Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այն, ինչ պետք է սպաներ, դարձավ կյանքեր փրկող միջոց․ յոդի պատմությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Յուրաքանչյուր տան յուրաքանչյուր դեղատուփում յոդի սրվակի առկայությունն այնքան բնական է, որ թվում է՝ միշտ է այդպես եղել՝ երեխաներն ընկել ու վնասել են ծնկները, իսկ մայրիկները շտապել են նրանց վերքերը մշակել մուգ ու մի փոքր մռմռացնող հեղուկով՝ հանգիստ սրտով ուղարկելով չարաճճիներին իրենց հետագա քաջագործությունների ետևից։

Սակայն իրականում յոդը բավականին ուշ է հայտնագործվել, ու թեև դեռ մ․թ․ա․ 3600 թ․ չինացի բժիշկներին հայտնի էր ծովային ջրիմուռներից պատրաստված միջոցների՝ վերքերի արագ ապաքինմանը նպաստող ազդեցության մասին, յոդը՝ որպես առանձին քիմիական տարր, բացահայտվել է 1811 թ․-ին՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակաշրջանում, երբ Ֆրանսիայում վառոդի կարիքը չափազանց մեծ էր։

Ֆրանսիացի քիմիկոս Բերնար Կուրտուան այդ շրջանում զբաղվում էր սելիտրայի արտադրությամբ, որն անհրաժեշտ էր վառոդ ստանալու համար։ Այդ տարիներին սելիտրան ստանում էին փայտի մոխիրից, բայց քանի որ այն չէր բավականացնում, քիմիկոսը փորձարկումներ էր անում ջրիմուռների մոխիրի հետ։ Մի անգամ նա սխալմամբ ջրիմուռներով լցված անոթի մեջ չափից շատ ծծմբաթթու է ավելացնում, ինչի արդյունքում սկսում է մանուշակագույն գոլորշի առաջանալ, որը նստում է մոտակա սառը մակերեսների վրա՝ առաջացնելով մանուշակագույն բյուրեղիկներ։

Որոշ աղբյուրներում նշվում է յոդի հայտնագործման մեկ այլ վարկած, ըստ որի՝ կարևորագույն դեր է խաղացել քիմիկոսի սիրելի կատուն, որը տիրոջ աչքի առաջ երկու փորձանոթ է կոտրել՝ առաջացնելով վերևում նկարագրված ռեակցիան։

Ուսումնասիրելով մանուշակագույն բյուրեղները՝ Կուրտուան դրանք փոխանցում է իր գործընկերոջը՝ քիմիկոս Ջոզեֆ Լուի Գեյ Լյուսակին՝ հետագա հետազոտությունների համար։ Երկու տարի անց Գեկ Լյուսակն իր ուսումնասիրությունները ներկայացնում է գիտական համայնքին՝ հայտարարելով նոր տարրի հայտնագործման մասին, որն անվանել էր «յոդ» հունարեն «ioeides»՝ մանուշակագույն բառով։ Թեև գիտնականն ընդունում էր, որ յոդի հայտնագործության դափնին Բերնար Կուրտուաինն է, սակայն նա առաջինն էր, որը բացահայտեց յոդը որպես քիմիական նոր տարր։

Բերնար Կուրտուա և Ջոզեֆ Լուի Գեյ Լյուսակ

Շվեյցարացի բժիշկ Ջ․ Ֆ․ Կուանդեն, որը նախկինում օգտագործել էր ծովային ջրիմուռները խպիպի (զոբ) բուժման համար, լսելով Կուրտուայի և Գեյ-Լյուսակի աշխատանքների մասին՝ կասկածում է, որ յոդը կարող է լինել ծովային ջրիմուռների ակտիվ բաղադրամասը, որը բուժում է խպիպը։ 1819 թ․-ին նա փորձարկում է յոդի թուրմը 150 հիվանդների վրա՝ նշանակալիորեն փոքրացնելով նրանց խպիպի չափսերը մեկ շաբաթվա ընթացքում։

Նախնական այս հետազոտությունների արդյունքում 1830-ական թթ․ բժիշկները սկսում են կիրառել յոդի հավելումները խպիպի կանխարգելման համար։ Ֆրանսիացի քիմիկոս-դիետոլոգ Ժան Բատիստ Բուսենգոն խորհուրդ է տալիս բնակչության շրջանում խրախուսել յոդացված աղի օգտագործումը, իսկ 1852 թ․-ին ֆրանսիացի քիմիկոս Ադոլֆ Շատենը հրապարակում է իր հետազոտությունը, որով ապացուցվում էր, որ վահանաձև գեղձում յոդի դեֆիցիտը խպիպի առաջացման պատճառ է հանդիսանում։

Յոդացված աղն առաջին անգամ վաճառվել է Միչիգանում 1924 թ․-ին:

Բժշկական համայքը շուտով բացահայտում է յոդի արդյունավետությունը տեղային բուժման համար։ Այդ շրջանում պարզվում է, որ անգամ յոդի կողմնակի արտադրանքն է օգտակար իր բուժիչ ազդեցությամբ։ 1826 թ․-ին ֆրանսիացի դեղագործ ու քիմիկոս Անտուան Ժերոմ Բալարը մշակում է ծովային ջրիմուռներում ու այլ բույսերում յոդի բաղադրությունը չափող մեթոդը՝ ընթացքում հայտնաբերելով կողմնակի արտադրանք, որն էլ անվանում է «բրոմ»։ Այդ տարրը շատ արդյունավետ էր գանգրենայի բուժման համար, որը ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի ժամանակ զինվորների մահվան հիմնական պատճառներց մեկն էր։

1861 թ․-ին՝ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի նախօրեին յոդն ու բրոմը հիմնական դեղամիջոցներն էին, որոնք օգտագործվում էին զինվորական բժիշկների կողմից։ Թեև այդ շրջանում միկրոբների ու հակասեպտիկների մասին շատ բան հայտնի չէր, սակայն բժիշկները հասկանում էին, որ այդ միջոցներն օգնում են կանխարգելել «մարմնի մեռուկացումը»։

Բժիշկներն ու վիրաբույժները բառացիորեն սիրահարվել էին յոդին, որի հիմքով ստեղծված դեղանյութերը կիրառում էին ամենատարբեր հիվանդությունների դեպքում։ Դեղագործական ընկերություններն ու անհատ արտադրողները գովազդում էին յոդ պարունակող միջոցները որպես սրտի հիվանդությունների, հոդատապի, քաղցկեղի, սիֆիլիսի, նևրալգիայի, էպիլեպսիայի բուժման միջոցներ։

Գովազդ Նյու Յորքի ամսագրում

Բերնար Կուրտուան պատկերացնել անգամ չէր կարող, որ իր բացահայտումն այդքան մեծ նշանակություն կունենա բժշկագիտության համար։ 1822 թ․-ին՝ մանուշակագույն տարօրինակ տարրի հայտնագործումից 11 տարի անց նա սկսում է զբաղվել բարձրորակ յոդի ու դրա աղերի արտադրությամբ։ 1831 թ․-ին քիմիկոսը պարգևատրվում է Գիտությունների ֆրանսիական թագավորական ակադեմիայի կողմից իր հայտնագործության համար, սակայն, այնուամենայնիվ, նրան չի հաջողվում հարստանալ և 1838 թ․-ին՝ 62 տարեկան հասակում կնքում է իր մահկանացուն՝ կնոջն ու որդուն թողնելով առանց ժառանգության։ Ճակատագրի հեգնանքով վառոդի ստեղծման ամենալավ միջոցի որոնման ճանապարհին նա գտնում է կյանքե՛ր փրկող ամենալավ միջոցը։

Յոդը կարևոր տարր է, որը թեև մարդու օրգանիզմում առկա չէ մեծ քանակությամբ, սակայն այն կենսական նշանակություն ունի մարդու համար։ Յոդը խիստ անհրաժեշտ է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, և յոդի դեֆիցիտը կարող է առողջական լրջագույն խնդիրներ առաջացնել՝ վահանաձև գեղձի գործառույթների խանգարումներ, թուլամտություն, կրետինիզմ և այլն։

Յոդը մինչ օրս չի կորցրել իր կարևորությունը թե՛ կոմերցիոն, թե՛ բժշկական ոլորտներում․ յոդի միացություններն օգտագործվում են ախտահանիչ լուծույթների կազմում, համակարգչային տոմոգրաֆիայի, ռենտգենոգրաֆիայի ու ռենտգենոսկոպիայի կիրառման ժամանակ յոդը լայնորեն օգտագործվում է որպես կոնտրաստանյութ։ Յոդի ռադիոակտիվ իզոտոպ-131-ն օգտագործվում է վահանաձև գեղձի քաղցկեղի բուժման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պարունակում է տեղեկություններ հետևյալ աղբյուրից՝ National Museum of Civil War Medicine