Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երիտասարդներին և նրանց տաղանդը բացահայտելը ոչ միայն ի նպաստ արվեստի է, այլև ի բարօրություն մեր հայրենիքի. Կարինե Դավթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Կարինե Դավթյանն ավելի քան 16 տարի ԵՊՀում գործող Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրենն է: Նա բեմադրում է տարաբնույթ ներկայացումներ, ուսանողներին հաղորդակից դարձնում իրական մշակույթին և շատ հաճախ լսում նրանց որպես ավագ ընկեր: Մեզ հետ զրույցում նա պատմել է մանկության երազանքի՝ թատրոնի, արվեստի ու մշակույթի հանդեպ մեծագույն սիրո և տարիների փորձառության մասին:

Պատմում է Կարինե Դավթյանը:

ԵՊՀում բեմադրված առաջին ներկայացումը:

Երևանի պետական համալսարանում աշխատում եմ արդեն 17 տարի՝ իբրև ոգեշնչման աղբյուր ունենալով երիտասարդության լուսավոր ապագան։ Համալսարանում թատրոնի ստեղծման համար առաջին հերթին պետք է կարողանայինք վերափոխել թե՛ ուսանողների, թե՛ ղեկավարների և թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի մտածողությունը։ Պետք է խոստովանեմ, որ այդ գործընթացը բավականին բարդ էր: ԵՊՀ շրջանավարտների միավորման հետ համատեղ կառուցեցինք բեմը, և առաջին բեմադրությունը եղավ «Հե՜յ, ո՞վ կա. պատասխանում է Ջիմ Բենդին»: Հիմա կասեք՝ նման պիես գոյություն չունի, և չեք սխալվի. դրանք տարբեր պիեսներ են, բայց ես կարծում էի՝ «Հե՜յ, ո՞վ կա»-ում Սարոյանը բավականին շատ հարցեր է հղում մարդկությանը, իսկ «Ջիմ Բենդի»-ում պատասխաններ է տալիս իր հարցադրումներին: Ես զուգորդեցի այդ երկու պիեսները, և վերնագիրը եղավ վերոնշյալը: Ներկայացումից հետո համալսարանում խառնաշփոթ առաջացավ. բեմադրությունը շատ տպավորիչ ու հետաքրքիր էր: Ներկայացումներում խաղալու համար ընտրում էի մտածող մարդու, որովհետև կարևորում եմ խոհուն մարդու գոյությունը բեմական արվեստում։

Ինձ հետ ծնվել է նաև սերն առ թատրոն

Դերասան դառնալը իմ երազանքն է եղել դեռևս փոքր տարիքում: Ներկայացումներ բեմադրելը եղել է իմ մանկական առօրյայի մի մասը: Թատրոնը միշտ և ամենուր եղել է ինձ հետ։

Ինչպե՞ս քայլել բոլորին հակառակ՝ դեպի նպատակը

Ամենամեծ դժվարությունն ու փորձությունը եղել է այն, որ ընտանիքս դեմ էր իմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելուն: Ի վերջո, հասկանալով, որ անհնար է խոսքով համոզել ընտանիքիս, որոշեցի գործով ցույց տալ նպատակիս հիմնավոր լինելը. Զ. Խալափյանի «Օրորոցային» պիեսում ստանձնեցի Անահիտի՝ գլխավոր հերոսուհու կերպարը։ Ներկայացումը դիտելուց հետո բոլորը միաձայն համաձայնություն տվեցին, և սկսվեց իմ թատերական ուղին…

Հետաքրքիր է ապրել ստեղծագործական կյանքով։

Իմ աշխատանքը համարում եմ շատ կարևոր առաքելություն, քանի որ երիտասարդներին և նրանց տաղանդը բացահայտելը ոչ միայն ի նպաստ արվեստի է, այլև ի բարօրություն մեր հայրենիքի։

ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն