Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Էդուարդ Շարմազանով. «Այս իշխանությունը ոչ միայն մսխել է Հայաստանի ինքնիշխանությունը, այլեւ նույն Արեւմուտքի առաջարկով համաձայնել է Արցախը տալ Ադրբեջանին»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Մոսկվա՞, թե՞ Վաշինգտոն. Հայաստանի ընտրությունը» խորագրով քննարկման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց առհասարակ հայ հասարակության առջեւ դրված այս խնդիրը եւ նշեց, որ խնդրին ամբողջական գնահատական տալ հնարավոր չէ, եթե հանրությանը չներկայացվի, թե ընդհանրապես ինչ է տեղի ունենում Կովկասում, որն է Հայաստանի տեղը: Ու պետք է խոսել նաեւ դրա գաղափարաբանական  բաղադրիչի մասին:

«Նախ պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն պետք է ունենա բովանդակություն: Ո՞րն է մեր պետության բովանդակությունը, մենք ո՞ր քաղաքակրթության մաս ենք. ավանդական, քրիստոնեական քաղաքակրթությա՞ն, թե մի չքաղաքակրթության, որտեղ ամեն ինչ կարելի է եւ կարմիր գծեր չկան: Իմ խորին համոզմամբ Հայաստանը արեւելաքրիստոնեական քաղաքակրթության մաս է, ինչպես նաեւ Ռուսաստանը: Արեւելաքրիստոնեական մշակույթը եւ քաղաքակրթությունը շատ են տարբերվում արեւմտյան չքաղաքակրթությունից: Որովհետեւ այսօր ավանդական արժեքներից, Աստվածաճանաչողության, հայրենիքի, եկեղեցու, ավանդական հասարակության, ավանդական ընտանիքի պաշտպանության դերն իր վրա վերցրել է արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը, այդ թվում՝ Ռուսաստանը:

Այս առումով մեկ անգամ չեմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը բնական դաշնակից են: Գանք մեր պատմությանը: Կովկասում Հայաստանն ունի երկու սպառնալիք. թուրք-նատոյական տանդեմը եւ Ադրբեջանը: Երբ ասում ենք թուրք-նատոյական սպառնալիք, նկատի ունենք այն արժեքաբանությունը, որը նրանք ներմուծում են այստեղ: Ավելի պարզ: 2018 թվականի այս չարիքի հեղաշրջումից հետո Հայաստան այցելեց Բոլթոնը եւ ոչ ավել, ոչ պակաս, հրապարակային ասաց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից: Իսկ պատմական կաղապարները ըստ իս, Հայոց պետականության ազգային նկարագիրն է, հայ ավանդական ընտանիքը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին է, Արցախի հարցում՝ ազգային ինքնորոշումը, Ցեղասպանության միջազգային ճանաչումն է եւ ավանդական դարձած ու ժամանակի փորձությունն անցած հայ-ռուսական դաշնակցությունը: Բոլթոնը ուղիղ տեքստով ասաց, թե ինչ պետք է անի այս իշխանությունը: Եվ տեսանք, որ պետբյուջեից գումար հատկացվեց ոչ թե Արցախյան պատերազմի հերոսի, բազմազավակ մոր, աշխատող բանվոր մարդու, գիտնականի, հայ օլիմպիական չեմպիոնի, այլ տխրահռչակ մարզիկի մասին ֆիլմ նկարելուն: Սրան զուգահեռ, տեսանք նաեւ հարձակում եկեղեցու վրա: Բանը հասել էր նրան, որ սկսել էին նոր շարժում. «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անունով: Մինչդեռ, պետականության բացակայության ժամանակ Հայ Առաքելական եկեղեցին ոչ միայն հավատքի տաճար էր մեր համար, այլեւ ազգային համախմբման, ազգապահպանության տաճար:

Հիմա գանք Արցախ: 44-օրյա պատերազմի ժամանակ ո՞ւր էր Արեւմուտքն այդ ընթացքում: Քննադատող որեւէ խոսք, ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ որեւէ սանկցիա տեսե՞լ եք: Եվ երբ մոլի արեւմտամետները պնդում են, թե երբ ՀԱՊԿ-ում չլինենք, Արեւմուտքը մեզ կօգնի, մոռանում են, որ այդ նույն Արեւմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկրներ են: Դրանք ի՞նչ արեցին, որ Շուշին մնա հայկական, որ 5000 զոհ չլինի, որ Ադրբեջանը չխախտի երեք հիմնարար սկզբունքներից կոնկրետ առաջինը՝ ուժի չկիրառումը»,-ասաց պարոն Շարմազանովը:

Որպես պատմաբան՝ ՀՀԿ խոսնակը ասաց, որ շատերը կարծում են, թե պատմությունը գիտություն է անցյալի մասին, մինչդեռ, ճիշտ հակառակն է. գիտություն է ապագայի մասին: «Անցյալը, պատմությունը նրա համար է, որ սովորես պատմության դասերը եւ ապագայում այդ սխալները չկատարես»,-ասաց Շարմազանովը եւ հայ-ռուսական հարաբերությունների օրինակներ բերեց, որոնք շահեկան են եղել հայերի եւ Հայաստանի համար: «Իսկ ինչ ենք ունեցել վերջին 30 տարիներին: Մինչեւ 2018 թվականը մենք տոնեցինք հաղթանակ, կերտեցինք հզոր բանակ եւ այդ ամենը՝ նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արդյունքում: Այսօր էլ պետք է գիտակցել, որ եթե չլինեն ռուս խաղաղապահները, եթե չլիներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օպերատիվ քայլը, 44-օրյա պատերազմի նատոյաթուրքական հեղինակները վաղուց արդեն ամբողջ Արցախում որեւէ հայ չէին թողել»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ հստակ նշեց. «Ես մի կուսակցության ներկայացուցիչ եմ, որը Հայաստանում անկախ պետականության ջատագով է: Ես մեր ռուս բարեկամներին էլ եմ ասել, որ մենք ունենք կարմիր գծեր ու այդ կարմիր գծերը Հայաստանի պետականությունն է, Հայաստանի իշխանությունն է եւ Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելն է: Բայց այս խումբը մսխել է ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությունը, այլեւ նույն Արեւմուտքի առաջարկով համաձայնել է Արցախը տալ Ադրբեջանին եւ, առհասարակ, Հայաստանը փորձում է դարձնել քարվանսարա, թուրքական բեռնատարների համար ընդհանուր օգտագործման մի տարածք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ