Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՖՈՏՈ․ Դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն՝ Բերդ քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց բանակի օրվան նվիրված Դրոշի բարձրացման արարողությունը, որը տեղի ունեցավ Բերդի «Սորաններ» դենդրոպարկում, նպատակ ուներ ոչ միայն մեկ անգամ ևս ընդգծել Հայոց բանակի կարևորությունը, այլ նաև սահմանամերձ Տավուշը դարձնել էկոտուրիզմի, էկոկրթության հրաշալի մի անկյուն։ Արարողությանը, որպես հատուկ հյուրեր մասնակցում էին Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, որն իր ելությում չափազանց կարևորեց նմանօրինակ հայրենասիրական նախաձեռնությունները և հույս հայտնեց, որ սա առաջին քայլը կարող է լինել հետագա խոշոր իրադարձությունների՝ այս տարածաշրջանում։

Միջոցառման սկիզբն ազդարարվեց հայոց օրհներգով և Բերդի գնդի գնդերեց Հովհաննես սակավագ Ավետիսյանի աղոթքով և ոգեկոչման խոսքով։ «Ես պատիվ ունեմ այսօր ներկայացնելու հայոց բանակը, որի խորհրդանշական օրվա առիթով էլ այսօր այստեղ ենք։ Չնայած մեր երկրի վերջին շրջանի պարտություններին, ողբերգական դեպքերին՝ մեծ հպարտությամբ ենք բարձրացնելու այս դրոշը, որովհետև դեռևս սահմանին կանգնած են մեր զինվորները և անկախ բոլոր դժվարություններից իրենք իրենց խնդիրն են իրականացնում», իր խոսքում նշեց Հովհաննես սարկավագը։

Ներկաներին ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որի անմիջական ջանքերով էլ տեղի է ունեցել այս միջոցառումը։ «Ես հույս ունեմ և նաև հավատում եմ, որ այս նախաձեռնությամբ՝ սրբազան Եռագույնի բարձրացմամբ կավարտվեն մեր երկրի համար դժվար ժամանակները, այսուհետև մենք պետք է կարողանանք թևակոխել մի շրջան, որտեղ արարելու, զարգանալու, բարիք ստեղծելու հնարավորություն կունենանք։ Հայոց բանակը մեր սրբության սրբոցն է, հպարտությամբ ենք շնորհավորում նրա տոնը։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ մեր Եռագույնը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայոց բանակը», իր ելույթում նշեց Լևոն Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով նաև Բերդ համայնքի բնակիչներին՝ իրենց ակտիվ մասնակցության համար։

Միջոցառման գեղարվեստական մասը, որտեղ ընդգրկված էին ազգային և հայրենասիրական երգեր և կատարումներ, ապահովել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը, որի հետ վերջերս «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը համագործակցության հուշագիր էր ստորագրել։

Վերջում, ազգային օրհներգի և ծափահարություների ներքո Լևոն Գաբրիելյանը և Բերդի «Սորաններ» դենդրոպարկի տնօրեն Արտակ Չիլինգարյանը բարձրացրին Հայոց եռագույնը, որը հզորությամբ ծածանվելու է Տավուշ աշխարհի այս բարձրադիր վայրում։