Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եթե կառավարությունը մեզ էշի տեղ է դնելու, ամեն մեկս մի մեքենա խաղող կբերենք կառավարության դիմաց կլցնենք. Խաղողագործ

Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության դիմաց:

«Գարնանից մշակում ենք խաղողի այգիները, հասել ենք հոկտեմբեր ամիս, բայց մեզ չեն ասում թե որտեղ պետք է մթերվի բերքը»,-հայտնեց բողոքի ակցիայի մասնակից Ռադիկը Հովհաննիսյանը և հավելեց. «Մի քանի տեղ մեզ առաջարկում են կիլոգրամը 100 դրամ, բայց այն մեր ծախսերը չի փակում, վնասով ենք դուրս գալիս»:

Նա տարակուսեց, որ կոնյակը և օղին թանկանում է, իսկ դրա հումքը՝ խաղողը էժանանում:

«Նախորդ տարի 130 դրամով էին մթերել և մի կերպ ենք ծախսերս փակել: Իսկ այս տարի վառելիքը, պարարտանյութը, բուժանյութը, թանկացել է և մեր ծախսերը չենք կարողանում փակել»,-ասաց Հովհաննիսյանը:

Ֆերմերը հայտնեց, որ այսօր գյուղերում այլ աշխատատեղ չկա, միայն այգիներն են, բայց եկամուտ չեն ստանում:

«1.7 հեկտար խաղողի այգի ենք մշակում ողջ ընտանիքով, անգամ աշխատող ենք վարձում: Անցած տարի բանվորն ինձնից 6-7 հազար դրամ էր ուզում, այսօր ասում է՝ վերմիշել, մակարոնը թանկացել և ինքն էլ 8 հազար դրամով է աշխատելու: Այսինքը՝ անգամ աշխատուժն է թանկացել»,-հայտնեց Ռադիկը Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ ուրբաթ բողոքի ակցիայի ժամանակ Վահան Քերոբյանն է իրենց մոտեցել և խոստացել, որ երկուշաբթի օրվանից գործարանը կբացվի և Գագաիկ Ծառուկյանը 120 դրամով կընդունի խաղողը, բայց երկուշաբթի օրը ոչ գործարանն է բացվել, ոչ էլ խաղող է մթերվել:

«120 դրամ ասաց, չհասկացանք, թե ինչո՞ւ Վահան Քերոբյանը մեզ ասաց ճամփու դրեց, այսօր կրկին եկել ենք»,-ասաց նա:

Մեկ այլ ֆերմեր էլ հայտարարեց, որ կառավարությունը գյուղացուն խաբում է ու չի կանգնում վերջինիս կողքին: Ըստ նրա՝ նախորդ տարի կառավարության մասնագետների հետ հաշվարկել են, որ խաղողի ինքնարժեքը 120 դրամ է լինում և պետք է մթերվի 130 դրամով, այսօր առաջարկում են 120 դրամ, որը նույնպես չի ապահովվում:

«Եթե կառավարությունը մեզ էշի տեղ է դնելու, ասելու է՝120 դրամով են մթերելու կամ ավելի պակաս,  և մենք պետք է այս տարի կմնանք առանց աշխատավարձ և այսպես, թե այնպես մենք սովի ենք մատնվում, այդ խաղողը կհավաքենք ամեն մեկս մի մեքենա կբերենք կառավարության դիմաց կլցնենք, թող իրենք օգտվեն դրանից»,-հայտարարեց գյուղացին: