Armenia
This article was added by the user . TheWorldNews is not responsible for the content of the platform.

ՀԱՊ-ում պահվում է անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբանկարը

Սուրբ Սարգսի կերպարը հանդիպում է հայ արվեստի գրեթե բոլոր ճյուղերում՝ քանդակագործության, որմնանկարչության և հատկապես մանրանկարչության մեջ:

 Հայաստանի ազգային պատկերասրահում պահվում է անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» սրբանկարը։

Պատկերասրահից մանրամասնում են, որ նկարում պատկերված է Սուրբ Սարգիսն իր որդու՝ Մարտիրոսի հետ, սպիտակ նժույգի վրա:


Անհայտ հայ նկարիչ, 19-րդ դար, Սուրբ Սարգիս, կտավ, յուղաներկ։

Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է: Նա ապրել է 285-337 թվականներին, իր որդու՝ Մարտիրոսի և այլ քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Ավելի ուշ Մեսրոպ Մաշտոցը Սուրբ Սարգսի մասունքը բերել է Հայաստան, ամփոփել Կարբի ավանում, որտեղ նրա պատվին կառուցվել է եկեղեցի։

2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր։ Այսօր Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Այս տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Ավանդույթի համաձայն, այս տոնին երիտասարդները դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: