Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բարեփոխումներ, որոնք կարող են Հայաստանը դուրս բերել անդունդից՝ վարկանիշների և նորացված ակադեմիայի մասին, Մաս 2

Գրիգոր Բարսեղյան

Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգային գիտական մրցանակի դափնեկիր

Մաս 2. Վարկանիշների և նորացված Ակադեմիայի մասին:

Այս մասում (1-ին մասը տես՝ https://www.lragir.am/2022/11/20/750469 ) լուծումներ կառաջարկվեն գիտության վերածննդի համար (ինչը հավասարազոր է Հայաստանի վերածննդին)։ 

Ցույց է տրվելու, թե ինչպես ճիշտ Ակադեմիա ստեղծել՝ ինչպես հետազոտական համալսարան ստեղծել, ինչպես կազմակերպել գիտության ֆինանսավորումը, ինչպես օգտագործել գիտության նվաճումները երկրի կարիքների համար:  

Առաջին մասում ցույց էր տրվել, որ գիտության վերածննդի համար սկզբում անհրաժեշտ է որոշել գիտնականների և տեխնոլոգների վարկանիշները (այնուհետև դրանց հիման վրա ղեկավարման համակարգ ձևավորել)։ 

Ցավոք, մեզանում ղեկավարման ողջ համակարգն այնպիսին է, որ հիմնական պաշտոնյաները (և բարձրագույն իշխանությունում, և գիտության մեջ) մահու չափ վախենում են վարկանիշներին անդրադառնալ (քանի որ նրանք իրենց դիրքերը գրավել են որպես թալանչիներ և խաբեբաներ, չունենալով համապատասխան վարկանիշներ)։ Գիտե՞ք, երբ դրվեցին Հայաստանի կործանման հիմքերը։ 1970-ականների վերջին: Այն ժամանակ, մի գիտնականի (ով այժմ ակադեմիկոս է) ասացին, որ ամոթ է, գիտնական չլինելով ակադեմիկոս դառնալը։ Նա պատասխանեց՝ «Ես ավելի մեծ հնարավորություններ ունեմ, ինչո՞ւ չօգտվեմ։ Դրանից հետո նորմ է դարձել՝ արժանիքներ (վարկանիշ) չունենալով ակադեմիկոս կամ մեծ պաշտոնյա դառնալը։

«Վարկանիշը» գիտության մեջ վերադարձնելու համար նախ պետք է բացահայտել հենց վարկանիշը։ Ես բազմիցս հոդվածներ եմ գրել այն մասին, թե ինչպես պետք է որոշվի վարկանիշը: Ոչ ոք երբեք չի առարկել (առարկելու բան չկա), բայց չի քննարկել իմ առաջարկները (պարզ է թե ինչու՝ պաշտոնյաներին ձեռնտու չէ): Եթե պաշտոնյաներին ձեռնտու չէ, ուրեմն գիտությունը թող մեռնի՞:

Ճար չկա, պետք է նորից ու նորից խոսել այդ մասին։

Այս անգամ կփորձեմ լուծումներ ներկայացնել այնպես, որ հասկանա ավագ դպրոցի ցանկացած նորմալ աշակերտ։ Համառոտ շարադրում եմ հիմնական դրույթները, որպեսզի վերջապես տեղ հասնի։  

Գիտության վարկանիշի մասին:

Դոկտորների աստիճանակարգումը կարող է կտրուկ տարբերվել՝ աշխարհում կան տասնյակ միլիոնավոր դոկտորներ, տեսությունների հեղինակները միայն հազարներ են, և կան այնպիսիք, որոնք հատ ու կենտ են։ Ուրեմն, այս ամենը հաշվի չի առնվի, եթե չմտցվի աստիճանակարգում (կամ վարկանիշ): Ավելին, անհրաժեշտ է դոկտորների աստիճանակարգում։ Եթե նման աստիճանակարգումներ չմտցվեն, ապա դժվարությամբ կարդացող «դոկտորը» (Երևանի նախկին քաղաքապետը) և ականավոր գիտնական, ակադեմիայի նախագահ՝ Վ.Համբարձումյանը (նույնպես դոկտոր) մրցակիցներ կլինեն, և հասկանալի է, որ անգրագետ քաղաքապետը կհաղթի ականավոր նախագահին։ Դուք դա՞ եք ուզում:

Ես առաջարկում էի երկու մասից բաղկացած հետևյալ աստիճանակարգումը՝ պաշտոնական տվյալների և խորը վերլուծության վրա հիմնված:

Մաս 1։ (Աստիճանակարգում պաշտոնական տվյալների վրա հիմնված)՝

ատենախոսության պաշտպանություն, հաստատում, լավ հրապարակումների առկայության հաշվառում, լիագումար զեկույցների և էական միջազգային դրամաշնորհների առկայություն, միջազգային մրցանակի կամ պարգևի առկայություն: Տես մեկնաբանություն 1, հոդվածի վերջում:

Բայց դա ակնհայտորեն բավարար չէ: Օրինակ, հայտնի հայ գիտնականներ Վ.Համբարձումյանը և Ս.Մերգելյանը ճանաչում են ստացել երիտասարդ տարիքում և չէին կարող ժամանակին աստիճանակարգում ունենալ։ Նրանք պարզապես ժամանակ չունեին համապատասխան աստիճաններ հավաքելու համար։ Հետևաբար, անհրաժեշտ է լրացուցիչ, խորը վերլուծություն: Այստեղ բացատրություն է անհրաժեշտ։ Իրական ճանաչումն այն է, երբ այլ մասնագետներ պաշտոնական գիտական գրականության մեջ նշում են, որ այդ մասնագետը ակնառու արդյունք է ստացել: Դա կարող է լինել հայտնի խնդրի լուծում, նոր մեթոդի, սկզբունքի, ուղղության, տեսության ստեղծում։

Ասվածից հետևում է՝

Մաս 2։ (Աստիճանակարգում խորը վերլուծության հիման վրա)՝ 

այսինքն, կախված նրանից, թե արդյոք այլ ականավոր գիտնականներ գտնում են, որ այդ հեղինակը ստեղծել է մեթոդներ, սկզբունքներ, տեսության ուղղություններ, ստացել է արդյոք ակնառու արդյունք կամ ստեղծել ակնառու տեխնոլոգիա։ Տես մեկնաբանություն 2, հոդվածի վերջում: 

Այստեղ պետք է հիշել գլխավորը՝ ուրիշների կարծիքները պետք է վերցվեն գիտական տեղեկատվության անկախ աղբյուրներից։ (Կասկած չկա, որ ցանկացած խաբեբա համագյուղացիներից, ստորադասներից, սեղանակիցներից, մի շարք գրախոսություններ կներկայացնի մարդկանցից, ում նա կաշառք է տվել և ումից կաշառք ստացել: Ես չեմ կարող ասել, թե ով է կաշառք տվել: Պարզ է, որ դա կոպեկի արժեք չունի։ Կրկնում եմ, պետք է հաշվի առնվեն միայն այլ, հայտնի մասնագետների կարծիքները, որոնք վերցված են գիտական տեղեկատվության անկախ աղբյուրներից)։ 

 Այսպիսով, կյանքի կոչելով 1-ին և 2-րդ մասերը, կարող եք առաջարկել գիտնականների և տեխնոլոգների վարկանիշների 10 աստիճան (կամ, կարելի է ասել, դոկտորական մակարդակ՝ դոկտոր 1-10)։ Տես մեկնաբանությունները վերջում: 

Նշեմ շատ կարևոր մի հանգամանք։ Վարկանիշները կամ աստիճանակարգումը կարելի է որոշել մի քանի շաբաթվա ընթացքում և առանց որևէ ֆինանսական ծախսերի:

Երկրի Գիտական Խորհրդի ստեղծման կամ Ակադեմիայի բարեփոխման մասին:

Վարկանիշները որոշելուց հետո կարելի է անմիջապես կազմակերպել նոր Ակադեմիա կամ երկրի Գիտական Խորհուրդ (այդ վարկանիշների հիման վրա): Նման օրգանն անհրաժեշտ է՝ գիտությունը ավտորիտար ոլորտ է։ Հասկացեք, երբ վարկանիշներն արդեն որոշված են, երկրի Գիտական Խորհուրդը կամ, ինչը համարժեք է, նորացված Ակադեմիան ձևավորվում է պարզից էլ պարզ: Դրանք պետք է ներառեն ամենաբարձր վարկանիշ ունեցող գիտնականներ և տեխնոլոգներ: Ահա և վերջ: Այս առաջարկը չի կարող վիճարկվել: Միաժամանակ տեղի կունենա ակադեմիկոսների լյուստրացիա։ Ում վարկանիշներն ամենացածրը կլինեն, պետք է պարզաբանեն, թե ինչպես են ակադեմիկոս դարձել։

 Դա կլինի Գիտական Խորհուրդ թե Ակադեմիա թողնենք, որ պառլամենտում կոկորդ պատռեն ու քննարկեն դատարկախոսներն ու դիլետանտները։ 

Ներկայումս գոյություն ունեցող այնպիսի հրեշավոր նորմեր, ինչպիսիք են ակադեմիկոսներին անհեթեթ ցմահ վճարումներն ու գիտությունը կառավարելու ցմահ իրավունքը, պետք է մոռացվեն, մղձավանջային երազի նման:

Մեկնաբանություն 1։ Ես կառաջարկեի մտցնել աստիճանավորում (ճշգրտումներ) հետևյալ սխեմայի համաձայն: Սովորական դոկտորը (կամ «դոկտոր 1») այն մասնագետն է, ով պաշտպանել է իր թեզը և ունի ոչ ավելի, քան 20 աշխատանք գիտական ամսագրերում: Եթե 20-ից ավելի աշխատանք կա, դա արդեն «դոկտոր 2» – ն է։ 20 թիվը պատահական չի վերցված՝ Գերմանիայում մոտավորապես այդքան է պահանջվում դոկտորի երկրորդ աստիճան ստանալու համար – «Habilitazion»։ Հաջորդ մակարդակը որոշվում է նրանով, որ մասնագետը լավ հրապարակումներ ունի, այսինքն՝ լավ ամսագրերում հրապարակումներ, սա արդեն «դոկտոր 3»-ն է: Ավելի իրական ճանաչումը պայմանավորված է նրանով, որ մասնագետը ստանում է լիագումար զեկույցներ կամ էական միջազգային դրամաշնորհներ: Բացի այդ, եթե մասնագետը ուներ միջազգային դրամաշնորհ (որպես գլխավոր կատարող) և/կամ լիագումար զեկույց (որոնք երկուսն են), ապա դա «դոկտոր 4»-ն է: Եթե դրամաշնորհների և պլենար զեկույցների ընդհանուր թիվը 5 կամ ավելի է, ապա դա արդեն «դոկտոր 5»-ն է, վերջինները Արևմուտքում կոչվում են «mature scientist»։ Եթե բացի այդ, մասնագետն ունի միջազգային լուրջ մրցանակ, ապա դա արդեն «դոկտոր 6»-ն է։ Արևմուտքում վերջին երկու կատեգորիաների մասնագետներին անվանում են նաև «distinguisht scientist»։

Մեկնաբանություն 2։ Սկսեմ նրանից, որ տվյալ գիտնականի աշխատանքի իրական գնահատականը կարող են տալ նեղ մասնագետները։ Կրկնում եմ, միայն նե՛ղ մասնագետներ։ Դա գիտեն բոլորը և բոլորն ասում են այդ մասին։ Եվ բոլորը մոռանում են այդ մասին, երբ ակադեմիկոսների ընտրություններ են կամ հարկավոր է որևէ պաշտոն ստանալ։

 Մինչդեռ անիրատեսական է տարբեր երկրների գիտնականների կարծիքներ իմանալ մեր մասնագետների մասին։ Պատկերացրեք, խոսքը Հայաստանի համարյա 4000 գիտաշխատողների մասին է։

Իմ գաղափարը նրանում է, որ դա պետք էլ չի անել։ Բանը նրանում է, որ գնահատման վերն առաջարկված համակարգը («դոկտոր 1-6»), այդ 4000-ի ճնշող մեծամասնության համար, վարկանիշների հստակ պատկեր է տալիս: 

Մնում են շատ փոքր թվով (բացառիկ) գիտնականներ: Նրանք այն գիտնականներն են, որոնց վերաբերյալ գիտական գրականության մեջ կան տվյալներ, որ նրանք ինչ-որ նշանակալի բան են ստեղծել: Իմ դիտարկմամբ Հայաստանում այդպիսիք 50-ից ոչ ավելի են։ Նկատեք, դա քիչ չէ։ Հնարավոր է, Ադրբեջանում նման միայն մեկը կա։ 

Բացառիկ ասելով մենք նկատի ունենք (ուշադրությո՛ւն) այնպիսի գիտնականների, ովքեր, առնվազն երեք անգամ, հաստատված տվյալներ ունեն (ուշադրությո՛ւն), վերցված գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից, այն մասին որ նրանք՝

– ստեղծել են նոր մեթոդներ, սկզբունքներ, տեխնոլոգիաներ կամ հայտնի խնդիր լուծել («դոկտոր 7»),

– ստեղծել են նոր ուղղություններ գիտության մեջ, տվյալ ոլորտում նշանակալի խնդիրներ են լուծել կամ նշանակալի նոր տեխնոլոգիաներ ստեղծել, որոնք դեռ ներդրման փուլում են («դոկտոր 8»),

 – ստեղծել են նոր տեսություններ, լուծել են բացառիկ խնդիրներ կամ ստեղծել բացառիկ տեխնոլոգիաներ, որոնք ներդրման փուլում են («դոկտոր 9»),

 – ստեղծել են նոր դասական տեսություն կամ լուծել աշխարհահռչակ խնդիր կամ ստեղծել համաշխարհային նշանակության տեխնոլոգիա, որն արդեն ներդրված է («դոկտոր 10»):  

(Կրկին ուշադրությո՛ւն: Այստեղ ազատ մեկնաբանման և փաստերի խեղաթյուրման համար տեղ չկա։ Տեղեկատվությունը, որ տվյալ գիտնականը ինչ-որ բան է ստեղծել, պետք է հաստատվի գիտական տեղեկատվության պաշտոնական աղբյուրներում առնվազն երեք անգամ: Մենք պնդում ենք երեք անգամվա հաստատումը հետևյալ նկատառումներով։ Մի անգամ ինչ-որ մեկը կարող է գովել ինչ-որ մեկին: Դա լավ է, բայց դեռ հուսալի չէ: Մենք չենք կարող վստահ լինել, որ գնահատականը վերջնական է։ Երկու անգամ գնահատեցին՝ զգալիորեն ավելի լավ։ Եվ միայն երեք նման կարծիքն է տալիս վստահություն, որ գնահատականը հավաստի է։)

Այս տեսակի տվյալները շատ ավելի բարձր են գնահատվում, քան նախորդ դոկտորական աստիճանավորումներում արտացոլված տվյալները (1-6):