Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Այսօր գործադուլ անող, իրենց ընկերների համար կռիվ տվող փաստաբանների պակասն եմ զգում. Մելանյա Առուստամյան

Հայաստանում այսօր նշվում է «Փաստաբանի օրը» և փաստաբանության ձևավորման 104-ամյակը։  Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն իր շնորհավորական ուղերձում արձանագրել է՝ «փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապնդվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը»։

Փաստաբանների պալատի խորհրդի անդամ Մելանյա Առուստամյանի ցանկությունն է՝ փաստաբաններն առաջին հերթին լինեն իրավապաշտպան, հետո նոր մտածեն, որ դա գործունեություն է ու բիզնես։

Մ. Առուստամյանը պատասխանեց Panorama.am-ի հարցերին փաստաբանական համայնքում առկա հիմնական խնդիրների, փաստաբանի իսկական կերպարի մասին։

Մելանյա Առուստամյան - Ուզում եմ, որ այսօր ամուր փաստաբանական համայնք,  համարձակ անդամների միություն լինի, փաստաբանները լինեն սկզբունքային։  Առաջինը՝ լինեն իրավապաշտպան, հետո նոր միայն մտածեն, որ դա գործունեություն է, բիզնես է։

Ընդհանրապես, հանրության շրջանում կա միասնականության, համարձակ լինելու ու սկզբունքայնության պակաս։ Այն, ինչ բացակայում է ընդհանրապես հանրության մեջ,  չէի ուզի, որ դա բացակայեր նաև փաստաբանության մեջ։ Կցանկանայի տեսնել փաստաբանությունը հզոր, ամուր, սկզբունքային։

Ես կանգնած եմ այս ինստիտուտի ակունքներում և ամբողջ զարգացման պրոցեսը, փուլերը տեսել եմ, տեսել եմ, թե ինչպես կարող էին հարյուրավոր փաստաբաններ գնալ ու կանգնել  փաստաբանի կողքին, պաշտպանել փաստաբանին։ Ցավոք, այսօր դա չեմ տեսնում։ Կուզեի տեսնել, որ իրենց ընկերոջ համար կռիվ են տալիս մինչև վերջ ու ամենուր։ Շատ կուզեի այդպիսին տեսնել փաստաբանությունը։

Panorama.am - Այսօր, երբ հավաքվում եք փաստաբաններով, հիմնականում ի՞նչ խնդիրների մասին եք խոսում,  որոնք անհրաժեշտ է շուտափույթ լուծել։

Մելանյա Առուստամյան - Անկեղծ ասած, չեմ տեսնում, որ հավաքվեն ու նման խնդիրների լուծման համար ինչ -որ առաջարկներ անեն։ Ես այդ մտահոգությունները տեսնում եմ շատ քիչ, տեսնում եմ նաև անտարբերություն ինստիտուտի նկատմամբ։ Ամեն մեկը զբաղված է իր գործով։ Գուցե կյանքն է այդպիսին, որ դրա ժամանակը չկա, բայց այսօր իրականում այն գործադուլ անող փաստաբանների պակասն եմ զգում, իրենց ընկերների համար կռիվ տվող փաստաբանների պակասն եմ զգում։

Panorama.am - Տիկին Առուստամյան, ինչպե՞ս ձևավորվեց, կայացավ Հայաստանում արդեն նոր փաստաբանությունը։

Մելանյա Առուստամյան - Նոր փաստաբանությունը սկսեց ձևավորվել 1988 թվականից, երբ դեռ ուսանող էի։ Սկսվեց մի խումբ նվիրյալների գործունեությամբ՝ Ռուբեն Սահակյան, Ռուբեն Ռշտունի, ովքեր Սումգայիթյան  դատավարությանը մասնակցեցին։ Այնուհետև սկսվեց լճացած փաստաբանությունից զարգացում և այդ զարգացման մեջ իրենց դերն ունեցան Ռուբեն Սահակյանը, Ռուբեն Ռշտունին, Տիգրան Ջանոյանը։ Ստեղծվեց երեք միություն, ամեն մեկը տեսակի արդյունք էր։ Ռուբեն Սահակյանը մեծ ջանքեր գործադրեց, որ այդ երեք միությունները միավորվեն։ Ինքը դարձավ Փաստաբանների պալատի հիմնադիր նախագահը։ Մեծ, անգնահատելի ու անուրանալի է  Ռուբեն Սահակյանի դերը փաստաբանության ինստիտուտի կայացման և զարգացման գործում։ Ինձ համար մեծագույն պատիվ է եղել, որ ունեցել ենք նման հիմնադիր նախագահ, ով ջանքեր չի խնայել, որպեսզի մեր ինստիտուտը կայանա։ Նրա ջանքերի շնորհիվ հիմնվեց փաստաբանական դպրոցը, հանրային պաշտպանի գրասենյակը։

Ռուբեն Սահակյանը դրեց բոլոր հիմքերը և այդ հզոր ինստիտուտը կայացավ հենց նրա ջանքերի շնորհիվ։ Հիմա ինչ ունենք, դրա շարունակությունն է։

Փաստաբանի իսկական կերպարը՝ համարձակ, սկզբունքային, ես տեսել եմ Ռուբեն Սահակյանի մեջ։ Ինձ համար ամենափաստաբանը մնում է  ինքը։

Panorama.am - Այսօր կա՞ն նման կերպարով փաստաբաններ։

Մելանյա Առուստամյան - Իհարկե, Հայկ Ալումյան, Լիպարիտ Սիմոնյան, … Ունենք բավականին երիտասարդ, համարձակ կադրեր։ Կուզեմ այդպիսիք շատ լինեն։ Այսօր կրթված, մասնագիտացված են մտնում դաշտ, դա չենք կարող չգնահատել, բայց իրականում ուզում եմ, կրկնվեմ՝ փաստաբանները լինեն համարձակ, ամուր և ոչ անտարբեր իրենց համայնքի նկատմամբ։

Ուզում եմ մեր երկրում խաղաղություն լինի, որպեսզի փաստաբանները կարողանան խաղաղ պայմաններում գործունեություն իրականացնեն, այլևս չլինեն առիթներ, որ փաստաբանները զբաղվեն զոհվածների ու նրանց հարազատների գործերով։ Կուզեմ, որ այդ ամեն ինչին վերջ դրվեն։

Panorama.am - Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։