Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ». նշվեց Տիգրան Մանսուրյանի 84-րդ տարեդարձը

Հունվարի 27-ին լրացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակը։ Մաեստրոյի ծննդյան տարեդարձին «Կողբ» հիմնադրամի կողմից Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում կազմակերպվել էր մանսուրյանական երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին «8 Հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» (համաշխարհային պեմիերա) և Մեսրոպ Մաշտոցի խոսքերի հիման վրա գրված «Օրհներգ – Նավապետ Բարի» (հայաստանյան պրեմիերա) ստեղծագործությունները։ Դրանք ներկայացվեցին Հայաստանի պետական կամերային նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի կողմից։ Մենակատար՝ Տիգրան Քախվեջյան (բարիտոն), ասմունքող՝ Բաբկեն Չոբանյան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։

Մաեստրո Մանսուրյանը խոստովանում է, որ երաժշտություն գրելն իր համար գործ կամ ինքնարտահայտման միջոց չէ։ «Երաժշտություն ստեղծագործելը հենց ես եմ»,- ասում է Տիգրան Մանսուրյանը։ Երեկոյի ընթացքում հնչող բոլոր երկերի հիմքում գործում են հայ ավանդական ձայնակայքի տեսական հիմունքները, ինչպես նաև դրանց կիրառման հարուստ փորձի արդյունքը, որ մեզ ավանդել են մեր երաժշտության հայրերը դարերի ընթացքում։

Մաեստրո Մլքեյանը, անդրադառնալով համերգային ծրագրին, նշում է, որ շնորհիվ Տիգրան Մանսուրյանի՝ հայ ժողովրդի երաժշտական գանձարանին գումարվում է նոր, կարևոր մի բան։ Հնչող պրեմիերաները համաշխարհային գոհարներ են. «Երջանկություն է ներկայացնել Տիգրան Մանսուրյանի գործերը, մանավանդ, որ դրանք վերաբերում են ժողովրդական բանահյուսությանը և Մեսրոպ Մաշտոցին»։

Մաեստոր Մանսուրյանի նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերը կատարվել և կատարվում են ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով հայ կոմպոզիտորական արվեստի լավագույն ավանդույթները։ Համերգային երեկոյի գլխավոր հովանավորներն էին Fastbank-ը և Fastshift-ը, հովանավորները՝ Team Telecom Armenia-ն, FedEx-ը։