Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը զանգահարել է Սեւան Քոչարյանին եւ սպառնացել. Եղիշե Վարդանյանի նախաքննական ցուցմունքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այսօր շարունակվեց «դիզվառելիքի գործով» նիստը: Այս գործով դատարանը գտնվում է վկաների հարցաքննության փուլում: Այսօր դատարանը շարունակեց վկա Եղիշե Վարդանյանի հարցաքննությունը:

Հիշեցնենք, այս գործով Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Մինչ հարցաքննությունը շարունակելը` դատարանը մերժեց պատասխանող կողմի միջնորդությունը, սույն գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանի ցուցմունքի արժանահավատությունը գնահատելու վերաբերյալ: Նախորդ նիստում պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանն էր նաեւ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացրել, որոնք մանրամասներ էին պարունակում վկայի՝ տվյալ շրջանի ֆինանսական վիճակի եւ կարողությունների մասին: Դատարանի գնահատմամբ, վաղաժամ է ապացույցների գնահատմանն անդրադառնալը, ուստի հարցը կտեղափոխվի դատաքննության այլ փուլի դիտարկման: Միաժամանակ, դատավորը հայտարարեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը վերաբերում են գործին, քանի որ առնչվում են առանցքային վկային ու նրա կապերին, դրանք կցվել են գործի նյութերին, բայց ապացույցի կարգավիճակ դատարանն այդ փաստաթղթերին չի տա:

Իսկ վկա Եղիշե Վարդանյանին, պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հրաժարվեց հարցաքննել, քանի որ, իր գնահատմամբ՝ «վկան տվյալ ընկերության հետ որեւէ առնչություն չի ունեցել»: Նման տպավորություն, պաշտպանը ստացել էր նախորդ նիստում՝ վկային՝ մեղադրողի ուղղած հարցերից ու դրանց պատասխաններից: Մեղադրողի տպավորությամբ էլ, վկայի նախաքննական ցուցմունքների եւ դատարանում արած հայտարարությունների միջեւ էական հակասություններ կան, որոնք վերաբերում են «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանի՝ Սեւան Քոչարյանին արված հեռախոսազանգին եւ խոսակցությանը:

Դատավորը ևս հակասություններ էր արձանագրել վկայի ցուցմունքներում, քան որ վկան դատարանում իրեն ուղղված հարցերին հիմնականում պատասխանում էր, որ չի հիշում: Թեեւ քրեական օրենսգիրքը չի սահմանում «չհիշելու» հիմքով նախաքննական ցուցմունքների հրապարակում, բայց քանի որ վկայի պատասխանները թերի էին, վկայի նախաքննական ցուցմունքները հրապարակվեցին:

Ըստ այդմ, նախաքննության ժամանակ Եղիշե Վարդանյանն ասել է, որ Սեւան Քոչարյանի հետ սկսել են համատեղ աշխատանքը 2011 թվականից, այն բանից հետո, երբ նա «սնանկ» էր: Վերջինիս սնանկ լինելու մասին էլ, արդեն ի պատասխան մեղադրողի հարցի, ասաց, որ իմացել է հենց Սեւան Քոչարյանից, փաստաթղթեր չի տեսել, բայց իմացել է, որ նրա «գործերը վատանում են, տուն է վաճառում՝ Օրբելի խաչմերուկում՝ սեփական տուն, ավտո-բան»:

«…Սեւանին զանգահարեց «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանը եւ վիրավորական արտահայտություններով դիմելով Սեւանին՝ ասաց, թե հասկանո՞ւմ է, թե ո՞ւր է մտնում եւ այլն: Ես Սեւանի կողքին եմ եղել, բայց Յաշայի հետ խոսել է Սեւանը, ուստի խոսակցության մանրամասները նա կարող է ասել: Իրականում, Յաշայի հետ խոսակցությունից հետո մեզ պարզ դարձավ, որ որեւէ մրցույթ չի եղել, մեզ խաբել են: Բացի այդ, Յաշան գիտեր մեր առաջարկած գինը, այսինքն, պարզ էր, որ նա տիրապետում էր ողջ տեղեկատվությանը՝ այդ մրցույթի եւ ծրագրի մասին»,- նախաքննական ցուցմունքում ասել է վկան՝ վիճելի դրվագի մասով:

Վկան նաեւ ասում է, որ ինքը չգիտի, թե «Ֆլեշ» ընկերությունն ի՞նչ գին է ներկայացրել, բայց վստահ է, որ ավելի բարձր գին է առաջարկած եղել, այլապես ինչո՞ւ Յաշա Խաչատրյանը պետք է իրենց զանգահարեր:

Եղիշե Վարդանյանը հայտարարեց, որ Յաշա Խաչատրյանի եւ Սեւան Քոչարյանի զրույցի մանրամասները իրեն Սեւանն է պատմել, ինքը «Յաշային դեմքով էլ չի ճանաչել»: Մեղադրողը տարակուսեց՝ ցուցմունքից տպավորություն է, որ ինքը լսել է խոսակցությունը: Վկան պնդեց, որ Սեւան Քոչարյանը բարձրախոսով չի խոսել, իսկ թե ինչի՞ վրա են հիմնված ցուցմունքում արված իր դատողությունները, թե այդ խոսակցությունից հետո իրենց պարզ դարձավ, որ իրենց խաբել են, չի կարող ասել:

Նա պնդեց, որ քննիչը իրեն ցուցում չի տվել, ցուցմունքում իր խոսքերն են. «Քննիչը ինչ հարց տվել է, պատասխանել եմ: Ես ըտենց եմ պատկերացնում, որ էդ ժամանակ, Սեւնի ասելով, մեր տված գինը շատ լավ գին է, դրա հիման վրա էլ դատողություններ եմ արել»:

Վկան չկարողացավ նաեւ հստակ պատասխան տալ հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ մրցույթին մասնակից մյուս ընկերությունները ակնկալել են շահույթ՝ մեկ լիտրի դիմաց՝ 12-15 դրամ, մինչդեռ իրենք՝ 30-40 դրամ: Միայն պնդեց, որ առաջարկն արվել էր հաշվարկների հիման վրա, իսկ հաշվարկներն արել էր Սեւան Քոչարյանը:

Վկան հայտարարեց նաեւ, որ մրցույթում հաղթելու պարագայում, ներկրման համար անհրաժեշտ ֆինանսական հարցերով պետք է ինքը զբաղվեր, մյուս հարցերով՝ Սեւան Քոչարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ