Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Գևորգ Դանիելյան. Մինչդեռ Հունգարիան ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար

Արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, անդրադառնալով քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնած Հունգարիայի հետ Հայաստանի հարաբերությունների վերականգնմանը, գրում է.

«Իհարկե ամենահրատապ հարցը եղել և մնում է Արցախի և դրանով թելադրված Երկրի անվտանգության խնդիրը։ Սակայն այս խնդիրը համարժեք ընկալելու համար պակաս կարևոր չէ նաև հարակից հարցերի վերլուծությունը։ Մասնավորապես, սխալ են նրանք, ովքեր պնդում են, թե Հունգարիայի առնչությամբ ոչինչ չի փոխվել, անգամ կառավարությունը չի փոխվել, ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք վերականգնում դիվանագիտական հարաբերությունները։

Մինչդեռ՝ էապես փոխվել է. նախ, Հունգարիան այն ժամանակ արդարանում էր, որ չէր կարող հաշվարկել, որ ադրբեջանը անհապաղ ներում կշնորհի սաֆարով ռամիլին և կհերոսացնի, մինչդեռ՝ հիմա ոչ միայն գիտի այդ մասին, ոչ միայն ՄԻԵԴ֊ի 2020 թ. մայիսի 26-ի որոշմամբ հաստատվել է Հունգարիայի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման փաստը, այլև վերջինս որևէ կերպ չի արձագանքել, ներողություն չի խնդրել հակակոնվենցիոն արարքի համար և անգամ հարցապնդմամբ չի դիմել ադրբեջանին։  

Ի դեպ, ՄԻԵԴ֊ի որոշումը ևս խնդրահարույց է, հենց այն, որ իբր Հունգարիան չէր կարող իմանալ, որ ադրբեջանը պատրաստվում է ներում շնորհել սաֆարովին, մեղմ ասած, հեռու է իրականությունից։

Միայն ինքս պաշտոնապես երեք անգամ հանդիպել եմ այդ երկրի արդարադատության նախարարին, ինչես նաև գլխավոր դատախազին և փոխանցել ծավալուն պաշտոնական տվյալներ, որոնք միանշանակ վկայում էին ադրբեջանի իշխանությունների կողմից հենց այդպիսի ուղղակի մտադրության մասին, անգամ փոխանցել եմ ադրբեջանի ՄԻՊ֊ի՝ սաֆարովին արդարացնելու կոչ բովանդակող պաշտոնական հաղորդագրությունը։ Այդ փաստաթղթերը հանձնելու մի դրվագը ցուցադրվել է նաև իրենց մեդիաալիքներով։ Տեղյակ եմ, որ իմ պաշտոնանկությունից հետո իմ գործընկերները անհրաժեշտ պատասխանատվությամբ շարունակել են նույն գործը։ Վերջին հաշվով, Հունգարիայի վարչապետը ինքն  է խոստովանել, որ դա եղել է ընդամենը մի ֆինանսական աջակցության գործարքի բաղադրիչ»։