Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդգար Ղազարյան․ Ցույց տվեք այն փաստաթուղթը, որտեղ այդ ժամկետը գրված է, թե Աղավնոյի, Բերձորի բնակիչները պետք է դուրս գան օգոստոսի 25-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Բերձորում, Աղավնոյում եւ Սուսում , հավանական է, վերջին հայկական լուսաբացերն են: Համացանցում տեսանյութ է տարածվել, որ Աղավնոյի դպրոցն այրում է պահեստավորման համար չնախատեսված նյութերը: Բերձորում, Աղավնոյում,Սուսում սկսվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը: Հանում են խաչքարերը, որպեսզի, ինչպես Աղավնոյի համայնքապետն է ասում, թուրքը չգա եւ չպղծի, որովհետեւ տեսել ենք՝ պատերազմից հետո ինչպես էր պղծվում այդ ամենը, այդ թվում՝ նաեւ Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանը:

«Հայելի» ակումբում խոսելով տեղի ունեցողի մասին՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ասաց. «Ոչ մի իրավական հիմք գոյություն չունի Լաչինի միջանցքը ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու: Այս պահի դրությամբ դեռեւս գործող միակ փաստաթուղթը, որը մեզ համար անգամ կապիտուլյացիոն է, խոսքս 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, ոչ մի բառ չի նախատեսում, որ Լաչինի միջանցքը պետք է լինի ադրբեջանական վերահսկողության ներքո: Հակառակը, այդ հայտարարության մեջ ամրագրված է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտավորվում է ապահովել Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ուղեւորների, բեռների եւ տրանսպորտի ազատ տեղաշարժի անվտանգությունը: Այսինքն, ոչ միայն չի նախատեսվում, որ այն լինի իրենց վերահսկողության տակ, այլեւ սահմանված է, որ պետք է Հայաստանի եւ Արցախի միջեւ հուսալի կապը ապահովվի եւ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել դա ապահովելու համար: Սա են նոյեմբերի 9-ի իրավակարգավորումները:

Հիմա ասում են. օգոստոսի 25-ին ժամկետ է տրված, որպեսզի Աղավնոյի եւ Բերձորի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը: Ես ուզում եմ, որպեսզի այդ ասողները ինձ ցույց տան այն փաստաթուղթը, որտեղ այդ ժամկետը գրված է: Օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված է. մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստանի զինված ուժերը իրենց զորքերը դուրս են բերելու Աղդամի շրջանից, մինչեւ նոյեմբերի 15-ը՝ Քելբաջարի շրջանից…: Իսկ որպեսզի Աղավնոյի, Բերձորի բնակիչները դուրս գան օգոստոսի 25-ին, որտե՞ղ է գրված: Ոչ մի տեղ: Հետեւաբար, ո՞վ է այդ որոշումը կայացրել, որ պետք է այնտեղից դուրս գան»:

Պարոն Ղազարյանը նաեւ ասաց. «Արցախում մի նախարար կա, տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը՝ մի քանի միլիոն դրամի յուրացման քրեական գործը վրան: Ասում է, թե ճանապարհի մի մասը հայկական կողմը դեռ չի սարքել, բայց գրունտային մասից կօգտվենք: Այսինքն, 21-րդ դարում էշով, ձիով, արաբայով, սայլերով կգնանք-կգանք: Թե ինչ է Լաչինի միջանցքը, շատ հստակ գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա միայն ճանապարհ չէ: Դա տարածք է, որի մեջ կա նաեւ ավտոմոբիլային ճանապարհ, կա գազատար, կան բարձրավոլտ էլեկտրահաղորդման լարեր, կան կապի մալուխներ, որոնցով Արցախը կապվում է Հայաստանի հետ:

Չի կարող տարածքը, որում կան նաեւ հայկական բնակավայրեր, որտեղ հիմա մարդկ են ապրում, փոխարինվի ընդամենը մի ճանապարհով, որի մի զգալի մասը անցնում է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներով եւ կառուցվել է Ադրբեջանի բյուջեով, իրենց միջոցներով: Դա նշանակում է, որ իրենք ոչ միայն չեն ունենա որեւէ պատասխանատվություն անվտանգություն ապահովելու, այլ հակառակը, կունենան լիակատար իշխանություն այդ ճանապարհի նկատմամբ ցանկացած վերահսկողություն իրականացնելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ