Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այնպես չէ, որ առանձին խզվածք է, կապ չունի մյուսների հետ․ դրանք կարող են ակտիվանալ

Lragir.am-ի զրուցակիցն է Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Հրաչյա Պետրոսյանը

Պարոն Պետրոսյան, ի՞նչ սեյսմիկ ակտիվություն է տարածաշրջանում։

Միջերկրական ծովից ոչ հեռու նկատվում է սեսմիկ ակտիվության աճ։ Այսօր երկու ուժեղ սեյսմիկ ցնցում է եղել։ Ըստ Ռիխտերի սանդղակի՝ մեկի մագնիտուտը կազմել է 7,8, մյուսինը՝ 7,5, ինչն ավելի ուժեղ է քան Սպիտակի երկրաշարժը, որը եղել է 7,0 մագնիտուտ։ Իմ կարծիքով՝ խոսքը զույգ երկրաշարժերի մասին է, այդպիսի հասկացություն կա՝ զույգ ուժեղ երկրաշարժեր։ Օջախը հարում է Արևելա-անատոլիական ակտիվ խզվածքին, որը շատ մոտ է Միջերկրական ծովին և Սիրիայի սահմանին։ Հետցնցումներ, իհարկե, գրանցվում են, որովհետև բոլոր ուժեղ երկրաշարժերից հետո գրանցվում են հարյուրավոր, հազարավոր հետցնցումներ, որոնց միջոցով լիցքաթավում է երկրակեղևում կուտակված դեֆորմացիոն էներգիան։

Իրանի հյուսիս-արմտյան հատվածում, Խոյ քաղաքից ոչ հեռու կա երկրաշարժածին հայտնի օջախ, որը կոչվում է Խոյի օջախ։ Պարբերաբար Խոյ օջախում լինում են երկրաշարժեր, հիմա էլ այդ երևույթը շարունակվում է։ Երեկ ու այսօր Խոյի մոտ նույնպես զուգահեռ գրանցվում են երկրաշարժեր։ Երկրաշարժի էպիկենտրոնը հեռու է Սյունիքի մարզից մոտ 120 կմ և Երևանից՝ մոտ 190 կմ։ Բնական է, որ Սյունիքի մարզում ավելի ուժեղ է զգացվել Խոյի գլխավոր ցնցումը՝ մոտ 5 բալ։ Եվ ավելի թույլ զգացվել է Երևան քաղաքում։

Հայտնի է, որ Հայաստանի տարածքը սեյսմաակտիվ գոտում է, ո՞ր օջախներ են ակտիվ։

Այո, Հայաստանի տարածքը սեյսմաակտիվ գոտի է, դա հայտնի է նախաքրիստոնեական ժամանակներից։ Բազմաթիվ պատմական փաստաթղթերում, բոլոր տիպի վկայություններում այդ մասին հիշատակվում է՝ Երզնկայի հայտնի երկրաշարժածին օջախը կա, Վանա լճի ափերին հայտնի սեյսմածին օջախը կա, Գանձակում, Զանգեզուրում, Սպիտակում։

Տարածաշրջանում այլ խզվածքներ կարո՞ղ են զուգահեռ ակտիվանալ այս օրերին։

Բացառված չէ, որովհետև համակարգ է։ Այնպես չէ, որ առանձին խզվածք է, կապ չունի մյուսների հետ։ Ինչքան ուժեղ է երկրաշարժը, այնքան ավելի մեծ տարածք է ընդգրկում նախապատրաստման գոտին և այնքան երկար ժամանակ է ընդգրկում։