Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Եվրամիության դիտորդների աշխատանքն ավելի մեծ արդյունք տվեց, քան Արցախում տեղակայված մի քանի հազար ռուս խաղաղապահների գործունեությունը

Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիության երեք տասնյակ դիտորդների աշխատանքն ավելի մեծ արդյունք տվեց, քան Արցախում տեղակայված մի քանի հազար խաղաղապահների գործունեությունը։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Դեկտեմբերի 20-ին ավարտվում է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ժամկետը։ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն կա։ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Եվրամիությունը կերկարաձգի առաքելության տեղակայման ժամկետը։

«Իմ կարծիքով՝ այդ առաքելության ժամկետը երկարաձգելու են։ Դա բնականաբար կախված է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունից, բայց ես ենթադրում եմ, որ բոլոր այն հանգամանքները, որոնք ազդել են այդ առաքելության տեղակայման որոշման վրա, շարունակում են գոյություն ունենալ։ Եվ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չեն կարողանա ձախողել այդ միջոցառումը։ Ես նկատել եմ, որ այդ երեք տասնյակ դիտորդների աշխատանքն ավելի մեծ արդյունք տվեց, քան Արցախում տեղակայված մի քանի հազար խաղաղապահների գործունեությունը։ Այս առաքելությունն ավելի մեծ ազդեցություն ունի, քան ռուսական 15-րդ մոտոհրաձգային բրիգադը, որի գումարտակը տեղակայված է Արցախում»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում պետք է մնա այնքան ժամանակ, մինչև այն կփոխարինվի միջազգային խաղաղարար ուժերով, որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը ջանքեր գործադրեն՝ ձգձգելու այդ որոշումը և հակադրվելու դրան։ «Գիտենք, որ Հայաստանը դեմ է միջազգային խաղաղարար ուժերի տեղակայմանը, դրա մասին վարչապետը հրապարակային արտահայտվել է՝ ասելով, որ Հայաստանը ցանկանում է ռուսական ռազմական ներկայությունը հնարավորինս երկար տեսնել Արցախում։ Որքան էլ այդ հայտարարություններն անեն, նախադրյալները կան, որ միջազգային  խաղաղարար ուժեր կարող են տեղակայվել»,- հավելեց նա։