Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Եթե ելք չունեք, դուրս եկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ճանաչեք Ղարաբաղի ինքնորոշման իրովունքը»

«Մենք չգիտենք, թե ինչ են ստորագրել ՀՀ իշխանությունները, մեզ հայտնի է մի փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ը»,- ԱԺ լսումների ժամանակ ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ «Պատահաբար ձեռքներիս տակ է ընկել դեկտեմբերի 18-ի փաստաթուղթը, որտեղ Կապան-Ճակատեն ճանապարհը զիջել են, հայկական հողերը տվել են Ադրբեջանին։ Դրանք չեն մտցվում օկուպացված հողերի տարածքների մեջ։ Եվ այստեղ ցինիկաբար հայտարարվում է, թե դա մերը չէր, որ Էյվազլի ու Չայզամի էր, բայց այդպիսի բնակավայրեր չկան այնտեղ, սուտ։ Մենք չգիտենք, թե 2021 թվականի հունվարի 11-ին ինչ է ստորագրվել, չգիտենք՝ ինչ է ստորագրվել նոյեմբերի 26-ին, չգիտենք՝ ինչ է եղել Սոչիում։ Բայց հիմա նայենք, թե ինչ ենք ստորագրել, մենք միայն այդ տարածքները չէ որ տվել ենք նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Մենք այնտեղ երկու բան էլ ենք տվել, նախ այդ փաստաթղթով սահմանել ենք, որ Լաչինի միջանցքը գործում է 5 տարի, այսինքն՝ 5 տարի հետո այդ փաստաթղթով Լաչինի միջանցքը կարող է չլինել, որովհետև Ադրբեջանը կարող է դրա հետ չհամաձայնել։ 9-րդ կետով մենք չենք օգտագործել միջանցք բառը, բայց ըստ իս միջանցք ենք տվել Հայաստանի տարածքով։ Սրա վրա 5 տարվա ժամկետ չկա, կարդացեք այդ փաստաթուղթը։ Չորրորդ կետում մենք գրել ենք, որ Հայաստանը հանձնում է Աղդամն ու Քելբաջարը։ Հայաստանը դա գրավե՞լ էր, որ հանձնում է։ ՄԱԿ-ի 4 բանաձև է եղել, մեզ հաջողվել է, որ ոչ մի տեղ մեզ ագրեսոր չճանաչեն։ Դու դա ստորագրել ես, Ադրբեջանը արդեն հայտարարում է, որ 50 մլրդ դոլարի ռեպարացիա է դնելու Հայաստանի վրա։ Հավատացեք, ինքը հասնելու է դրան, որովհետև մենք ստորագրել ենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը», ասաց Բագրատյանը։ Ըստ նրա՝ այս տեսակետից վարչապետի արածները քաղաքական խուլիգանություններ են։

Նա անդրադարձավ հարցին, թե ի՞նչ պետք է անել․ «Եթե ելք չունեք, դուրս եկեք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ճանաչեք Ղարաբաղի ինքնորոշման իրովունքը։ Եվ ամենակարևորը՝ իշխանափոխություն պետք է լինի, պետք է գան ադեկվատ մարդիկ։ Ո՞նց կարող է երկրի արտաքին քաղաքականությունը ներկայացնող մարդն անընդհատ սուտ խոսել։ Եթե Լաչինի միջանցքը գործում է 5 տարով, Սյունիքի արտատարածքային ճանապարհը, ես միջանցք բառը չեմ օգտագործում, գործելու է հավերժ։ Այնպես չէ, որ գնացել միամիտ սխալվել է, այս մարդը կողքինից չի կարողանում խորհուրդ հարցնել, ունակ չէ լսել, ուրեմն չի կարող ղեկավարել։ Վեր կացեք ասեք, որ Ալմաթիի հռչակագրում վերապահումներ կան, բայց դուք առանց վերապահումների հոկտեմբերի 6-ին հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է»։

Ըստ նրա՝ եթե առաջիկա մի քանի ամիսների ընթացքում վիճակը չփոխվի, լուրջ հիմքեր կան, որ Հայաստանը չի լինելու։