Armenia

«Դպրոցների կառավարման խորհուրդներում խորն արմատներ եք գցել». Սամսոնյանը թվարկեց «Իմ քայլ»-ականների անունները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Ուսումնասիրել եմ Երեւանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը եւ ապշել: Պարզվում է, այս երկու տարում լուրջ փոփոխություններ են եղել այդ կազմում, որում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, նրանց օգնականներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ»,-ԱԺ նիստում այսօր «Հանրակրթության մասին ՀՀ օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Ապշել եմ, որովհետեւ դուք, պարոն նախարար, նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, եւ դա ճիշտ չէ: Միայն թե չասեք, թե դուք նախկինների պես չեք, որ դու ուրիշ եք: Ի՞նչ գործ ունեն ՔՊ ակտիվիստները դպրոցների կառավարման խորհուրդներում»:

Ապա Սամսոնյանը դիմեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին. «Պարոն Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան, ի՞նչ գործ ունեք դուք եւ ձեր օգնականները դպրոցների կառավարման խորհուրդներում: Մենք փորձում ենք բուհերի կառավարման խորհուրդներից դուրս քաշել «Իմ քայլի» պատգամավորներին, որպեսզի դրանք քաղաքականացված չլինեն, բայց, փաստորեն, դուք դպրոցներում ավելի խորն արմատներ եք գցել: Սա անթույլատրելի է»:

Այնուհետեւ Անի Սամսոնյանն Արայիկ Հարությունյանին հիշեցրեց վերջինիս խոսքերից, որ դպրոցների կառավարման խորհուրդները ոչ թե իրենց գործառույթներն են իրականացրել, այլ ծառայել են տեղի իշխանիկներին. «Հիմա ուզում եմ հասկանալ՝ ո՞ր իշխանիկներին են ծառայում այսօրվա կառավարման խորհուրդները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ