Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Աշոտյան. Զոհրաբ Մնացականյանը 44-օրյա պատերազմի կարևոր հանցագործներից մեկն է

«44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, և, ցավոք, դասեր չեն քաղվել ոչ քաղաքական վերնախավի կողմից, որը շարունակում է հիմարի համառությամբ պնդել այն դրույթները, որոնք պատճառ հանդիսացան պատերազմի ու կորուստների։ Դասեր չեն քաղել նաև հասարակությունը, անգամ մասնագիտական շրջանակները»,-այսօրվա քննարկմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, փորձագետները ավելի հաճախ սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, քան նայում են իրականության աչքերին։

ՀՀԿ-ական գործիչն ասաց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ խնդրի բանակցային մասով թողել էր մի ժառանգություն, որը ենթադրում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում հանրաքվեի միջոցով, որը չէր ունենա որևէ սահմանփակում ու կունենար պարտադիր իրավական ուժ, հինգ շրջանների հանձնման դիմաց Արցախը ստանալու էր միջազգայնորեն երաշխավորված միջանկյալ կարգավիճակ, Քարվաճառն ու Քաշաթաղը մնում էին հայկական, անգամ Ալիևն է այս մասին խոսել պատերազմից հետո, այդ շրջանների ապագան կախված էր լինելու հանրաքվեի արդյունքներից։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ձեզ երաշխավորում եմ ցանկացած պահին սա կարող եմ հետ բերել։ Նրա կողմից այս ամբարտավան մեծամտությունը, շաղախված քաղաքական արկածախնդրության հետ, բերեց բոլոր ուղղություններով այն իրավիճակին, որ Հայաստանը 2020-ի սեպտեմբերին պատրաստ չէր պատերազմին։ Երբ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր է այդ պատերազմում, բնավ ի նկատի չունենք, որ նա հրամայել է հայկական ուժերը հարձակվեն Ադրբեջանի վրա, կամ Արցախն ու Հայաստանն են այս պատերազմի հրահրողը։ Բնավ, ոչ։ Ակնհայտ է, որ այս պատերազմի հրահրողը եղել է Իլհամ Ալիևը Էրդողանի աջակցությամբ։ Նիկոլի մեղավորությունն այստեղ այն է, որ Հայաստանն ու Արցախը եղել են անպատրաստ այս պատերազմում, դիվանագիտական առումով եղել են միայնակ այս պատերազմից առաջ »,-ասաց Աշոտյանը։

Քաղաքական գործիչն ընդգծեց՝ մնում է այն կարծիքին, որ 2018-ի իշխանազավթումըն Արցախի մասին էր, Արցախի շուրջ էր, որքան էլ այն փաթեթավորվում էր դեմոկրատական, հակակոռուպցիոն լոզունգներով։

«2018 թվականը եղավ, քանի որ դրսի ուժերը, որոնց մասին Սերժ Սարգսյանն ասաց՝ իրենց  է պարտվել, ոչ թե Նիկոլին, շահագրգիռ էին, որպեսզի Հայաստանում տեղի ունենա այնպիսի փոփոխություն, որի արդյունքում Արցախը չի մնալու որպես հայկական երկրորդ պետություն։ Ես կրկնում եմ այն միտքս, որ Զոհրաբ Մնացականյանը, արտաքին գործերի նախկին նախարարը, ով համառությամբ փորձում է  իր վրայից մաքրել 44-օրյա պատերազմի համար մեղավորությունը, այդ պատերազմի կարևոր հանցագործներից մեկն է։ Մարդ, ով 2018 թ. մայիսից մինչև 2020 թ. սեպտեմբեր պարտակում էր, լղոզում էր, խաբում էր Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, մասնավորապես Արցախի շուրջ եղած զարգացումների մասին։ Ոչ միայն պարտակում էր, այլև նպաստում էր»,-ասաց Աշոտյանը։