Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Համակարգի ներդրմամբ Հայաստանում գրանցվող հիվանդությունների քանակը կմեծանա, և առողջապահական համակարգի ծախսերը կմեծանան

Lragir.am-ի զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արտաշես Թադևոսյանը

Պարոն Թադևոսյան, կառավարությունը հաստատեց Առողջապահության պարտադիր ապահովագրության հայեցակարգը։ Նախատեսվում է համակարգի ներդրման աշխատանքներն սկսել այս տարվանից, և արդեն 2027 թվականին կներդրվի պարտադիր ապահովագրությունը։ Ի՞նչ կփոխի այս համակարգի ներդրումը, հայաստանյան համակարգի պայմաններում այն արդյունավետ կգործի՞։

Սա անհրաժեշտ համակարգ է ամբողջ աշխարհի համար, այսօր ոչ մի այլ բան դեռ չեն հնարել։ Համակարգի լավն ու վատը երևում է պրակտիկ իրագործումից, թե իրականում ինչպե՞ս են այն իրագործում, որովհետև բարդ գործընթաց է։ Շատ ընդդիմացողներ են լինելու այս համակարգին, որովհետև մարդը սովոր չէ ավել կոպեկ վճարելու, իսկ դա լրացուցիչ գումար է, մարդիկ պետք է վճարեն լրացուցիչ հարկեր։ Չեմ կարող ասել, թե ինչպես այն կգործի Հայաստանում։ Միանշանակ է, որ համակարգի ներդրմամբ Հայաստանում գրանցվող հիվանդությունների քանակը կմեծանա, և առողջապահական համակարգի ծախսերը կմեծանան։ Թող ոչ ոք չկարծի, որ դրանով համակարգի ծախսերը նվազելու են, հակառակը՝ ավելանալու են։ Այսինքն՝ հիմա փող չկա, մարդը բժշկի չի գնում, ապահովագրության դեպքում փող եղավ, մարդը վազելով կգնա բժշկի։ Եվ հետևաբար, հիվանդությունները կբացահայտվեն։

Եթե խոսենք Հայաստանում տարածված հիվանդությունների մասին, ի՞նչ իրավիճակ է, և արդյոք ապահովագրության ներդրմամբ նաև որոշ չափով կկանխարգելվեն այդ հիվանդությունները։

Կա կառավարելի ռիսկի գործոններ և անկառավարելի ռիսկի գործոններ հասկացությունը։ Օրինակ՝ եթե տարիքը ինչ-որ հիվանդության համար ռիսկի գործոն է, դա անկառավարելի է, բայց եթե ծխելն է ռիսկի գործոն, դա կառավարելի է։ Եթե խոսքը կառավարելի ռիսկի գործոնների մասին է, ցանկացած հիվանդություն, անկախ նրանից, թե որ երկրում է գրանցվում, կարելի է կանխարգելել և պետք է այդ ուղղությամբ աշխատել։ Հայաստանի այսօրվա առողջապահական խնդիրները 90 տոկոսով կառավարելի ռիսկի գործոնի հետ է կապված։ Տարածվածությամբ, մահվան պատճառներով, նաև առողջապահական բեռի առումով սրտանոթային հիվանդություններն առաջին տեղում են, քաղցկեղը՝ երկրորդ, շնչառական համակարգի հիվանդությունները՝ երրորդ։ Քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների մեծ մասը կապված են ծխելու, ցածր ֆիզիկական ակտիվության ու սխալ սնվելու հետ։ Շնչառական համակարգի հիվանդությունները կապված են օդի աղտոտվածության, սխալ ապրելակերպի հետ։ Այսինքն՝ եթե մարդիկ կարողանան աղի, ծխախոտի օգտագործումը սահմանափակել, ֆիզիկական ակտիվությունը մեծացնեն, այս հիվանդությունները կկանխարգելվեն։ Բայց առողջապահական ապահովագրությունը չի ներդրվում հիվանդությունները կանխարգելելու համար, դրա նպատակն է ապահովել բժշկական ծառայությունների մատուցումը։ Կանխարգելելու համար շատ այլ ծրագրեր պետք է անել՝ սկսած դպրոցից։

Հայտարարվեց, որ պարտադիր ապահովագրության վճարը ոչ թե մարդու եկամուտներից տոկոսի տեսքով կպահվի, այլ տարվա կտրվածքով կլինի հաշվարկված վճարը, որը կբաշխվի ամիսների վրա։ Արդյոք սա արդյունավետ մեխանիզմ է՝ հաշվի առնելով այն, որ տարբեր մարդիկ տարբեր եկամուտներ ունեն։

Դա շատ սխալ մոտեցում է։ Դա կարող էր գործել, եթե եկամուտները երկրում բաշխված լինեին քիչ թե շատ հավասարաչափ։ Ջինի գործակիցը ցույց է տալիս երկրում առկա անհավասարությունը։ Ջինի գործակիցը հավասար է մեկի, եթե ամբողջ եկամուտները բևեռացված են, և զրո է, երբ հավասար բաշխված են։ Մեր գործակիցը բավական բարձր է, եթե չեմ սխալվում 0,8-ի շրջակայքում է։ Այս պայմաններում սոցիալապես արդար կլիներ, եթե եկամուտներից տոկոսի տեսքով պահվեր այդ գումարը։ Բայց այստեղ խնդիր կա, որպեսզի դա կարողանանք կիրառել, մեր տնտեսությունը պետք է ստվերից դուրս գա։ Մենք այսօրվա պայմաններում չենք կարող ապահովել դա։ Այսօր շատ կազմակերպություններ «սև դրամարկղով» են աշխատում, աշխատակիցների եկամուտները չեն համապատասխանում իրականում ստացվող աշխատավարձի գումարին։