Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Այն, որ մեր արտահանման միակ ուղին դիտարկվում է Վերին Լարսը, արդեն իսկ խնդրահարույց է». Նարեկ Ալեքսանյան. JAMnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

JAMnews. Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է Վերին Լարս կոչվող բնակավայրով, կրկին խնդիրներ է առաջացրել Հայաստանի արտահանողների ու ներմուծողների համար։ Բայց այժմ՝ ոչ եղանակային պայմանների պատճառով։ Հոկտեմբերից բեռնատարները տասնյակ օրերով հերթերում են մնում սահմանային ռեժիմի խստացման, հավելյալ մանրակրկիտ ստուգումների պատճառով, որոնք իրականացվում են ռուսական անցակետում։ Դրանք պայմանավորված են, ըստ պաշտոնական վարկածի, Ղրիմի կամրջի պայթյունից հետո ներդրված խստացումներով։

Արդյունքում, մեկ ամսից ավել է՝ հայ բեռնափոխադրողներն անընդմեջ բարձրաձայնում են օրեր շարունակ հերթերում սպասելու, դրա հետևանքով՝ ֆինանսական մեծ կորուստների մասին։

«Այն, որ մեր արտահանման միակ ուղին դիտարկվում է Վերին Լարսը, արդեն իսկ խնդրահարույց է: Մենք թողել ենք արտահանումը մեկ ուղու վրա, որն ունի մի շարք խնդիրներ՝ և բնակլիմայական, և աշխարհաքաղաքական: Միևնույն ժամանակ այն գտնվում է մեր կառավարումից դուրս, քանի որ սահմանը Վրաստանի ու Ռուսաստանի միջև է»,- նշում է բիզնես ոլորտի փորձագետ, Export Armenia ասոցիացիայի համահիմնադիր Նարեկ Ալեքսանյանը։

Բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանի դիտարկմամբ՝ խնդրի լուծումներից մեկը կարող է լինել այն, որ որպես ԵԱՏՄ ամդամ՝ Հայաստանն ունենա որոշակի արտոնյալ պայմաններ․ «Մենք մի ԵԱՏՄ երկրից ապրանքը տանում ենք ԵԱՏՄ մեկ այլ երկիր՝ ՌԴ, այսինքն՝ գտնվում ենք նույն մաքսային դաշտում: Եթե, օրինակ, թուրքական, վրացական, իրանական ապրանքների դեպքում երկու տարբեր մաքսային գոտիների համագործակցություն է, հայկական ու ռուսական ապրանքաշրջանառությունը երկու ԵԱՏՄ երկրների միջև է։ Որպես այլընտրանք կարող ենք առաջարկել հայկական կողմում մեքենաների ստուգման որոշակի գործընթաց անցնելու հնարավորության ընձեռել, որն ընդունելի կլինի նաև ռուսական կողմի համար»։

Բեռնափոխադրման ոլորտի մասնագետ Նորայր Գևորգյանի կարծիքով՝ խնդիրը կարող է մեղմվել, եթե ռուսական կողմն ավելացնի մաքսակետերի թիվը, միևնույն ժամանակ ունենալով առանձին մաքսային կետ՝ ԵԱՏՄ երկրների մեքենաների համար․ «Այդ դեպքում մեքենաները կբաժանվեն մի քանի մաքսային կետերի միջև, որպեսզի բոլորի ստուգումը նույն կետով ու նույն ձևաչափով չիրականացվի: Օրինակ, ԵԱՏՄ-ի մեքենաները կանցնեն մեկ մաքսակետով, Թուրքայի, Վրաստանի մեքենաները՝ որպես երրորդ երկիր, այլ մաքսակետից կսպասարկվեն։ Պետությունը պետք է փորձի ռուսական կողմի հետ լուծում գտնել, աջակցի արտահանողներին»:
Լաստանավային բեռնափոխադրումները՝ որպես այլընտրանք

2022 թվականի գարնանը Հայաստանի կառավարությունը որոշեց այլընտրանք ստեղծել Վերին Լարսի ճանապարհին․

բեռնափոխադրումներ իրականացնել լաստանավով,
պետության կողմից 6-ամսյա ժամկետով փոխհատուցել բեռնափոխադրողների ծախսերը։

Այս որոշումը, սակայն, մինչ օրս չի հաջողվել կյանքի կոչել: Օրերս էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ այս այլընտրանքային ճանապարհի գործարկման հետ կապված մի շարք խնդիրներ կան, որոնք հույս ունի, որ առաջիկայում լուծում կստանան:

Հայաստանը Սև ծովով լաստանավային կանոնավոր փոխադրումներ պետք է իրականացներ հունիսի 15-ից: Սակայն հունիսի վերջին էկոնոմիկայի նախարարը հայտնեց․ հայկական լաստանավային փոխադրումների նկատմամբ սահմանափակումներ է կիրառում հոլանդական APM Terminals ընկերությունը, որը շահագործում է վրացական Փոթի նավահանգիստը:

«Եվրոպական շատ ընկերություններ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ, և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերություններից մեկը, ևս սանկցիաներ ունի կիրառած Ռուսաստանի դեմ։ Հիմա մենք բանակցում ենք, որպեսզի մեր լաստանավերի վրա այդ սանկցիաները չկիրառվեն։ Եվ, ըստ էության, իրենք իրավունք էլ չունեն»,- պարզաբանում էր նա:

Բիզնես փորձագետ Նարեկ Ալեքսանյանը կարծում է՝ Հայաստանը պետք է ունենա արտահանման առնվազն 3-4 ճանապարհ, որպեսզի կարողանա դիմակայել տարբեր աշխարհաքաղաքական ու բնակլիմայական խնդիրներին․

«Պետք է քայլեր ձեռնարկվեն և՛ Լարսում իրավիճակի բարելավման, և՛ այլընտրանքային ճանապահների ստեղծման ուղղությամբ: Մեր խնդիրն է այսօր հասկանալ, թե ինչպե՞ս ապահովենք մեր տնտեսավարողների կայունությունը արտահանման ճանապարհով, մանավանդ, որ արտահանումն ինքնին արդեն դարձել է խնդրահարույց՝ կապված արտարժույթի տատանումների հետ։ Մեր արտարժույթն ուժեղացել է, ինչի հետևանքով Հայաստանում արտադրված ապրանքները եվրոյով ու դոլարով թանկացել են այնքանով, որքանով դրամն է արժևորվել՝ 30 տոկոսից ավելի»: