Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բաքուն հող է նախապատրաստում շարունակելու ագրեսիան, ըստ որի՝ Հայաստանից պետք է տարածքներ, որոշումներ ստանան

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը

Պարոն Սարոյան, Բաքուն հրաժարվում է բրյուսելյան հարթակի հանդիպումներից, ի՞նչ են ցույց տալիս գործընթացները։

Ադրբեջանն ընդհանրապես խնդիր ունի տապալելու այն գործընթացը, որը կար ամիսներ շարունակ՝ Արևմուտքի ֆորմատը։ Ադրբեջանն ստիպված էր գտնվում այդ գործընթացում, որովհետև ի վիճակի չէր թույլ չտալ, որպեսզի Արևմուտքը ներգրավվի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։ Այն բոլոր ժամկետները, որոնք հաստատվել էին, դրանք ուղղակի սահմանափակում էին Ադրբեջանի բոլոր տեսակի մանևրելու հնարավորությունները, և ինքը դա տապալելու խնդիր ուներ։ Եվ ոչ միայն Ադրբեջանը, այն ամբողջ քաղաքականությունը, որն Անկարայի և Մոսկվայի միջև փոխհամաձայնեցված իրականացվել է Հարավային Կովկասում, այդ ամբողջ քաղաքականության տեսանկյունից պետք է նայել գործընթացներին։ Արևմուտքի ներգրավումը Հարավային Կովկասի գործընթացներին ցուց է տալիս, որ այդ երկու ֆորմատները ոչ թե իրար փոխլրացնող, այլ հակադրվող քաղաքականություններ են, քանի որ շահաբաժիններ ստացող տարբեր կողմեր են։ Հետևաբար, դրանք միմյանց բացառող քաղաքականություններ են։ Հրապարակային ինչ-որ ներկայացումները, հատկապես Հայաստանի վարչապետի կողմից, որ իբրև թե կան փոխհամաձայնություններ այդ երկու ֆորմատների միջև, իրականության հետ որևէ կապ չունեն։ Այդ տեսանկյունից, բնականաբար, Ադրբեջանը շահագրգռված էր այն գործընթացով, որը կատարվում էր Մոսկվայի ուղղակի վերահսկողությամբ և խնդիր ուներ ամեն կերպ ձերբազատվել արևմտյան ֆորմատից։ Արևմուտքը կարողացավ այս աշնան սկզբին Ադրբեջանին որոշակի ժամանակային սահմանափակումների մեջ դնել։ Դա ենթադրում էր, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնան ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, որտեղ շատ ավելի խորացված իրենց լուծումները կգտնեն ուժի չկիրառման հետ կապված հարցերը։ Ես չեմ խոսում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ դրանք հեշտ գործընթացներ չեն, անգամ ամիսների գործընթացներ չեն։ Բայց գոնե իրավական առումով հնարավոր էր ստանալ մի այնպիսի փաստաթուղթ, որը կկապեր Ադրբեջանի ձեռքերը ուժ և ուժի սպառնալիք կիրառելու առումով։ Եվ այդ տեսանկյունից Ադրբեջանը, բնականաբար, խնդիր ուներ լուծելու և փորձում էր այս վերջին երկու ամսվա ընթացքում լուծել։ Քանի որ  ժամկետները մոտենում էին, Ադրբեջանի մոտ ինչ-որ հույս կար, որ դա իրականություն կդառնար ՀԱՊԿ երևանյան հավաքի համատեքստում, և Ռուսաստանը կկարողանար Հայաստանին այնպիսի փակուղային իրավիճակում դնել, որից օգտվելով՝ Ադրբեջանը կմեկնաբաներ, որ ինքը արևմտյան ձևաչափից հրաժարվում է։ Բայց արդեն Ալիևի վերջին հայտարարությունը ցույց տվեց, որ իրենք ոչինչ չունեն, ինչից կարող են կառչել, և մնացել էր այս տարբերակը։ Այսինքն՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը որակել որպես նոր տարրի ներմուծում և հանդիպումից հրաժարվել։ Անլուրջ է նման ձևով արևմտյան ֆորմատից հրաժարվելու Ալիևի այդ դիրքորոշումը, որովհետև Նիկոլ Փաշինյանի ասածը միայն առաջարկ է, այդ առաջարկը կարելի էր մերժել ու շարունակել պնդել հանդիպման մասին։ Այս տեսանկյունից պետք է հասկանանք, որ Ալիևին այլ բան չէր մնում, քան կառչել ամենահասարակ մի հայտարարությունից ու հրաժարվել արևմտյան գործընթացից։ Այսինքն՝ հանդիպումից հրաժարվելը, մեջբերելով Մակրոնի մասնակցության հարցը, աբսուրդ է։ Կարելի էր հրաժարվել Մակրոնի մասնակցությունից, բայց գործընթացը շարունակել։

Ռուսաստանին ու Ադրբեջանին կհաջողվի՞ չեզոքացնել արևմտյան հարթակը։

Բնականաբար, դա մարտահրավեր է Արևմուտքի համար։ Իրենք պետք է առավել լուրջ կողմնորոշվեն։ Այն, որ Ֆրանսիայի Սենատը հերթական բանաձևն է մշակում, դա այդ քաղաքականության մաս է կազմում, այսինքն՝ իրենք անընդհատ այդ նժարի վրա կշռաքարեր են ավելացնում, որոնք անընդհատ անկյուն են քշում Ադրբեջանին։ Ադրբեջանը, բնականաբար, Մոսկվայից ու Անկարայից վաղուց է ստացել այն երաշխիքները, որոնք իրեն հնարավորություն են տալիս արհամարհել նման կարգի վտանգները։ Իրենք դարձյալ ժամանակ ձգելով ու Արևմուտքին «ոչ» ասելով՝ առաջ էին շարժվում։ Հիմա, երբ Արևմուտքը հերթական «ոչ» պատասխանն է ստացել, նժարի վրա հերթական կշռաքարերն ավելացնելուց և հետագայում պատժամիջոցների արժանացնելու հիմքերն ստեղծելուց բացի ի՞նչ քաղաքականություն կորդեգրի՝ Ադրբեջանի ռազմատենչությունը կասեցնելու և ընդհանրապես Հարավային Կովկասի զարգացումներն իր ձեռքը վերցնելու համար, դա այս պահին դեռևս տեսանելի չէ։ Դա արդեն կապված է Մերձավոր Արևելքում սպասվող աշխարհաքաղաքական շատ մեծ փոփոխությունների հետ։ Իսկ այստեղ դրսևորումների մասին բավարար ինֆորմացիա մեզ չի հասնում, որպեսզի հասկանանք, թե ինչպես են այս գործընթացը շաղկապելու այն բոլոր տեղաշարժերի հետ, որոնք կապված են Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի լայն աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ։

Հայաստանի անելիքը ո՞րը պետք է լինի։

Հայաստանից շատ բան է կախված, բայց Հայաստանը շատ վաղուց ցույց է տվել, որ այն, ինչ իրենից կախված է, ինքն ուղղակի ի վիճակի չէ դրանք իրականացնել։ Հայաստանի կախվածությունը Մոսկվայից այնքան մեծ է, որ չպետք է սպասել, թե Հայաստանը կկարողանա լուրջ դերակատարում ստանձնել և փորձել իր միջոցներով խթանել Ադրբեջանին սանձելու գործը։

Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ իրենց համար ընդունելի են «ռուսական առաջարկները», ի՞նչ հետևանքներ սա կունենա։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Ալիևը միանշանակ մերժելու էր բրյուսելյան գործընթացը, և ինքն ամեն կերպ պետք է մնա արևմտյան առաջարկների դաշտում։ Բնականաբար, Փաշինյանը շահագրգռված է, որպեսզի Արևմուտքը շատ հարցեր լուծի Ադրբեջանին սանձելու տեսանկյունից, բայց միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ինքը Կրեմլից ձերբազատվելու շանսեր չունի։ Շատ-շատ թելեր են կապում իրեն և իր թիմին Կրեմլի հետ, որպեսզի նա կարողանա այդ սարդոստայնից դուրս գալ։ Հետևաբար, իրեն մնում է ներկայացնել, թե բրյուսելյան ու մոսկովյան գործընթացներն իրար լրացնող են և բերելու են այնպիսի լուծումների, որտեղ բոլոր կողմերը կարող են շահած դուրս գալ։ Բայց դա այդպես չէ, հենց այն հանգամանքը, որ ռուս-թուրքական կողմը ամեն գնով պետք է տապալեր արևմտյան գործընթացը, դա էր ընդամենը Նիկոլ Փաշինյանի երաշխիքը, որ երկու կողմերում էլ իր ոտքը ամուր դնելով՝ իրենից հեռացնում էր ինչ-որ գործընթացի տապալման պատասխանատվությունը։

Ռուս-թուրքական ծրագրերն այս համատեքստում որո՞նք են։

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով հայտարարություններ է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։ Սա քաղաքականություն է և խնդիր ունի սպասարկելու այն ծրագրերը, որոնք հաստատված են ռուս-թուրքական մշակումներում, որտեղ Ադրբեջանը՝ թուրքական կողմը շահառու է։ Այդ համաձայնությունները վաղուց կայացված են, և կան շահաբաժիններ, որոնք թուրքական կողմը չի ստացել։ Ամենակարևորը, որն իրենց համար ամեն գնով լուծելու ենթակա խնդիր է, դա «Զանգեզուրի միջանցքն» է։ Վերջին ամիսներին Ադրբեջանը կաշկանդված էր արևմտյան ներգրավմամբ, և հիմա, երբ Ալիևն ուղղակի հրաժարվում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելուց, մեծանում է վտանգը, որ Ադրբեջանը նորից անցում կկատարի դեպի այն համաձայնությունների դաշտ, որը կար նախկինում և պլանային կերպով իրականություն էր դառնում։ Խնդիր առ խնդիր իրենք լուծում էին տարբեր միջոցներով՝ սկզբում հայկական բանակի ձեռքերը կապելու միջոցով, որպեսզի չկրակեր, հետո ռուս խաղաղապահների միջնորդությամբ զորքերը հայելային հետ քաշելու պատրվակով Ադրբեջանին տարածքներ հանձնելով։ Իսկ սեպտեմբերյան էսկալացիան ցուց տվեց, որ իրենք մեթոդաբանության երրորդ փուլին էին անցնել, արդեն ուղղակիորեն ռազմական ագրեսիայի դիմեցին։ Հիմա մենք տեսնում ենք, որ իրենք արդեն հող են նախապատրաստում նորից շարունակելու իրենց պլանային լուծումները, ըստ որի՝ Հայաստանից պետք է տարածքներ, որոշումներ ստանան։ Դրա վտանգը օր օրի մեծանում է, և եթե Արևմուտքն առաջիկայում շատ գործուն քայլեր չձեռնարկի, Ալիևն իրեն վստահ կզգա, որ կարող է արդեն գնալ այդ ծրագրային հերթական լուծումներին, որտեղ ինքը վաղուց ստացել է Ռուսաստանի համաձայնությունը։ Այսինքն՝ դա Ռուսաստանի հետ ընդհանուր համաձայնությունների մաս է, ընդհանուր առևտուր է տեղի ունեցել։

Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները ինչպե՞ս են անդրադառնում մեր տարածաշրջանի վրա։

Հատկապես վերջին շաբաթների ընթացում թե Իրանը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը քրդական գոծոնն ունենալով աչքի առաջ՝ անընդհատ դիմում են ռազմական ճանապարհով խնդիրների լուծման գործիքներին։ Սիրիայում, Իրաքում, Իրանի հյուսիսում կամաց-կամաց մի նոր թատերաբեմ է ձևավորվում, և այսօր արդեն կարելի է ասել, որ քրդական խնդիրը մերձավոր Արևելքի տարածքի շուրջ աշխարհաքաղաքական նոր հավասարակշռման բերելու համար դառնալու է հիմնական գործոնը, որի շուրջ աշխարհաքաղաքական ուժերի միջև ձևավորվելու է նոր բալանսավորված տարածքը։ Չմոռանանք, որ Ադրբեջանը վաղուց հրապարակային հայտնում է իր միջամտության մասին Իրանի հյուսիսում ապրող ադրբեջանցիների շահերը և իրավունքները պաշտպանելու տեսանկյունից։ Եվ հասկանալի է, որ ընդհանուր առմամբ լայն տարածաշրջանը գտնվելու է տեկտոնիկ փոփոխությունների մեջ։ Եվ կարելի է ասել, որ ինչ-որ կայծեր են պակասում, որպեսզի այդ լայն բռնկումը տեղի ունենա։ Այսինքն՝ Ադրբեջանի վերաբերյալ Արևմուտքի որոշումները կապված է նաև նրա հետ, թե Մերձավորարևելյան տարածաշրջանում ինչ զարգացումներ են լինելու։ Քրդական գործոնի հետ միաժամանակ Իրանում ադրբեջանական գործոնն է ոտքի կանգնելու, դրանք միմյանց հետ փոխկապակացված են։ Ադրբեջանը գտնվում է շահային տարբեր դաշտերում, մի կողմից ԱՄՆ-ն հայտարարում է Իրանի հետ կապված հարցերում Ադրբեջանին սատարելու մասին, բայց մյուս կողմից Հայաստանի հետ հարաբերությունների հարցով Ադրբեջանը մեծ ճնշման տակ է Ֆրանսիայի կողմից։