Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Երկու խորհուրդ ՀՀ իշխանությանը՝ Արա Սահակյանից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Եթե Հայաստանում ոչինչ ու ոչ ոք չփոխվի, հայ-ռուսական հարաբերություններում լավ բան չսպասեք: Ջերմ ու վառվռուն տոնածառի հանդեսն է լինում». «Առավոտի» զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Արա Սահակյանը:

– Խորհրդարանական ընտրություններից մեկուկես տարի անց, ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ», չունեն այն կազմը, որով մտել էին խորհրդարան. երկու խմբակցություններից էլ պատգամավորներ հեռացան՝ տարբեր պատճառաբանություններով: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Փոխարենը, իշխանական խմբակցությունն է ամուր, թեեւ տրամաբանական կլիներ, որ վարվող քաղաքականությունը հանգեցներ հենց իշխանական խմբակցության տրոհմանը:

– ԱԺ անցած երեք ուժերը, երեք առաջնորդների շուրջը համախմբված կոալիցիաներ են: Մի ցուցակում գերիշխում է ՔՊԿ-ն, որը ԱԺ է բերել իրեն հարող մի քանի անհատների: «Հայաստանի» առանցքը ՀՅԴ-ն է, որի շուրջը բոլորվել են մի քանի անհատներ եւ փոքր կուսակցություններ: Իշխանությունը հալածում է «Հայաստանին», քանի որ սա ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է եւ այստեղ մեծամասնություն կազմող երեկվա պատգամավորները, նախարարները, բարձրաստիճան պաշտոնյաները «հարմար» են, որպես նախկինների դեմ անհաշտ պայքարի թիրախներ:

Քվոտաներով կազմված ցուցակներ են, եւ ոչ միշտ է հաջողվել պահպանել քաղաքական նպատակահարմարություն ու կուռ տրամաբանություն: Առհասարակ, կոալիցիայի մի անդամը չի կարող ազդել մյուսի որոշման վրա. յուրաքանչյուրը առաջ է բերում իր ցուցակը: Սակայն աննախադեպ է, երբ պատգամավորի մանդատից հրաժարվում են խմբակցության ղեկավարը կամ կուսակցությունների ղեկավարներ: Չի կարելի՜. ինչպես ընդունված է ասել երեխաներին…

Ինչ մնում է իշխանության ամրությանը, ապա իշխանության ամրությունը իշխանությունն է: Կա՞ իշխանություն, կա՛ ամրություն, չկա իշխանություն, կա ամլություն:

– Ի՞նչ անեն ընդդիմադիր խմբակցությունները՝ վա՞յր դնեն մանդատները, թե՞ մնան խորհրդարանում. երկու դեպքում էլ, կարծես փակուղի է ստացվում, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված իրավիճակից:

– Իրականության մեջ փակուղի չկա, փակուղին մեր գլխում է: Երեք հարյուր հազար մարդ վստահել է իրենց, ուրեմն պարտավոր են անտրտունջ պայքարել, վերահսկել գործադիրի անխտիր բոլոր քայլերը, մի խոսքով` զբաղվել քաղաքական աշխատանքով: Դա բխում է ընդդիմության սահմանադրական կարգավիճակից, եւ որեւէ մեկի քմահաճույքով չի որոշվում:

– Սոչիում, ՌԴ նախագահի հովանու ներքո կայացած հանդիպումից հետո, Հայաստանի եւ Արցախի սահմաններին կրակոցները շատացել են, մենք ամեն օր նման հաղորդագրություններ ենք ստանում ՊՆ-ից: Նաեւ, ամեն օր տարբեր ահազանգեր են հնչում այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի հետ սահմանային հատվածներում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակում, այդ թվում նաեւ ծանր: Ի՞նչ է սա վկայում` խաղաղության կոչված համաձայնագրի ստորագրմա՞նն ենք նախապատրաստվում:

– Պատերազմի վտանգի մասին մեր երկրի ներսում շատերն են խոսում, իսկ լոռեցու ասած «դրսերումը» այդ սպառնալիքը չեն նկատում: Հավանաբար, ուժային կենտրոնները դեռ չեն կողմնորոշվել` փոքրիկ Հայաստա՞նը, թե՞ անծիր Կենտրոնական Ասիան վերածել Ռուսաստանի հետ առճակատման հերթական պոլիգոն: Մեծերի ձեռքին խաղալիք ենք դարձել, ինչպես 150-100 տարի առաջ…

– Հայաստանում կայացած ՀԱՊԿ վերջին գագաթաժողովից, Հայաստանին այդ կառույցի կողմից օժանդակության փաստաթղթի չստորագրումից, հնչած տարբեր հայտարարություններից, Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի՝ 2018 թ. թվացյալ սառը հարաբերությունների ֆոնին այժմվա ջերմ ու վառվռուն փոխհարաբերություններից ի՞նչ տպավորություն ունեք:

– Ղեկավարների հարաբերությունների ջերմաստիճանի մասին եկե՛ք դատենք պետությունների քաղաքական, ռազմական, տնտեսական հարաբերություններով: Եթե Հայաստանում ոչինչ ու ոչ ոք չփոխվի, հայ-ռուսական հարաբերություններում լավ բան չսպասեք: Ջերմ ու վառվռուն տոնածառի հանդեսն է լինում:

– Մնա՞լ ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս գալ:

– Մնալ եւ ի նպաստ Հայաստանի ու նրա ժողովրդի օգտագործել այդ ռազմաքաղաքական կազմակերպության բոլոր հնարավորությունները: Խորհուրդս իշխանություններին` աչքներդ մի տնկեք հեռուն, դեռ ոչ ոք չի հերքել տնտեսական աշխարհագրական, պատմական, մշակութային գործոնների դերը արտաքին քաղաքականության մեջ: Եվս մեկ խորհուրդ` մի՛ խաբեք, որ չխաբվեք, եղե՛ք պարզ, շիտակ եւ հասկանալի, եւ ձեզ կհարգեն:

– Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն, օրերս իր հարցազրույցում ասել է՝ հնարավոր չէր, որ Արցախը հենց այնպես միանար եւ դառնար Հայաստանի գավառներից մեկը, արցախցիները երբեւէ չէին համաձայնի դառնալ պարզապես Հայաստանի մասը, ինչ-որ շրջաններից մեկը։ Այս հայտարարությունը միանշանակ չի ընկալվել, ինչո՞ւ են այսօրինակ թեզեր այժմ դրվում շրջանառության մեջ։

-Իսկ ո՞վ է այսօր դնում միացման նպատակ, որին էլ դեմ է արտահայտվում պարոն Վարդանյանը: Որքան ես եմ հասկանում, վերադարձել ենք 88-ի ելման կետին ու Արցախը հայկական պահելու խնդիր ունենք:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ