Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գագիկ Ղազինյան․ «Լրջագույն խնդիրներ ենք նկատել տուգանքների, տույժերի և տուժանքների կիրառման պրակտիկայում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

«Առավոտի» հարցերին պատասխանում է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։

-Վերջերս տեղեկացանք, որ հիմնադրել եք իրավաբանական ընկերություն, այսինքն` գիտակրթական ոլորտին զուգահեռ, Դուք պատրաստվում եք գործունեություն ծավալել նաև իրավաբանական ծառայությունների շուկայում: Որո՞նք են այն պատճառները, որ դրդեցին կայացնել այդ որոշումը:

-Շուրջ չորս տասնամյակ աշխատելով իրավաբանական կրթության և գիտության ոլորտում՝ իմ բոլոր ջանքերը ներդրել եմ բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում, որոնք հետագա իրենց գործունեության ընթացքում պետք է ծառայեցնեին իրենց գիտելիքները իրավունքի գերակայության, օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների արդյունավետ պաշտպանությանը: Իսկ գիտական գործունեությունը պետք է ուղենիշային նշանակություն ունենար իրավակիրառ պրակտիկայի ընթացքում նշված սկզբունքների և արժեքների պաշտպանության համար: Սակայն, հետևելով իրավապահ համակարգի և դատարանների գործունեությանը, մեղմ ասած բավարարված չեմ դրանց արդյունավետությամբ, քանի որ իրավունքի կիրառման ընթացքում հաճախ ականատեսն ենք լինում իրավունքի քաղաքականացման, իրավունքի ընդհանուր սկզբունքների խեղաթյուրման և չարաշահման աչք ծակող երևույթների:

Իրավիճակը շտկելու համար կարևոր առաքելություն ունի փաստաբանական համայնքը, որն, ի պատիվ իրեն, հիմնականում բավական արդյունավետ գործունեություն է իրականացնում նշված խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: Սակայն փաստաբանական համայնքի ջանքերն առավելապես ուղղված են իրավական խնդիրների արդյունքում առաջացած հետևանքների վերացմանը, բայց ոչ դրանց կանխարգելմանը, ինչն իմ կարծիքով, բավարար չէ արդյունավետ իրավաբանական սպասարկում ապահովելու և հաճախորդի իրավական անվտանգության աստիճանը բարձրացնելու համար: Սա ես պայմանական կանվանեի «կանխարգելիչ իրավաբանություն», ինչի պահանջարկն իրականում շատ մեծ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ օրինակ` ՀՀ քր. օրենսգրքով հունվարի մեկից ուժի մեջ մտած իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտի ուժով իրավաբանական անձիք պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց անունից և ի շահ իրենց ֆիզիկական անձանց կողմից կատարած հանցանքը կանխելու համար:

-Ճի՞շտ ենք հասկանում, որ «Ղազինյան և գործընկերներ» իրավաբանական ընկերության գործունեության առանցքային ուղղությունը կանխարգելիչ «իրավաբանությունն» է:

-Ոչ միայն, ընկերությունների գործունեության իրավական համապատասխանությունը, անգլերենով այն կոչվում է compliance, շատ տարածված և զանգվածաբար կիրառվող մեխանիզմ է արևմտյան իրավական համակարգում, որն արդեն սկսել է լայնորեն կիրառվել նաև Ռուսաստանում: Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս կանխել ընկերությունների համար իրավական բնույթի խնդիրների առաջացումը, իսկ դրանց ի հայտ գալու պարագայում՝ առավել հեշտ և արագ լուծել դրանք հօգուտ հաճախորդի: Սա նաև կոչվում է բիզնեսի իրավական բարեվարքություն, ինչը, մի կողմից զգալիորեն նվազեցնում է իրավական ռիսկերը, մյուս կողմից լայն հնարավորություններ է բացում նոր միջոցներ և գործընկերներ ներգրավելու համար:

-Որո՞նք են, ըստ Ձեզ, այն համակարգային խնդիրները, որ նկատել եք ընկերության կարճատև գործունեության ընթացքում, որոնք պահանջում են ինստիտուցիոնալ և համակարգային լուծումներ:

-Շատ կարևոր հարց եք տալիս, հատկապես որ «Ղազինյան և գործընկերներ» իրավաբանական խորհրդատվական ընկերության առաքելությունը իրավաբանական ծառայությունների շուկայում նոր մշակույթի ձևավորումն ու համակարգաստեղծ գործունեություն իրականացնելն է: Մասնավորապես, լրջագույն խնդիրներ ենք նկատել տուգանքների, տույժերի և տուժանքների կիրառման պրակտիկայում, երբ ֆինանսական հետևանք առաջացնող տույժերը և տուգանքները կիրառվում են առանց դատարանի որոշման: Այս պրակտիկան համատարած կիրառվում է ոչ միայն հանրային իշխանությամբ օժտված մարմինների, այլ որ շատ մտահոգիչ է՝ նաև բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից, ինչի արդյունքում հարյուր հազարավոր ֆիզիկական և իրավաբանական անձիք կրում են լուրջ ֆինանսական և գույքային կորուստներ, իսկ նշված կազմակերպությունները ստանում են չարդարացված գերշահույթ:

ՀՀ Սահմանադրության 60 հոդվածի 4-րդ կետը հստակ սահմանում է, որ մարդը կարող է իր սեփականությունից զրկվել միայն դատարանի որոշմամբ, իսկ ֆինանսական միջոցները ևս հանդիսանում են մարդու սեփականությունը: Չնայած այն հանգամանքին, քաղաքացիաիրավական հարաբերություններում փոխադարձ տուգանքների և տույժերի նշանակումը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, սակայն լուրջ հիմքեր ունեմ կարծելու, որ քաղ. օրենսգրքի նշված դրույթներն առերևույթ հակասություններ ունեն ՀՀ Սահմանադրության մի քանի դրույթների և իրավունքի ընդհանուր սկզբունքների հետ: Այս հարցը դարձել է մեր իրավաբանական ընկերության հատուկ ուշադրության առարկա և մենք պետք է ձգտենք հասնել մասնավոր անձանց կողմից ֆինանսական հետևանք առաջացնող տույժերի և տուգանքների նշանակման և գանձման ոչ իրավաչափ պրակտիկայի վերացման: Սա բավականին բարդ ու երկարատև գործընթաց է և պահանջում է ակադեմիական բնույթի խորքային հետազոտություն, հետևողական աշխատանք և մասնագիտական նվիրում: