Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես 15 տարի ամեն օր տնակներում եմ, այդ մարդկանց պատմությունը լավ գիտեմ

Lragir.am-ի զրուցակիցն է Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը

Պարոն Թումասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունն այսօր դե յուրե պարտավորություն չունի երկրաշարժից տուժած որևէ ընտանիքի նկատմամբ։ Իրականում ի՞նչ իրավիճակ է։

Ինքն այնքանով է ճիշտ, որքանով պետությունն իր վրա պարտավորություն չի վերցրել անօթևաններին բնակարաններով ապահովելու համար։ Եթե պարտավորություն չես ստանձնում, հետևաբար չունես պարտավորություն։ Տնակային ավանների վերաբերյալ հաշվառումն այն նպատակով արվեց, որ պատկերը պարզ լիներ։ Դրանում մանրամասն գրված է, թե մարդիկ ինչու են դեռ տնակներում ապրում։ Ես կարող եմ յուրաքանչյուրին ապացուցել, որ Գյումրիում 15-20-ից ավելի ընտանիք չեն կարող գտնել, ովքեր բնակարան ունեն, տվել են վարձով և եկել տնակում են բնակվում։ Ես 15 տարի ամեն օր տնակներում եմ, այդ մարդկանց պատմությունը լավ գիտեմ։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ մարդիկ տուն ունեն, բայց եկել տնակում են բնակվում, չի կարող վերաբերել այսօր տնակում բնակվող ավելի քան 2000 ընտանիքի։ Սխալ է մի դեպք վերցնել ու ընդհանրացնել։ Երբ խնդիրը չեն կարողանում լուծել, սկսում են քարկոծել։ Նախորդ իշխանությունների օրոք ևս այդ մեթոդը կիրառվում էր։ Տնակներում ապրող ընտանիքներն այսօր լրիվ անպաշտպան են։ Այսինքն՝ և ընդդիմության կողմից են այսօր անտեսված, և իշխանության։ Ընդդիմությունն ասում է՝ իրենք իշխանությունների պոտենցիալ ընտրազանգվածն են, ինչ անում են, իրենց հասնում է, իշխանությունն էլ այդ մարդկանց սոցիալական խնդիրները չի լուծում։ Եվ փաստորեն այս մարդիկ տարբեր կողմերից անտեսված են։ Եթե 10-20 տարի առաջ այդ ընտանիքների անդամները դեռ երիտասարդ էին, կարող էին իրենց պաշտպանել, հիմա տարիքն առած, խեղճ ու կրակ մարդիկ են՝ ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ու տարբեր հիվանդություններ ձեռք բերած։

Նախկինում բնակարանների փոխհատուցումն իրականացվում էր ըստ ընտանիքի անդամների քանակի։ Հետո որոշում կայացրին փոխհատուցել կորցրածի քանակով։ Այս 34 տարվա ընթացքում ընտանիքները բազմացել են, 3-4 ընտանիք է ձևավորվել։ Եվ նրանց տալիս են մեկ բնակարան, բնական է, որ երեք ընտանիքով չէին կարող բնակվել մեկ բնակարանում։ Մի ժամանակ կառավարության կողմից որոշում կայացվեց թույլատրել ընտանիքներին կիսվել՝ մեկ տնակը պահել, մյուսը՝ քանդել։ Հիմա ստացվում է, որ եթե երկու եղբայր են, մի ընտանիքը տուն ունի, մյուսը տնակում է ապրում։ Եթե Նիկոլ Փաշինյանը դա նկատի ունի․․․

Երկրաշարժի հետևանքով քանի՞ անօթևան ընտանիք կա Գյումրիում։

Մենք ունենք 300-400 ընտանիք, ովքեր դատական կարգով իրենց իրավունքը վերականգնել են։ Նախկինում անօթևանների ցուցակը կազմելիս նրանք ուշացել էին, դիմել են դատարան ու վերականգնել իրենց իրավունքների վերականգնման խնդիրը։ Այդ ընտանիքներին դեռ չեն փոխհատուցել։ Կառավարության բնակբաշխման հանձնաժողովը ժամկետ էր նշանակել, որ անօթևանների ցուցակում հաշվառվածներն այդ ժակետում պետք է ներկայացնեին իրենց գործերը։ Նրանց մի մասը չկարողացան այդ փաստաթղթերը հավաքել՝ տարբեր պատճառներով։ Մոտ 200-300 նման ընտանիք կար, նրանք էլ մնացին առանց փոխհատուցվելու։ Նաև կան ընտանիքներ, ովքեր մասնակի են փոխհատուցվել․ մոտ 300 ընտանիք ունեինք, ովքեր դրամական փոխհատուցման ենթակա էին, պետությունն իրենց ինչ-որ մաս պարտք էր մնացել։ Եվ այս պայմաններում հայտարարել, թե երկրաշարժի հետևանքով բոլոր անօթևան ընտանիքները փոխհատուցվել են, ճիշտ չէ։ Թող ասեն՝ պետությունն ի վիճակի չէ ծրագիր իրականացնել։ Միայն Գյումրիում այսօր մոտավորապես 2300 ընտանիք բնակվում է տնակում։ Բայց կան նախկին գործարանային հանրակացարաններ, որտեղ էլի շատ ծայրահեղ աղքատ ընտանիքներ են ապրում, նրանց հաշվառումը չի իրականացվել, որովհետև խնդիր էր դրված հաշվառել միայն տնակները։ Կան նաև վթարային շենքեր, որոնց բնակիչներին չեն հաշվառել անօթևանների ցուցակում, որովհետև իրենք փաստացի բնակարան չէին կորցրել։ Երկրաշարժից հետո ամեն տարի խոստանում էին այդ շենքներն ամրացնել, բայց այդ աշխատանքն էլ չեն արել։ Գյումրիում վերջին 10 տարիներին ոչ մի բնակարան չի կառուցվել անօթևան ընտանիքների համար։

«Հայաստան» հիմնադրամը միջոցներ հավաքեց, բնակարաններ պետք է գնվեին, այդ մարդկանց շահառու ճանաչեցին, որ բնակարանները դեռևս հոկտեմբեր-նոյեմբերին պետք է տային։ Նրանց մի մասն իրենց տնակները քանդել էին, որ պետք է գնային հիմնադրամի տրամադրած սոցիալական բնակարաններում բնակվելու, բայց հիմա քանդած տնակի մեջ նստել են։ Կառավարությունը թող ասի՝ ծրագիր չենք անում, վերջ, բայց չենք կարող մարդուն պարտադրել տնակից դուրս գալ։ Մենք տարբեր առաջարկներ ենք արել, կառավարությունը կարող է հին բնակֆոնդը գնել, վերանորոգել ու հատկացնել անօթևաններին։ Եթե խոսում են քաղաքի տեսքի մասին, միայն տնակները չեն, տնակները ծայրամասային թաղամասում են, բայց Գյումրիում կիսախարխուլ շենքեր կան, որոնք ավելի ահավոր տեսք ունեն։ Տնակային ավաններում մարդիկ ծանր հոգեբանությամբ, մեկուսացած ու աղքատ կյանքով են ապրում։ Ինչքան էլ կառավարությունը փորձի այդ խնդիրը «թաղել», պետք է անդրադառնա ու լուծի այն։