Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Դատարաններն այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ տարիներ են տևում դատական գործընթացները. Թագուհի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանում դատարանների միջոցով խախտված իրավունքների վերականգնումը շատ հաճախ անհնար է դառնում. դատարաններն այնքան գերծանրաբեռնված են աշխատում, որ տարիներ են տևում դատական գործընթացները:

Սույն թվականի նոյեմբերի 8-ին Ազգային ժողովում կազմակերպել եմ աշխատանքային քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով:

Քննարկման ժամանակ հնչել են մի շարք առաջարկներ, որոնց լուծում տալու անհրաժեշտությունը առավել, քան արդիական է. գուցե օգնի ծանրաբեռնվածության թոթափմանը:

Ի թիվս այլ առաջարկների՝ դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կարևորվել է, որ նոտարների օրինակով դատավորներին ևս հնարավորություն տրվի օգտվել պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից այն հիմնավորմամբ, որ չնայած վերջիններս, դատական գործի շրջանակներում, իրենց լիազորությունների տիրույթում անհրաժեշտ տեղեկությունը ստանում են, սակայն դա տեղի է ունենում ժամանակատար գրագրության արդյունքում։

Դատավորներին՝ նոտարների օրինակով պետական մարմինների կողմից վարվող էլեկտրոնային շտեմարաններից օգտվելու հարցում համապատասխան օրենսդրական փոփոխություն անելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը պարզելու, ինչպես նաև սույն խնդրի լուծման վերաբերյալ նախարարության տեսլականը ճշգրտելու նպատակով 11․11․2022թ.-ին դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանին։

Ի պատասխան իմ գրության՝ 29․11․2022թ.-ին ստացել եմ պարզաբանում առ այն, որ նախատեսվում են փոփոխություններ իրականացնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում, իսկ մատնանշված հարցերի շարքում է նաև վարչական մասնագիտացմամբ դատավորներին էլեկտրոնային տեղեկատվական համակարգերին (օրինակ՝ ԱՆ ՔԿԱԳ գործակալության, ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բազաներ և այլն) հասանելիություն տալու հնարավորության նախատեսումը՝ անհրաժեշտ գաղտնիության ապահովման երաշխավորմամբ, ինչպես նաև այն, որ ՀՀ արդարադատության նախարարությունն ունի դրական դիրքորոշում բարձրացված հարցի վերաբերյալ։ Այսինքն՝ նախարարությունը խոստացել է, որ առաջիկայում դատավորների կողմից բարձրացված հարցը կլուծվի։

Հետևողական եմ լինելու, որպեսզի խոստումը չմնա թղթի վրա, այլ վերածվի կիրառելի օրենքի:

Միջազգայնորեն ընդունված է այն մոտեցումը, որի համաձայն՝ «ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության», իսկ գործը ողջամիտ ժամկետում քննելու պահանջն արդար դատաքննության իրավունքի անկյունաքարերից մեկն է, և դրա խախտումը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ուստի առավել, քան հրամայական է ձեռնարկել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով, որպեսզի գերծանրաբեռնված դատավորների կատարած աշխատանքը հնարավորինս թոթափվի, հատկապես, որ վերոնշյալի համատեքստում մերօրյա տեխնոլոգիական ոլորտի զարգացումը որոշակիորեն տալիս է դա իրականացնելու համար անհրաժեշտ գործիքներ։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան