Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Ֆուտբոլասերը ոտքով հարվածել է գնդակին և հազվագյուտ վնասվածքի պատճառով հաշմանդամ է դարձել

Անգլիայում 37-ամյա Դեյլ Էլիոթը ֆուտբոլ խաղալուց հետո հաշմանդամ է մնացել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Ֆուտբոլասերը գնդակին հարվածելուց հետո ուժեղ ցավ է զգացել ոտքի հատվածում։ Նա շտապօգնություն է կանչել և տեղափոխվել հիվանդանոց։

Էլիոթը պատմել է, որ յոթ ժամ անցկացրել է վնասվածքաբանության բաժանմունքում, իսկ հետո վեց ժամ շտապօգնության սենյակում, սակայն նրա բողոքները սկզբում լուրջ չեն ընդունվել: Նա նշել է, որ այդ ընթացքում ոտքը ուռել էր, իսկ վիճակը գնալով վատանում էր։

«Չեմ կարող նկարագրել այդ ցավը: Բժիշկներն ինձ տվեցին մորֆինի երկու չափաբաժին, որը նույնիսկ արդյունք չտվեց։ Հետո, կարծում եմ, նրանք հասկացան, թե որքան լուրջ է ամեն ինչ»,- հիշում է տղամարդը:

Սակայն այս ամենից հետո Էլիոթը ստիպված էր սպասել ևս ութ ժամ, նախքան նրան կհետազոտեին: Բժիշկների եզրակացության համաձայն՝ պացիենտի մոտ առաջացել է կոմպարտմենտային համախտանիշ, որը բնորոշում է մի վիճակ, երբ մարդու վերին կամ ստորին վերջույթների միջմկանային տարածություններում տարբեր պատճառներով առաջանում է գերբարձր ճնշում, որը բերում է հյուսվածքային սնուցման խանգարման։

Վերջույթի ներսում ճնշումը թուլացնելու և ցավը թեթևացնելու համար վիրաբույժները կտրվածքներ են արել տղամարդու ոտքի վրա։ Սակայն սրանով խնդիրը չի լուծվել։ Էլիոթին մի քանի անգամ վիրահատել են։

Տղամարդը ևս երեք վիրահատություն է տարել մեկ այլ հիվանդանոցում, որի ընթացքում վիրաբույժներին հաջողվել է հասնել դրական արդյունքի։ Վերջույթում ճնշումը հաջողվել է կարգավորել, և Էլիոթը սկսել է ապաքինվել։ Նա հիվանդանոցում կմնա երեք ամիս։ Էլիոթը պատմել է, որ այլևս երբեք չի կարողանա իր երեխաների հետ ֆուտբոլ խաղալ, մեքենա հեծանիվ քշել։