Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Բոլշոյ» թատրոնի մեներգիչը կարիերան կշարունակի Երեւանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հարցազրույց երիտասարդ տենոր Ռոման Խնկոյանի հետ

– Հարգարժան Ռոման, վերջերս Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Բիզեի «Կարմեն» օպերայում (ռեժիսոր՝ Արմեն Մելիքսեթյան, երաժշտական ղեկավար եւ դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) հանդես եկաք Ռեմենդադոյի դերերգով։ Ներկայացումից առաջ, եւ նույնիսկ մինչ օրս, մասնագետների ու հանդիսատեսի շրջանում չեն դադարում խոսակցությունները ձեր անվան շուրջ։ Մեզ հետ զրուցած մասնագետները փաստում են ձեր հիանալի երգչական ձայնի մասին, մի մասը հիացած է ձեր խաղով։ Մեզ հասած որոշ տեղեկություններ էլ հավաստիացնում են, թե Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնում կարիերա սկսած երգիչը պատրաստվում է տեղափոխվել, ապրել ու ստեղծագործել Երեւանում։ Բայց մինչ այդ կխնդրեինք շատ հակիրճ ներկայացնել ձեր ուսման շրջանը, «Բոլշոյում» գործունեությունը, մանավանդ որ՝ այսօր միակ հայազգի երգիչն եք այդ հեղինակավոր թատրոնում։

– Ծնունդով Սոչիից եմ, վերջին տասը տարիները ապրել, սովորել ու գործունեություն եմ ծավալել Մոսկվայում։ Ի դեպ, ծնողներս Ջավախքից են, մասնագիտությամբ մաթեմատիկոսներ։ Բնականաբար, հանրակրթական ուսմանը զուգահեռ, սովորել եմ երաժշտական դպրոցում, հետո երաժշտական թատրոնի մեներգչի մասնագիտություն ձեռք բերել Մոսկվայի Պոպովի անվան Երգչախմբային արվեստի ակադեմիայում, որն ավարտելուց հետո ուսանել եմ նաեւ մեծանուն օպերային երգչուհի Գալինա Վիշնեւսկայայի անվան օպերային երգեցողության կենտրոնում։ Զուգահեռ 2016-22թթ. հանդիսացել եմ Մոսկվայի օպերետի թատրոնի արտիստ, իսկ ընթացիկ տարվա գարնանից՝ «Բոլշոյ» թատրոնի մեներգիչ եմ։ Հանդես եմ եկել չորս ներկայացումներում. Պուչինի՝ «Բոհեմ», Չայկովսկի՝ «Իոլանտա», «Պիկ թագուհին» եւ Բիզե՝ «Կարմեն»։ Իսկ հետոն դուք արդեն գիտեք. հոկտեմբերից Երեւանում եմ, բեմ եմ բարձրացել «Կարմեն» օպերայում, դեկտեմբերի 5-ին դարձյալ հանդես կգամ նույն օպերայում, նույն դերերգով։ Բնական է, որ առայժմ պայմանագրով եմ աշխատում, իսկ իրավաբանորեն այն հնչում է այսպես՝ թատրոնի օպերային թատերախմբի մեներգչի ծառայությունների մատուցում։ Շատ շնորհակալ եմ թատրոնի ոչ միայն գործընկերներիս, այլեւ ընդհանրապես կոլեկտիվին՝ իսկապես մեծ օգնության, աջակցության համար։ Եթե չլիներ նման վերաբերմունք, կարելի է պատկերացնել, թե դեբյուտանտիս համար ի՜նչ խնդիրներ կծագեին։ Դեկտեմբերի 14-ին Տիգրանյանի «Անուշում» Անցորդ եմ երգելու։ Կուզեի հավաստիացնել, որ յուրաքանչյուր հայ արվեստագետի համար մեծ երազանք է ապրել ու ստեղծագործել հայրենիքում։ Փաստորեն իմ երազանքն իրականություն է դարձել։

Երգիչը՝ «Բոլշոյ» թատրոնի «Իոլանտայում»։

– Ինչպես նշեցիք՝ իրականացել է ձեր երազանքը՝ ապրել եւ ստեղծագործել հայրենիքում, բայց թույլ տվեք նկատել, որ Երեւանի օպերային թատրոնի հետ ձեր պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 25-ին։

– Ձեզ հասած խոսակցությունները, թե պատրաստվում եմ տեղափոխվել, ապրել ու ստեղծագործել Երեւանում, այլեւս իրականություն է, քանի որ նոյեմբերին իմ դիմումի համաձայն ազատվել եմ «Բոլշոյ» թատրոնում աշխատանքից։

– Ինչպե՞ս ստացվեց ձեր հանդիպումը դիրիժոր, Երեւանի օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ, գուցե Մոսկվայում կամ Ռուսաստանի այլ քաղաքներում նրա հյուրախաղերի ժամանա՞կ եք ծանոթացել։

– Հանդիպումս մաեստրո Դուրգարյանի հետ կայացել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գայանե Գեղամյանի շնորհիվ, որին երախտապարտ եմ այդ հանդիպումը կազմակերպելու համար։

Ռոման Խնկոյանը երեւանյան «Կարմենում»։

– Իհարկե, հաճելի է եւ ողջունելի, որ մեր հայրենակիցը նման որոշում է ընդունել, բայց, այդուհանդերձ…

– Պատասխանեմ այսպես. նախ կրկնեմ, որ ինձ առաջին օրվանից հաճելիորեն գրավեց Երեւանի օպերային թատրոնի կոլեկտիվը, այստեղ ինձ վստահեցին դերերգեր, այդ թվում՝ գլխավոր։ Այս պահին պատրաստում եմ Ալֆրեդի դերերգը Վերդիի «Տրավիատայում»։ Մի խոսքով՝ կարճ ժամանակահատվածում տեսա, համոզվեցի ու զգացի, որ, թույլ տվեք ասել՝ արդեն ի՛մ թատրոնում ես տեսնում եմ մեներգչի համար ամենակարեւորը՝ ոչ միայն այս օրը, այլեւ հեռանկար։ Խոսքս, իհարկե, գլխավոր դերերգեր ստանալու եւ հանդիսատեսին ներկայանալու մասին է։

Տենորը՝ «Բոլշոյ» թատրոնի դիրիժոր
Անդրեյ Լեբեդեւի հետ։

– Դուք հիմա երիտասարդ եք, բազում ծրագրեր են պտտվում ձեր գլխում։ Իհարկե, բալետի արտիստին հատուկ կարճատեւ բեմական կյանքը չի սպառնում երգչին, բայց ձեր «գործիքն» էլ ձայնն է, ինչն էլ կարող է, Աստված մի արասցե, դավաճանել ձեզ, ինչը տարիքից կախված չէ… Էլ չենք խոսում այն մասին, որ տարեց երգիչները շատ դժվարությամբ են հեռանում բեմից…

– Եթե գա այդ տարիքը, ես բեմից ոչ թե դժվարությամբ, այլ պարզապես կհեռանամ (ժպտում է- Ս. Դ.) եւ կգտնեմ օպերային արվեստից ոչ հեռու մասնագիտություն՝ շարունակելով գործունեությունս թատրոնում, օրինակ՝ վոկալի դասատու, ռեժիսոր, գուցե ադմինիստրատիվ աշխատանք վարեմ… Ձեր, ավելի ճիշտ՝ մեր թատրոնում նման օրինակ գիտեմ. մեծանուն տենոր եւ ռեժիսոր Գեղամ Գրիգորյան, որը թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, բեմադրել է «Անուշը» եւ այլն։ Գիտեմ, որ նա կարիերայի ինչ-որ մի շրջանում դադարեցրել էր բեմ դուրս գալը կամ հազվադեպ է դուրս եկել։ Այս ամենի մասին գիտեմ ռուսաստանյան մամուլից։

Որպեսզի դուք շատ չմտահոգվեք հասուն տարիքում իմ գործունեությամբ (ծիծաղում է- Ս. Դ.), տեղեկացնեմ, որ ներկայումս շարունակում եմ ուսումս Մոսկվայի երգչախմբային արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում, ունեմ մեկ այլ պահանջված մասնագիտություն եւս՝ պետական եւ վարչական կառավարում. ավարտել եմ Ռուսաստանի ժողտնտեսության եւ պետական ծառայության ակադեմիան։

– Մենք չխոսեցինք երիտասարդ երաժիշտներին հատուկ, կարծես պարտադիր գործունեության մի շրջանի՝ մրցույթների մասնակցության մասին…

– Մի քանի մրցույթների եմ մասնակցել, վերջինը այս տարվա գարնանն էր՝ Նադեժդա Օբուխովայի անվան, որտեղ արժանացա դիպլոմի եւ հատուկ մրցանակի՝ ռուսական ռոմանսի կատարման համար։

– Նշեցիք, որ ուսանողական տարիներին աշխատել եք Մոսկվայի օպերետի թատրոնում, գուցե մշակութային այլ ժանրերում է՞լ եք հանդես եկել, ասենք՝ ձայնագրվել եք, նկարահանվել շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ…

– Ոչ, ոչ։ Ես 2019-ից անդամակցում եմ անվանի դերասան Ալեքսանդր Կոլյագինի ղեկավարած Ռուսաստանի թատերական գործիչների միությանը եւ 2015-ից հանդիսանում եմ Նորվեգիայում գործող Էդուարդ Գրիգի անվան միջազգային ընկերության անդամ։ Այդ կազմակերպության հետ առաջին ծանոթությունս կայացել է մոտ 10 տարի առաջ, երբ Նորվեգիայում հանդես եկա Գրիգի ռոմանսների կատարումներով։ Գրիգը իմ սիրելի կոմպոզիտորների թվում է։ Գուցե ձեզ մոտ հարց ծագի, թե ինչ է տալիս ինձ թատերական գործիչների միությանը իմ անդամակցությունը, պատասխանեմ՝ հնարավորություն է սերտ կապեր ստեղծելու այդ ոլորտի անվանի գործիչների հետ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

նկարներ

Ռոման Խնկոյանը երեւանյան «Կարմենում»։

Երգիչը՝ «Բոլշոյ» թատրոնի «Իոլանտայում»։

Տենորը՝ «Բոլշոյ» թատրոնի դիրիժոր
Անդրեյ Լեբեդեւի հետ։