Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Բերանները հենց բացում են՝ հակահայ կեղտոտ լուտանքներ են եւ ցնցող խոստովանություն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման հնարավորության կապակցությամբ հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյունկտուրային շահերով:

«Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ», ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: «Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն», հավելել է Զախարովան:

«Կոնյունկտուրային շահեր, Ադրբեջանի հետ սահման, Ռուսաստանի դուրսմղում տարածաշրջանից»՝ գնալով թանձրացող խումարների արանքում Զախարովան երեւում է արդեն ժամանակ չի ունենում աշխատել ձեւակերպումների վրա, վատ վիճակի մեջ դնելով իր գլխավոր եւ գերագույն գլխավոր ղեկավարին։ Պարզվում է՝ Հայաստանը «Ադրբեջանի» հետ սահման ունի, հակառակ իր ղեկավարների պնդումների, ինչն էլ նշանակում է ընդունել, որ Ռուսաստանն առնվազն աչք է փակել Բաքվի ագրեսիայի վրա։ Այստեղից էլ մյուս հարցը՝ եթե Եվրոպան կոնյունկտուրային շահ է հետապնդում, եւ գոնե այդպիսով չեզոք է, ո՞ւմ եւ ինչ շահեր է հետապնդում Ռուսաստանը։

Հայաստանի կողմից եվրոպական քաղաքացիական դիտորդները երեւում է խանգարում են ավարտին հասցնել սեպտեմբերի 13-14-ին կիսատ թողածը։ Եվրոպան արդեն արձանագրել է, որ Ռուսաստանն անկողմնակալ իրավարար չէ եւ առաջնորդում է Բաքվի ագրեսիան, դիտորդները դա կարող էին արդեն իրենց աչքով տեսնել։ Թեեւ, նրանց տեսածն էլ արդեն բավարար է նման եզրահանգման համար։

Գանք Զախարովայի երրորդ՝ Եվրոպան ձգտում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից պնդմանը։ Ստացվում է՝ դա ձեռնտու է Հայաստանին։ Այսինքն, այդպես էլ կա, պարզապես Զախարովան խոստովանում է դա։

Զախարովայի ամեն մի ելույթ Մոսկվայի հակահայ նպատակների հերթական խոստովանությունն է, եւ որքան խորանում է իրավիճակը, այդ խոստովանությունները դառնում են պարզապես մերկացումներ։ Դա անխուսափելի էր, ինչպես եւ անխուսափելի է Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից։