Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

Հանձնվելու համար համախմբում պետք չէ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին միշտ հետաքրքիր է լսել՝ նրա խոսքը գրագետ է, գեղեցիկ, պատմական եւ այլ զուգահեռներով համեմված: Վերլուծել եւ մեկնաբանելը նույնպես, պատկերացրեք, հեշտ է, որովհետեւ դա քաղաքական տեքստ է, եւ շեշտադրումները հստակ են արված: Ոչ մի թեզի հետ չեմ պատրաստվում վիճել, պարզապես փորձեմ պատկերացնել դրանց գործնական նշանակությունը:

Եկեք զուտ տեսականորեն ընդունենք Տեր-Պետրոսյանի հիմնական թեզն այն մասին, որ Հայաստանը պետք է օր առաջ ստորագրի «ցավագին զիջումներ» պարունակող փաստաթուղթը, ավելի պարզ ասած՝ հանձնվի: Եկեք դիտարկենք, թե ինչ քայլ է դրա համար առաջարկում Առաջին նախագահը: Նա առաջարկում է, որ հավաքվեն նախկին երեք նախագահները եւ ներկայիս վարչապետը, վերջինս պատմի, թե «խաղաղության պայմանագրի» ինչ տարբերակներ են իրեն առաջարկվել, եւ հետո երկրի նախկին ղեկավարները նրան հուշեն, թե որ տարբերակն է պակաս ցավագին: Ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վեր կկանգնեն իրենց ամբիցիաներից ու դրան կհամաձայնեն, ենթադրենք անգամ Փաշինյանը, որի իշխանությունը հիմնված է Երկրորդ եւ Երրորդ նախագահներին մերժելու վրա, նույնպես ընդունելի կհամարի նման խորհրդակցությունը: Ի՞նչ է դա տալիս գործնական առումով: Այդ խորհրդակցությունը բարոյական աջակցությո՞ւն կլինի ներկայիս վարչապետի համար:

Իրականում հանձնվելու համար նման գործընթաց բացարձակապես պետք չէ: Այն անձը, որն իրավասու է ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիրը (իսկ տվյալ դեպքում դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է), պետք է դա անի, եթե գտնում է, որ այլ ելք չկա: Հայաստանում խորհրդարանական կառավարում է. 2021 թվականին ընտրություններին քվեարկած քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ձայն է տվել Փաշինյանի ղեկավարած ուժին: Հետեւաբար, վարչապետը լիազորություն ունի միջազգային փաստաթղթով գրանցելու մեր երկրի պարտությունը, եւ այդ պայմանագիրն, անշուշտ, խորհրդարանական մեծամասնությունը միաձայն կվավերացնի: Ոչ մեկի համաձայնությունը ստանալու, ոչ մեկի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը Փաշինյանը չունի: Հանձնվելու համար ոչ մի համախմբում, ոչ մի ազգային միասնություն, ոչ մի «հավաքական ուժ» պետք չէ: Համախմբումը պետք է թշնամուն դիմակայելու, պայքարելու, պետությունն ու բանակն ուժեղացնելու համար: Բայց եթե իշխանությունը (կրկնեմ՝ լեգիտիմ ընտրված իշխանությունը) գտնում է, որ թշնամուն հնարավոր չէ դիմակայել, այդ դեպքում համախմբման անհրաժեշտությունն էլ չկա:

……Մի մասնավոր հարցում, այնուամենայնիվ, ինձ թույլ կտամ առաջին նախագահի հետ չհամաձայնել: Ես վստահ չեմ, որ մենք որպես ազգ կայացել ենք («ազգ ենք դարձել») միայն 20-րդ դարում՝ Խորհրդային Հայաստանի պայմաններում: Չնայած, իհարկե, հնարավոր չէ հերքել կոմունիստների անցկացրած՝ Հայաստանի արդիականացման պատմական նշանակությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ