Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

«Գյումրու տրանսպորտի հետ կապված՝ մեզ ուղղված մեղադրանքներն անլուրջ են ու անադեկվատ»․ «Բալասանյան դաշինք»-ի ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ինչպես տեղեկացրել ենք, սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված Գյումրու նոր միկրոավտոբուսներից 13-ը մտցրել են երթուղի, նորացրել են քաղաքի ծանրաբեռնված երթուղիներից մեկը՝ թիվ 25-ը, որը Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասը կապում է քաղաքի կենտրոնական հատվածին։ Առաջիկայում կնորացնեն նաև մյուս երթուղիները՝ շահագործման հանձնելով նոր միկրոավտոբուսների մնացած խմբաքանակը։

Դրանք ընդհանուր 63-ն են, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, այս թիվը բավարար չէ ողջ քաղաքին սպասարկելու համար, առնվազն անհրաժեշտ է 85-90-ը։

Aravot.am-ը Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության ղեկավար Տիգրան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ լուծում են տեսնում միկրոավտոբուսների նոր խմբաքանակի ձեռք բերման համար, և մի՞թե  նորաստեղծ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն վնասներով է աշխատելու, շահույթ չի հետապնդելու, որ խոսվում է վերջինիս գործունեությունը Գյումրու բյուջեից սուբսիդավորելու մասին։

Մեր զրուցակիցը նախ նշեց, որ նոր խմբաքանակ ձեռք բերելու համար դիմել են կառավարության այս տարվա սուբվենցիոն ծրագրին, բացի այդ, ըստ նրա, հաշվարկներ են կատարել, համաձայն որոնց՝ «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն իր գործունեության ընթացքում ստացած շահույթի հաշվին կկարողանա ամեն տարի նոր միկրոավտոբուսներ ձեռք բերել ու պարկը մշտապես թարմացնել։

Տիգրան Հովհաննիսյանը նաև հիշեցնում է, որ նոր միկրոավտոբուսները երաշխիքի մեջ են, վերանորոգման ծախսեր առայժմ չեն պահանջում, Գյումրու փողոցներն էլ հերթով ասֆալտապատվում են, որը բարենպաստ պայման է ստեղծում տրանսպորտային միջոցների վրա քիչ ծախս կատարելու։

«Մեր հայտն այս տարվա սուբվենցիոն ծրագրի մեջ արդեն ներառված է․ 10-20  նոր մեքենա ձեռք կբերենք։ Բայց տեսեք, թե որն է մեր դիրքորոշումը, մենք հաշվարկներ կատարել ենք, պարկը եթե տարեկան մոտ  80-90 միլիոն դրամ գումար շահույթ ունենա, ապա լիարժեք հնարավորություն կունենա նոր մեքենաներ գնելու, այսինքն՝ պարկը մշտապես թարմացնելու»,-ասաց նա։

Նա նաեւ անդրադարձավ իրենց ուղղված մեղադրանքներին. «Վերջին շրջանում շատ է խոսվում Գյումրու տրանսպորտի մասին, մամուլով, սոցիալական գրառումներով հնչում են մտքեր, թե «Բալասանյան դաշինք»-ը դեմ է կանգնում գումար տրամադրել քաղաքի տրանսպորտի աշխատանքը բարելավելու համար։ Մասնավորապես, նման գրառումներ է կատարում ավագանու անդամ Արման Բաղդասարյանը, որը բացարձակ անտեղյակ է, օդից վերցրած գումարներից է խոսում, չգիտես ինչ ձևով է հաշվարկել, որ եթե 500-600 միլիոն դրամ աջակցություն լինի, Գյումրու տրանսպորտը լավ կաշխատի։  Ընդ որում` ասեմ, որ նրա խոսքը չի վերաբերում միանվագ գումարին։  Նրա մեղադրանքները՝ ուղղված մեր դաշինքին, անլուրջ են, անադեկվատ․ ավագանու մյուս խմբակցությունների հետ հարցը քննարկել ենք, մեր հաշվարկներն ու զարգացման տեսլականը ներկայացրել, բոլորը համակարծիք են մեր հետ։ Բա՛վ է «Բալասանյան դաշինք»-ին անհիմն մեղադրել՝ օդում լուրեր պտտեցնելով,  թե դեմ է քաղաքի տրանսպորտի լավ աշխատանքին»,- վրդովվեց «Բալասանյան դաշինք»-ի ղեկավարը։

Նա մանրամասնեց՝ որ ավագանու մյուս խմբակցությունների հետ քննարկման ժամանակ, վերջիններս սկզբնական շրջանում հաշվարկներ են ներկայացրել, թե Գյումրու համայնքային բյուջեից տարեկան 300-400 միլիոն դրամ գումար սուբսիդիա պիտի հատկացվի, որ քաղաքում կարողանան նորմալ տրանսպորտ ունենալ։

«Բացի այն, որ մենք ապացուցել ենք՝ քաղաքը պատրաստ չէ այդ գումարը տրամադրելու, կետ առ կետ մատնանշել ենք, թե ինչ ձևի պիտի կազմակերպենք «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատանքը, որ եթե տարեկան 80-90 միլիոն դրամ գումար շահույթ չհետապնդի, գոնե անվնաս աշխատի։ Բայց նորից եմ կրկնում, հնարավոր է շահույթ ունենալ այդ ՓԲԸ-ով ու նոր մեքենաներ ձեռք բերել։ Չմոռանանք, որ 7-8 տարի հետո նորից այդ խնդրի առաջ ենք կանգնելու, մեր ձեռք բերած մեքենաների շահագործման վերջնաժամկետը 10 տարի է, վերջ առաջ պիտի փոխենք այդ մեքենաները», -ասում է Տիգրան Հովհաննիսյանը։

Մեր դիտարկմանը, թե՝ ինչի՞ց ելնելով են որոշել, որ վնասով պիտի աշխատի տրանսպորտը, մեր զրուցակիցն ասաց․ «Տեսեք, իրենց հաշվարկով՝ հաստիքացուցակը, շահագործման ծախսերը  տարեկան մոտ 300 միլիոն դրամի կարգի գումար պիտի տանի բյուջեից, բայց մեքենաները նոր են ձեռք բերված սուբվենցիոն ծրագրով, դեռ շահագործված էլ  չեն, մեր դաշինքի կարծիքով՝ դեռ 2-3 տարի ծախսեր  ընդհանրապես չեն պահանջի, ընթացիկ ծախսեր, իհարկե, կարող են լինել։

Կարելի է ենթադրել, որ առաջիկա մի քանի տարում մեծ շահույթ կստանա պարկը, որից հետո նոր քիչ-քիչ ծախսերը կավելանան՝ մեքենաների հնանալուն զուգընթաց։ Նշեմ  նաև, որ մեքենաները դեռ երաշխիքի մեջ են։ Քաղաքում ակտիվ ասֆալտապատման աշխատանքներ են տարվում, փողոցների վիճակը զգալիորեն փոխվել ու փոխվում է, սա նորից հնարավորություն է տալիս, որ նոր մեքենաները ուշ շարքից դուրս գան։ Կարելի է շատ երկար՝ 4-5 տարի, ծախսեր չկատարելով մեքենաների վրա, դրանք շահագործել։

Բնական է, հասկանում ենք, տեխնիկա  է, ինչ-որ պահից սկսած՝ կփչանա, այդ դեպքում պիտի ծախսեր կատարել, եկամուտները կիջնեն, բայց, քանի դեռ սկզբնական շրջանում խնդիրներ չկան, պարկը պիտի թարմացնել նոր մեքենաներով։ Ենթադրենք 8 տարի հետո պիտի գնած լինենք այնքան մեքենա, որ մեր ունեցածի ժամկետը լրանալուն պես՝ շահագործման հանենք նորերը։ Սա՛ է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չենք տեսնում։

Իսկ 300 միլիոնը իրոք ծանր կնստի մեր բյուջեի վրա, մեր ազատ միջոցները տարեկան մոտ 800 միլիոն դրամ են կազմում, որով տարբեր աշխատանքներ ենք կատարում քաղաքում՝ փողոցների ասֆալտապատումից սկսած մինչև զբոսայգիների, կտուրների, մանկապարտեզների վերանորոգում։  Այն, ինչ արվում  է Գյումրի քաղաքում, ազատ միջոցների հաշվին է արվում, այսինքն՝ քաղաքը պատրաստ չէ էսօր 300 միլիոն տրամադրելու միմիայն տրանսպորտին։

Քաղաքապետը ոչ թե գումար չի տալիս նրա համար, որ տրանսպորտն անհրաժեշտ չէ կամ պետք չէ, որ տրանսպորտին տրամադրենք,  այլ հաշվարկները հստակ ցույց են տալիս, որ դրա անհրաժեշտությունն առայժմ չկա։ Պիտի խելամիտ լինենք, տրանսպորտի աշխատանքը ճիշտ կազմակերպենք, որ բյուջեից գումար չտրամադրվի։ Մենք չենք ասում՝ տրանսպորտը կարևոր չէ, կտուրն է կարևոր, ո՛չ, բոլորը կարևոր են, բայց եթե կարելի է կազմակերպել այնպես, որ տնտեսենք գումարը, մի բան էլ շահույթ ստանանք տրանսպորտից, ինչո՞ւ չպիտի գնանք այդ ուղղությամբ, որ հասցնենք ասֆալտապատել, կտուրները վերանորոգել, զբոսայգիները, պուրակները կառուցել, գեղեցկացնել մեր քաղաքը»։

Մեր զրուցակիցը նշեց, որ մասնագիտական քննարկումներ ևս եղել են, ինքն անձամբ է մասնակցել, զրուցել են թե՛ փոխքաղաքապետերի, թե՛ բոլոր մյուս խմբակցությունների ղեկավարների, և թե՛ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավորների հետ։ Բոլորը կիսել են «Բալասանյան դաշինք»-ի կարծիքը, տեսակետը, ասել են, որ այս տարբերակով գնալը ճիշտ է։

«Ինչպես արդեն ասի՝ ավագանու անդամներ կան, բացարձակ անտեղյակ  լինելով՝ օդից թվեր են գրում, գրառումներ են կատարում, որի հետ համակարծիք  չեն թե՛ իրենց կուսակից ընկերները, թե՛ մյուս խմբակցությունների ղեկավարները, չգիտես այդ տղան նման թվեր որտեղի՞ց է վերցնում, ինչո՞ւ է իրեն իրավունք վերապահում հանիրավի մեղադրանքներ հնչեցնելու։  Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ քաղաքում ունենանք այն տրանսպորտը, որն ուզում ենք, բայց՝ քիչ ծախսերով։ Կարող ես մեծ գումարով անել այն, ինչ ուզում ես, բայց դրանից միայն քաղաքն է տուժում»,- ասում է «Բալասանյան դաշինք»-ի ղեկավարը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ