Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

…Այդքան ուրախ կյանքը մեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մարդկանց տոն է պետք: Որքան էլ խորը լինի վիշտը, մարդիկ չեն կարող անվերջ սգալ: Ես հիշում եմ՝ երբ 1980-ականներին հեռուստատեսության երաժշտական խմբագրության ղեկավար էր իմ բարեկամ, դիրիժոր Էդվարդ Եսայանցը, ապրիլի 24-ի ծրագիրը սկսվում էր ռեքվիեմներով, սգո երաժշտության այլ ժանրերով, բայց ավարտվում էր խրոխտ, լավատեսական երաժշտությամբ, օրինակ՝ Բաբաջանյանի Հերոսական բալլադով: Իմաստը հասկանալի էր. per aspera ad astra`փշերի միջոցով դեպի աստղեր, տառապանքներից հետո գալիս է լույսը:

Եթե ապրիլի 24-ին տեղին էր ուրախության որոշակի բաժինը, ապա պարզ է, որ ժողովրդի կողմից սիրված Նոր տարին պիտի հաճելի պահեր պարգեւի մարդկանց: Չնայած մենք ասում ենք՝ «Ամանոր եւ Սուրբ ծնունդ», հայաստանցիների համար առաջնային է դեկտեմբերի 31-ը՝ թե՛ ուտել-խմելու, թե՛ «քաղաք իջնելու» առումով: Եթե լիներ Սուրբ Ծնունդը, ապա գոյություն կունենար բոլորովին այլ ծիսակարգ, որի հիմքում այլ՝ «ոչ խորհրդային» գաղափարախոսությունն է:

Իսկ այս պարագայում պարզ է, որ գերիշխողը պետք է լինի խոզի բուդը, քաղաքի լուսավորությունը, հրավառությունները, «տաշի-տմբըլը»: Պատերազմում պարտությունից եւ 4000 երիտասարդ կյանք կորցնելուց հետո անցել է ավելի քան երկու տարի: Ճիշտն ասած, չեմ էլ նկատել, որ այդ իրադարձություններն առանձնապես ցնցել էին հայաստանցիներին: Բայց բոլոր դեպքերում «քաղաքավարության նորմերը» պահպանված են, եւ հիմա կարելի է լիաթոք ուրախանալ:

Չեմ ուզում հանդես գալ «փնթփնթան ծերուկի» դերում եւ ասել՝ «մի ուրախացեք»: Խոսքն այն մասին է, որ ուրախությունը նույնպես կարելի է կազմակերպել զուսպ եւ ճաշակով: Իսկ անճաշակությունն ու «անզսպությունն» ունի միայն մեկ բացատրություն՝ տոնական միջոցառումները Երեւանում կազմակերպվում են ոչ թե մարդկանց ուրախություն պատճառելու, այլ քաղաքապետի իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի PR-ի համար: Դրանով են բացատրվում շռայլ ծախսերը քաղաքապետարանի սուղ բյուջեից, ինչպես նաեւ «ոչ հարգալից» վերաբերմունքը Հանրապետության հրապարակի շենքերի հանդեպ:

Ենթադրվում է, որ շնորհակալ երեւանցիները կգնահատեն պարոն Ավինյանի «հայրական գուրգուրանքը», եւ պալատական սազանդարները ներբողներ կհյուսեն «շնորհակալություն, ընկեր Ավինյան, որ պարգեւեցիր այդքան ուրախ կյանքը մեր» թեմայով: Իսկ ամենակարեւորն այն է, որ մյուս տարի երեւանցիների մեծամասնությունն իսկապես կընտրի ՔՊ-ին: Բա հո «սերժառոբականներին» չեն ընտրի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ