Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին չգնալ ու չզոհվել Պուտինի համար։ Նրանք միայն Հայաստանի դեմ մղվող պատերազմին պետք է մասնակցեն

Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը

Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիայի շրջանակներում հիմնականում զորակոչում են ազգային փոքրամասնություններին, ի՞նչ իրավիճակ է ՌԴ-ում։

Ըստ երևույթին Ռուսաստանի Դաշնությունում հայտարարվել է լայնամասշտաբ մոբիլիզացիա, ոչ թե մասնակի զորահավաք, ինչպես Պուտինն էր ասում։ Սա լայնամասշտաբ զորահավաք է, և ՌԴ-ն իր շարունակական քաղաքականությունն է իրականացնում ազգային փոքրամասնությունների նկատմամբ։ Չմոռանանք երկրորդ համաշխարհային պատերազմը, որի ժամանակ  ԽՍՀՄ կազմում գտնվող ոչ ռուս ժողովուրդները, այդ թվում՝ հայերն ավելի շատ զոհեր տվեցին։ Հիմա էլ նույն քաղաքականությունն է իրականացվում, Ռուսաստանն առաջին հերթին պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել ազգությամբ ոչ ռուսներին։

ՌԴ-ից նաև հայերի մեծ արտահոսք կա, ի՞նչ պետք է անեն ստեղծված իրավիճակում հայերը։

Ռուսական իշխանությունների տոտալ վերահսկողության տակ գտնվող մամուլում հանդիպում ենք տեղեկատվության, որ ՌԴ Պետդուման արդեն պատրաստվում է օրենքներ ընդունել ազգությամբ ոչ ռուսների համար։ Կա տեղեկություն, որ օրենք են ընդունելու, որ եթե, օրինակ, հայը Հայաստանում զինվորական ծառայություն անցել է, բայց ՌԴ քաղաքացի է, Ռուսաստանում նույնպես պետք է ծառայություն անցնի։ Եվ գնալով ավելի բարդ է լինելու նրանց համար ՌԴ-ից դուրս գալը, եթե, իհարկե, այսօր այդ հնարավորությունն ունեն։ Այսօր ցամաքային ճանապարհին խայտառակ հերթեր են, իսկ ավիատոմսերի գներն էապես աճել են։ Եվ սրան զուգահեռ օրենսդրական դաշտ է նախապատրաստվում, որպեսզի այդ քաղաքացիների ելքը ՌԴ-ից ուղղակի արգելվի։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին չգնալ ու չզոհվել Ուկրաինայի անտառներում։ Նրանք միայն Հայաստանի դեմ մղվող պատերազմին պետք է մասնակցեն։ Ողջ քաղաքակիրթ աշխարհն է դեմ Ուկրաինայի դեմ տեղի ունեցող գործողություններին, որը Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է որակում։ Բայց իրականում սա լայնամասշտաբ պատերազմ է, ագրեսիա է սուվերեն պետության դեմ։ Եվ հայերը հենց առաջին հերթին չպետք է մասնակցեն այս գործողություններին, որովհետև մենք ինքներս հարձակման զոհ ենք՝ Ադրբեջանը, համաձայնեցնելով Ռուսաստանի հետ, ներխուժել է ՀՀ տարածք։ Եվ այսօր ՀՀ-ն Ուկրաինայի հետ նույն դիրքերից պետք է հանդես գա և քաղաքակիրթ աշխարհին կոչ անի, որպեսզի դատապարտեն այս ամենը։ Յուրաքանչյուր հայի համար ամոթ է ու սխալ՝ գնալ զոհվել Վլադիմիր Պուտինի կապրիզների համար։ Ես կոչ եմ  անում նրանց՝ որևե կերպ մասնակից չդառնալ այդ հանցավոր գործողություններին։

Այսօր Վերին Լարսի ճանապարհին իրավիճակն ամենախոսուն պատկերն է, երեկ երեկոյան տվյալներով՝ մոտ 65 կիլոմետրի հասնող խցանումներ կային։ Օդային ճանապարհով Հայաստան գալը գրեթե անհնար է դարձել, որովհետև ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ 4-5 հազար դոլարով ավիատոմս գնել ու վերադառնալ ՀՀ։ Սա իրականում պահանջարկի մասին է խոսում։ Այստեղ ուզում եմ ընդգծել՝ միայն հայերը չեն հեռանում, զանգվածային արտահոսք է սկսել Ռուսաստանից։ Ազգությամբ ռուսներն իրենք էլ են հեռանում երկրից։ Փոխանակ մնան իրենց երկրում ու իրենց իշխանություններին հասկացնեն, որ պետք է դադարեցնել Ուկրաինայի դեմ այս ագրեսիան, նրանք ընտրում են գաղթի ճանապարհն ու մասսայաբար լքում երկիրը՝ բոլոր հնարավոր ու անհնարին ճանապարհներով։