Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Չենք ունեցել հստակ մշակված հակաճգնաժամային կառավարման քաղաքականություն․ տնտեսագետը՝ գնաճի բարձր ցուցանիշների մասին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանում վերջին ամիսներին գրանցված գնաճի բարձր ցուցանիշների, դրա դեմ պայքարի մեխանիզմների մասին «Առավոտը» զրուցել է տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Վահե Վարդանյանի հետ։

 – Հայաստանում հոկտեմբերի վերջին 9,5% գնաճ է արձանագրվել, ինչը բարձր ցուցանիշ է։ Եվ առաջին հերթին առաջին անհրաժեշտության ապրանքներն են թանկանում։ Պատկան մարմինները դա բացատրում են համաշխարհային շուկայում եղած գործընթացներով։ Ձեր տպավորությամբ՝ իրականում ի՞նչ գործոններով է պայմանավորված գնաճը մեզանում, պատճառները իրոք օբյեկտի՞վ են։

– Խոսելով ՀՀ տնտեսական իրավիճակի և տնտեսական գործընթացների մասին, մենք պետք է մանրամասն վերլուծենք յուրաքանչյուր գործոն՝ հասկանալու պատճառահետևանքային կապը գրանցված այս կամ այն ցուցանիշի պարագայում:

Նույն մոտեցումը պետք է կիրառենք նաև հասկանալու համար ՀՀ-ում գնաճի մասին խոսելիս: Գրանցված և հայտարարված պաշտոնական 9.5% գնաճի իրական պատճառները բացահայտելու և հասկանալու համար մենք պետք է հասկանանք, թե ինչ ազդեցություն է ունեցել այս ցուցանիշը ՀՀ քաղաքացիների համար:

Իհարկե, չենք կարող հաշվի չառնել համաշխարհային շուկայում տեղի ունեցող զարգացումները։ Ի վերջո, մենք կղզում չենք ապրում, բաց տնտեսություն ենք։ Հատկապես պետք է հաշվի առնենք, որ մեր ամենամեծ ներկայացվածությունը ԵԱՏՄ շուկայում է և չենք կարող անմասն մնալ այդտեղից եկող ազդեցություններից։ Եվ չնայած գնաճի պատճառները հիմնականում օբյեկտիվ էին, սակայն մեծ մասը կանխատեսելի էին և կարելի էր նախապես հակաքայլեր մտածել ու տնտեսությունը պատրաստել նաև ճգնաժամային իրավիճակներին։

2022-ում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքները ՀՀ-ի վրա հաշվի առնելով՝ կարող ենք պնդել, որ մենք չենք ունեցել հստակ մշակված հակաճգնաժամային կառավարման քաղաքականություն և հիմա էլ չունենք նախատեսված բյուջե հակաճգնաժամային գործողությունների համար:

ՌԴ- Ուկրաինա հակամարտության հետևանքով՝ մեծաքանակ մարդկային հոսքը իր հետ բերեց արտարժույթի մեծ ներհոսք, որի պատճառով նաև տեղի ունեցավ գնաճ:

Հիմա էլ՝ հաշվի առնելով դեկտեմբեր ամսվա միջոցառումները՝ Մանկական Եվրատեսիլի հետ կապված, և Նոր տարվա՝ հիմնականում սպեկուլյատիվ թանկացումները, կունենանք տարեկան ավելի բարձր գնաճի ցուցանիշ:

– Գնաճը զսպելու համար ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն է ավելացրել, և նաև դրամի արժևորում է եղել։ Ձեր կարծիքով՝ դրանք բավարա՞ր մեխանիզմներ են եղել, ուրիշ ի՞նչ պետք է արվեր, որ չի արվել։

-Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, իհարկե, արդյունավետ միջոց է գնաճը զսպելու համար, բայց չպետք է մոռանանք, որ այն բացասաբար է ազդում տնտեսական ակտիվության վրա։ Պետք է այն բալանսավորված անել։ Դոլարի փոխարժեքի անկման դեպքում օգտվում են ներկրողները, և ազատ տնտեսական մրցակցային շուկա ունենալու դեպքում, հատկապես ներկրման ոլորտում, կունենայինք հավելյալ մեխանիզմ գնաճը զսպելու համար։ Բայց քանի որ մեր երկրում այդպես էլ չձևավորվեց ազատ մրցակցային շուկա, կոնկրետ ապրանքատեսակների գծով ունենք մեկ կամ մի քանի ներկրող կազմակերպություններ, և նրանք են որոշում ապրանքի գինը, արդյունքում դոլարի փոխարժեքի անկումից ստանում են գերշահույթ՝ չնվազեցնելով ապրանքների գները։

Իսկ եթե մոնոպոլ շուկաներ չլինեին, ներկրող կազմակերպությունների թիվն ավելանար, ապրանքների գներն արդեն կորոշեր շուկան, իսկ դա կբերեր գների նվազման։ Այս մեխանիզմի կիրառման բացակայությունն է, որ բերում է բարձր գնաճի։ Դոլարի փոխարժեքի նվազման պարագայում մենք իսկապես մեր կամքից անկախ հնարավորություն ունեինք մեղմելու գնաճը, սակայն չօգտվեցինք դրանից, քանի որ տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործիքակազմն արդյունավետ չի կիրառվում և պետական կարգավորիչ դերը թույլ է:

Թող մոնոպոլ ու օլիգոպոլ շուկաների առկայության վերաբերյալ արդարացումներ չլինեն, իբրև թե շուկան է փոքր։ Բավարար քաղաքական կամք ունենալու պարագայում կարելի է հասնել շուկայի ազատականացման։

– Ամբողջ աշխարհում է իսկապես գնաճ։ Բայց շատ երկրներում գնաճի ֆոնին նաև տեղի է ունենում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում։ Կենսաթոշակների բարձրացում եղել է, նվազագույն աշխատավարձի բարձրացում հունվարի 1-ից է նախատեսված։ Դուք վերլուծե՞լ եք, արդյոք ինդեքսավորված են դրանք գնաճի հետ։ Ի՞նչ պետք է անի պետությունը, որ գնաճին զուգահեռ եկամուտները համաչափ ավելանան։

-Կարծում եմ, անկախ ամեն ինչից, պետք է նախ գնաճը մեղմվի, հետո կառավարվի։ Գների կայունացումից հետո միայն ճիշտ կլինի անցնել եկամուտների ավելացմանը։ Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը գնաճին զուգընթաց կխթանի սպառումը, որն իր հետևից կբերի գնաճ։ Որպեսզի խուսափենք այդ սցենարից, նախ պետք է գնաճը զսպվի, և այն կառավարելի դարձնելու դեպքում նոր ավելացվեն եկամուտները։

9․5 տոկոսի գնաճի պարագայում մեզանում արված եկամուտների բարձրացումը այնքան քիչ է, որ ոչ մի կերպ չի ազդում կենսամակարդակի բարձրացման վրա։ Տպավորություն է, որ թոշակների այդչափ բարձրացումը նման գնաճի ֆոնին ոչ թե սոցիալական խնդիր է լուծում, այլ փիար արշավ է՝ որոշակի քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։

Եվ պետք է հասկանալ նաև, որ 9.5 % գնաճի ցուցանիշը միջինացված պայմանական թիվ է, որի բաղադրիչների իրական ազդեցությունը շատ ավելի մեծ է մեր քաղաքացիների վրա, մասնավորապես՝ Հայաստանում սպառողական զամբյուղի մեջ ներկայումս ներառվում են 450 անուն ապրանք և ծառայություն։ Պարենային ապրանքների կշիռը ՀՀ սպառողական զամբյուղում ներկայումս կազմում է շուրջ 46%, ոչ պարենային ապրանքներինը` 22%, իսկ ծառայություններինը` 32%:

Եվ քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կազմում է շուրջ 20 տոկոս, ավելի շատ հարվածի տակ են ընկնում ցածր եկամուտ ունեցողները։

Իրավիճակի իմ պատկերացրած լուծումն արդեն ներկայացրեցի․ գնաճը պետք է կառավարելի և կայուն դարձնել, որից հետո միայն պետք է համաչափ ավելացվեն եկամուտները, հատկապես կենսաթոշակներն ու նպաստները, քանի որ գնաճի ազդեցությունը կրող ամենախոցելի խավը կենսաթոշակառուներն ու նպաստավորներն են։

Կարծում եմ՝ նաև ներմուծումը հատկապես սպառողական զամբյուղի ապրանքների մասով հնարավորինս պետք է փոխարինվի տեղական արտադրանքով: Սա նաև կարող է լինել դրամավարկային քաղաքականության շրջանակում՝ արտոնյալ վարկերի միջոցով՝ տնտեսական ակտիվության խթանմամբ:

-Տնտեսական աննախադեպ աճի մասին հայտարարող կառավարությունը նաև խոսում է աղքատության ցուցանիշների բարձրացման մասին։ 2021 թվականին աղքատությունը կազմել է 26․ 5 տոկոս։ Ստացվում է, որ տնտեսական աճը չի ազդում մարդկանց կենսամակարդակի վրա։ Դա ինչո՞վ կբացատրեք։

-Մեր տնտեսության համար բաղկացուցիչ մաս են կազմում արտերկրից եկող տրանսֆերները, այդ իսկ պատճառով արտարժույթի արժեզրկումը նվազեցնում է տրանսֆերներից ստացվող եկամուտը, որն իր հերթին մեծացնում է աղքատության ցուցանիշը:

Թյուր կարծիք է ձևավորված, որ տնտեսական աճը ուղիղ կապ ունի կենսամակարդակի բարձրացման հետ։ Այսօրվա իշխանությունները երբեմն օգտագործում են այդ թյուրըմբռնումը հօգուտ իրենց վարկանիշի։

Նախ` պետք է հասկանանք, թե տնտեսության հատկապես որ ոլորտների հաշվին է ձևավորվում տնտեսական աճի ցուցանիշը, ոլորտներ կան, որոնց զարգացումը շատ չնչին ազդեցություն է ունենում կենսամակարդակի բարձրացման վրա, օրինակ, հանքահումքային արդյունաբերությունը ապահովում է պետության ներսում եկամուտների ձևավորման մեծ արդյունք, բայց կենտրոնացված է:

Ծառայությունների ոլորտը նույնպես բարձր է, որին մեծապես նպաստել են ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում մեր հանրապետություն եկած տնտեսվարողները:

Շինարարությունը նույնպես տնտեսական մեծ աճ է ապահովել, բայց այդ ոլորտը նույնպես զարգանում է հիմնականում դրսից եկող եկամուտների հաշվին: Այս բոլոր ոլորտներում տնտեսական ակտիվությունը համեմատաբար ավելի քիչ ազդեցություն է ունենում կենսամակարդակի բարձրացման վրա:

Այնպես որ լուծումն այն է, որ տնտեսապես ակտիվ մեր բնակչությանը և տնտեսվարողներին ինտեգրենք բարձր տնտեսական աճ ապահովող ոլորտներում: Իսկ պետությունը դրան ուղղված քաղաքականություն չի տանում։