում և ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կազմակերպություններում՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ։ 1996-1997 թվականներին որպես դեսպան պաշտոնավարել է Չեխիայում, 1997-2001 թվականներին՝ Գերմանիայում։ 2002-2017 թվականներին մի շարք պաշտոններ է վարել ՀՀ ԱԳՆ-ում։ 2007-2010 թվականներին Վիեննայում եղել է ՀՀ դեսպանության Պրահայի գրասենյակի ղեկավար, 2010-2017 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանայի և Աֆրիկայի վարչության պետ) Աշոտ Ոսկանյանն ասաց․ «Եթե ընդհանուր առմամբ համեմատենք՝ այն, ինչ առաջ է տեղի ունեցել (դա լավ գիտեմ, քանի որ առաջ որպես դեսպան տանում–բերում էինք մեր ներկայացուցիչներին), այո, առաջ փորձում էին այդ ամբողջին ի մի բերել, բայց միեւնույն է՝ խնդիրներ կային, քանի որ հասկանալի չէր, թե ինչ սկզբունքով պետք է սփյուռքից ընտրենք այն մարդկանց, որոնք ներկայացնում են սփյուռք ասածը։ Եվ միշտ խնդիր առաջանում էր՝ ինչու սրան հրավիրեցիք, ինչու չհրավիրեցիր։ Հիմա ձեւաչափը փոխել են ու փորձում են հենվել ոչ թե կազմակերպությունների վրա, այլ պարզապես ինչ որ մարդկանց բերել՝ առանձին անհատների, որը նույնպես հասկանալի է, բայց էլի միշտ խնդրահարույց է։ Ըստ իս՝ ինչն է այստեղ խնդիրը։ Գուցե մի քիչ ոչ ավանդական տեսակետ եմ ուզում հայտնել՝ ինձ թվում է, որ սփյուռքի հետ աշխատելու միակ ձեւը կոնկրետ խնդիրների շուրջ աշխատելն է, որովհետեւ՝ երբ մենք խոսում ենք, թե պետք է միասնական լինեն Հայաստանը եւ սփյուռքը, իրար հետ լինեն, միասնություն ապահովենք, համագործակցություն․․․ ինչի՞ շուրջ։ Եթե մենք խնդիրը դնում ենք, որ այս խնդիրը պետք է լուծվի՝ այդ դեպքում հասկանալի է, որ կարող ենք բոլոր նրանց հրավիրել, ովքեր շահագրգիռ են այդ խնդիրը լուծելուն մասնակցել՝ դրանք կլինեն թե կազմակերպություններ, թե անհատ մարդիկ՝ արդեն դեր չի խաղում։ Այս դեպքում այդ դժվարությունը կհանվի»։

Համառոտ ներկայացրեց նաեւ, թե ինչ մոտեցում է այդ դեպքում առաջարկում մարտի 10-12–ը գումարվելիք «Ապագա Հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը․ «Խնդիր է դրված քաղաքացիական ասամբլեա ստեղծել, որի օրինակները, գիտենք, աշխարհում կան։ Եվ փորձել այնպես անել, որ տարբեր շերտերը, տարբեր խավերը ներկա լինեն այստեղ՝ ընդ այդմ, ներկա լինեն ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ սփյուռքահայ տարբեր համայնքներից։ Եվ դա հնարավորություն կտա գուցե այսպիսի «կտրվածք» ստանալ, թե ընդհանուր առմամբ՝ մարդիկ ինչի մասին են մտածում։ Այստեղ էլ ես էլի ունեմ որոշակի կասկածներ, բայց դրանց մասին կասեմ հետո»։

«Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի Հայաստան-Սփյուռք միասնականություն փորձագիտական հանձնախմբի անդամներ Աշոտ Ոսկանյանի և Վահան Զանոյանի հետ հարցազրույցը դիտեք այսօր 22.00–ին։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ